ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Չքաղաքականացնե՛լ բուհերը․ նոր օրենքը սահմանափակո՞ւմ, թե՞ ընդլայնում է ազատությունը

Հայաստանի համար ռազմավարական ուղղություններից մեկը՝ բարձրագույն կրթությունն ու գիտությունը ամբողջովին վերանայող, փոփոխող ու համակարգող օրենքի նախագիծն իր 7 գլուխներով ու 42 հոդվածներով ուսումնասիրելու ու քննարկելու համար տրամադրված երկշաբաթյա ժամկետը վաղուց սպառվել է։ Բայց օրենքի առանցքային բնույթը դեռ «պարտադրում» ու բարձրացնում է շարունակական անհամաձայնություններ։

Ի թիվս այլ կետերի՝ օրենքը վերափոխում է բուհերի կառավարման ձևը, քննարկողների մի մասի կարծիքով՝ լայնացնելով ազատության շրջանակը, մյուս կողմի կարծիքով՝ սահմանափակելով այն։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արսեն Թավադյան․

«Մեր Սահամանադրությունը երաշխավորում է բուհական ինքնավարությունը, որն ունի մի քանի կոմպոնենտ։ Առաջինը գիտական ինքնավարությունն է, երկորդը՝ առարկաներ ընտրելու ազատությունը և այն հիմնական ազատությունը, որը խախտվում է այս օրենքով, կառավարման ազատությունն է։ Համալսարանները պետք է կառավարվեն ինքնուրույն»։

Ըստ օրենքի նախագծի՝ բուհի կառավարման հիմնական մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը, Ակադեմիական խորհուրդը և Կառավարման գործադիր մարմինը՝ ռեկտորը։ Այս պահին գործող կարգավորմամբ՝ համալսարանի կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականցնող մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, կազմվում է 25 տոկոս համամասնությամբ՝ հիմնադրի՝ պետության անունից առաջադրված, լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրված, պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված և ուսանողության կողմից ընտրված անդամներով։

Ցանկը՝ ԵՊՀ պաշտոնական կայքից․ 13.11.24

Առաջարկվող փոփոխությամբ խորհրդի կազմի 50 տոկոսին կառաջարկի ԿԳՄՍՆ-ն, մյուս 50-ին՝ ուսանողներն ու դասախոսները։

«Նախկին նախագծի մեջ, որը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, «կարմիր թելով» անցնում է, որ այդ նախագծով, ըստ էության, պետությունը կարողանում է տոտալ վերահսկողություն ունենալ համալսարանների բոլոր մարմինների նկատմամբ՝ թե՛ ռեկտորի, թե՛ Ակադեմիական խորհրդի, թե՛ Հոգաբարձուներ խորհրդի ձևավորման վրա։ Հիմա էլ նույն բանն է պահպանվել, որևէ տրաբերություն չկա»,- ասում է Արսեն Թավադյանը։

Օրենքի նախագիծը շրջանառվում էր նաև 2021-ին, սակայն Սահմանադրական դատարանը որոշել էր, որ այն չի համապատասխանում Մայր օրենքի՝ «Բուհերն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը» պահանջին։

Կարդացեք նաև- ԿԳՄՍ-ն հրաժարվում է մեկնաբանել ՍԴ որոշումը․ դատարանը օրենքը հակասահմանադրական ճանաչեց

Այժմ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը պնդում է՝ բուհական ազատությունը սահմանափակող որևէ դրույթ նախագծում չկա․

«Սահմանափակումներ են դրված, որ այդ մարդիկ չլինեն կուսակցական, չլինեն քաղաքական, հանրային կամ համայնքային պաշտոններ զբաղեցնող անձինք։ Քննադատություն կարող է լինել, որովհետև միշտ էլ կարող ես ասել, որ ցանկացած անձին առաջադրողը որևէ ազդեցություն ունի տվյալ անձի վրա, բայց էդ քննադատությունը նաև հակառակ կողմն ունի․ մյուս 50 տոկոսն էլ բուհի առաջադրած անձինք են, նույն հակադարձ տրամաբանությամբ էլ իրենք չեն կարող անաչառ լինել։ Նաև այդ հարցերը փարատելու համար է օրենքով սահմանվում, որ ցանկացած անդամ հանրային «ծիսակարգով» երդվում է, որ Հոգաբարձուների խորհրդում աշխատի՝ ելնելով բուհի լավագույն շահերից և այլն և այլն»։

Նրանք կերդվեն լինել անաչառ՝ անկախ նրանից, թե ում կողմից են նշանակվել։ Նախագծի հեղինակները չեն հասկանում այն քննադատներին, որոնք ենթադրում են, որ պետության այդ պահի ներկայացուցիչը՝ իշխանությունը, չպիտի միջամտի բուհի կառավարմանը․

«Իշխանություն չասենք, պետություն ասենք․ այս պարագայում մի քիչ ավելի հեշտ կարելի է մարսել այս գաղափարը։ Եթե բուհը պետական բուհ է, հանրության ստեղծած բուհն է ու հանրության ստեղծած եկամուտից՝ հարկերից, է տրվում իր ֆինասնավորման որոշակի մասը, հանրային ենթակառուցվածքների վրա գործող, հանրային ֆինանսների հաշվին որոշակիորեն իր աշխատանքը կազամկերպող բուհ է, տրամաբանական է, որ հանրությունը պետք է այնտեղ ներկայացված լինի։ Իսկ իշխանությունը, վերջիվերջո, ձևավորվում է հանրության քվեարկության միջոցով։ Այս պարագայում օրենքով ավելի շատ թափանցիկություն ու դեմոկրատական գործիքակազմ է առաջադրվում բուհերում, քան՝ առնվազն հիմա գործող օրենսդրության մեջ կա»,- ասում է Սարգիս Հայոցյանը։

Նախագծի՝ բուհական ինքնավարությունն ու հաշվետվողականությունը երաշխավորող 7-րդ հոդվածում կարդում ենք․ «Բուհն իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման իրավունքի լիարժեք իրացման միջոցով՝ բուհական ինքնավարության, ակադեմիական և հետազոտությունների ազատության, կոլեգիալության, մասնակցայնության սկզբունքներով՝ պահպանելով հաշվետվողականության պահանջներն ու որոշումների կայացման թափանցիկությունը»:

Նախագծի ընդունման դեպքում գործելու է նոր կառույց՝ Էթիկայի կոմիտե, որը ձևավորվելու է մասնակցային ընտրությունների միջոցով, լինելու է անկախ և քննարկելու է բոլոր մակարդակներում ակադեմիական էթիկայի խախտման դեպքերը։

Էթիկայի կոմիտեի նախագահն ընտրվելու է բուհի աշխատակիցների կողմից հինգ տարի ժամկետով՝ բաց մրցույթի միջոցով, գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է բուհի աշխատողների առնվազն 60 տոկոսը:

Ձևավորվելու է նաև Ակադեմիական խորհուրդ, որն իրավասու է լինելու ընդունել բուհի ուսումնամեթոդական, գիտական և նորարարական գործունեությանն առնչվող որոշումներ:

Կարդացեք նաև- ԳԱԱ ինստիտուտները «կգնան» բուհեր․ գործադիրը որոշումը գիտության փրկություն, Ակադեմիան կազմաքանդում է համարում

Կարդացեք նաև- Գիտությունը՝ պետության մենաշնո՞րհ․ նոր օրենքն ու ակադեմիական ազատությունը

Կարդացեք նաև

Back to top button