ԿարևորՀասարակություն

ԿԳՄՍ-ն հրաժարվում է մեկնաբանել ՍԴ որոշումը․ դատարանը օրենքը հակասահմանադրական ճանաչեց

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը։ Մասնավորապես, հակասահմանադրական են ճանաչվել բուհի կառավարմանը վերաբերող դրույթները, ըստ որի բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվում է 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը, 4-ին առաջադրում էր բուհի ակադեմիական խորհուրդը։  Փոփոխություններով մտահոգ ակադեմիական և բուհական շրջանակները հուսով են, որ կառավարությունը հետ կկանչի նախագիծը ու կվերանայի  հանրային բուհերը 100 տոկոսով վերահսկելի դարձնող մոտեցումը։

«Բարձագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի շուրջ նոր աղմուկ է հասունանում։  Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել 7-րդ գումարման ԱԺ-ի ընդունած օրենքը՝ «Բարձագույն կրթության և գիտության մասին»։ Հակասահմանադրական են ճանաչվել բուհի կառավարմանը վերաբերող դրույթները, այն նույն դրույթենրը, որոնց մասին  ակադեմիական հանրույթը ահազանգում է շուրջ երկու տարի։  Ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը․ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԵՊՀ դոցենտ, հոգաբարձուների խորհրդի անդամ  Մենուա Սողոմոնյանը ասում է․ «Եթե ՍԴ-ն դա ընդուներ, կնշանակեր, որ ՍԴ–ն ևս չի կատարում իր ֆունկցիան, և դրանով արժեզրկում է ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ ՍԴ ինստիտուտը։ Դա բուհերի վրա շատ բացասական ազդեցություն կունենար, բուհերը կքաղաքականացվեին, կվերահսկվեր այնտեղ տեղի ունեցող ամեն ինչ։ Բայց ՍԴ–ն հակասահմանադրական ճանաչեց, ինչը իրավաչափ է ՝ ցույց տալով, որ դեռևս գոնե մեկ կառույց կա, որ կարող է հետևել Սահմանադրությամբ հռչակված արժեքներին»։

Սա ազդակ է, որպեսզի ոլորտի պատասխանատուները վերանայեն հանրային բուհերը 100 տոկոսով վերահսկելի դարձնող մոտեցումը և գոնե գործող կարգավորումներով, այն է՝ 50-50 համամասնությամբ, բուհական համայնքը մասնակցի հոգաբարձուների խորհրդի կազմի նշանակմանը,- կարծում է զրուցակիցս՝ հավելելով․ ստեղծված իրավիճակում իշխանությանն այլ ելք չի մնում, քան հետ կանչել երկու նախագծերը․

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, որի 15 արտահամալսարանական անդամները, այսինքն կառավարության և լիազոր մարմնի կողմից   ներկայացված մարդիկ, որոնք դիմում են ներկայացրել դուրս գալու, այդ 15 անդամների թափուր տեղերը պետք է շատ արագ լրացվեն,  վերահայտարարվի ռեկտորի մրցույթը, որը 2020 թվականի մարտի 23-ին պետք է տեղի ունենար, բայց ապօրինի ձևով կասեցվեց և չեղարկվեց։ Այդպիսով, գործող իրավակարգավորումների շրջանակում կձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ու տեղի կունենա ռեկտորի ընտրություն»։

50-50-ը համաչափ տարբերակ է համարում նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նա էլ է կարծում, որ սխալ է հոգաբարձուների խորհրում կառավարությանն առավելություն տալը։ Դա պարզապես բերելու էր բուհերի ինքնավարության սահմանափակման,-ասում է նա․

«Օրենքը պետք է լրամշակվի, և այն կետերը, որոնք հռչակված են հակասահմանադրական, պետք է փոխվեն։ Այսինքն, հիմա նորից օրենքը վերադառնալու է, և կառավարությունը չպետք է ունենա առավելություն։

Կվերանայի՞ կառավարությունը բուհերի կառավարման իր մոտեցումը և կհամակերպվի իր «պարտության» հետ,- փորձեցինք հարցի պատասխանն ստանալ ԿԳՄՍ նախարարությունից։ Այստեղ դեռ  նախընտրում են լռել։ Մեկնաբանություն կտան ՍԴ որոշումը մանրամասն ուսումնաիրելուց հետո միայն։

Կարդացեք նաև

Back to top button