
Մասնագիտական հանրությունը շարունակում է բարձրաձայնել «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» նոր օրենքի որոշ դրույթների հետ անհամաձայնությունները։ Նախագիծն առաջարկում է փոփոխել գիտական ոլորտի կառուցվածքը, մասնավորապես՝ ԳԱԱ ինստիտուտները տեղափոխել բուհական համակարգ, իսկ բուհական համակարգից դուրս մնացած հանրային գիտական կազմակերպությունների գոյությունը արտոնել միայն ԿԳՄՍՆ-ի թույլտվությամբ։
Բարձրագույն կրթության ու գիտության մասին նոր օրենքի նախագիծ․
Հոդված 4. մաս 2․ կետ 13։ Բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, կրթական և հետազոտական գործընթացների մասնակիցների ակադեմիական ազատության երաշխավորումը Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է։
Հոդված 21. Մաս 15․ կետ 12։ Բուհի և գիտական կազմակերպության ակադեմիական և գիտական կազմի աշխատողն իրավունք ունի օգտվելու ակադեմիական ազատության սկզբունքներից բխող այլ իրավունքներից։
Մինչ օրենքի այս հոդվածները պնդում են, որ կապահովվի ակադեմիական ազատությունը, մեկ այլ հոդված շարժում է շահառուների անհանգստությունը․
Հոդված 25 կետ 18. Համալսարանի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվում է միան այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի թիրախային հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում: Ընդ որում՝ դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը։
Կարդացեք նաև— ԳԱԱ ինստիտուտները «կգնան» բուհեր․ գործադիրը որոշումը գիտության փրկություն, Ակադեմիան կազմաքանդում է համարում
Միայն պետական թույլտվությամբ «տեղի ունեցող» գիտությունը մտահոգել է գիտական համայնքին։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արսեն Թավադյանը կարծում է, որ այսպես պետությունը գիտության մենաշնորհ է ունենալու։ Արդյունքում՝ որոշ գիտակարգեր կարող են չլինել որոշում կայացնող անհատների ուշադրության կենտրոնում, չուսումնասիրվել, իսկ ավելի ուշ կարող է պարզվել, որ դրանք ունեին էական նշանակություն։
«Իհարկե, թեմատիկ հետազոտություններ կառավարությունը կարող է անել, բայց ամբողջը դնել պետության վերահսկողության տակ, սխալ է։ Տեսեք՝ հայագիտությունը որևէ ուղիղ եկամուտ չի բերում, հասարակագիտությունը որևէ ուղիղ եկամուտ չի բերում, բայց այժմ մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ չունենք նորմալ հասարակագետներ, որոնք կարող են նորմալ հաշվարկել, թե այս օրենքի փոփոխությունը ինչի է բերելու։ Շատ վտանգավոր է գիտական հետազոտություններն ամբողջությամբ կառավարության վերահսկողության տակ թողնելը»։
Օրենքը, սակայն, երաշխավորում է՝ գիտնականները կարող են զբաղվել այն ամենով, ինչով հետաքրքրված են։ Հարցն այն է՝ կֆինանսավորվի՞ այդ հետաքրքրությունը, թե՞ ոչ։ Պարզաբանում է Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը․
«Եղել են պետություններ, օրինակ՝ նույն Սովետական Միությունը, որը որոշել է, որ պետական մակարդակով կարող է որոշել, թե հետազոտական որ ուղղություններն են ավելի անհրաժեշտ։ Գենետիկան և կիբեռնետիկան խարանի տակ ընկան ու չզարգացան։ Վերջում պարզվեց, որ երկու ոլորտներն էլ աշխարհը ամենաարագ առաջ տանող ոորտներն են։ Այս պարագայում նորից նմանատիպ թերի դատողություններից ու որոշումներից խուսափելու համար է նաև, որ գոյություն ունի համալսարանական գիտություն։ Յուրաքանչյուր հետազոտող իրավունք ունի ու կարող է դնել իր հետազոտական խնդիրն ու զբաղվել դրանով։ Որևէ կառույց չկա, որը կմտնի բուհ ու կասի՝ ինչի է քո այս հետազոտողը կամ գիտական կազմակերպությունը հետազոտում այս թեման։ Այլ հարց է, թե այդ թեման ինչքանով է ժամանակակից, այստեղ արդեն գրախոսության դաշտ ենք մտնում․ Սարգիս Հայոցյանը կարող է առաջարկել մի թեմա, Դուք կարող եք առաջարկել երկրորդ թեման, այդ թեմաները որոշակի տրամաբանությամբ գրախոսվում են ու ըստ այդմ ֆինասնավորվում կամ չեն ֆինանսավարվում, ինչը նորից չի նշանակում, որ Հայոցյան Սարգիսը, դիցուք, չի կարող զբաղվել դրանով։ Ուղղակի ինքը ռեսուրս չունի զբաղվել դրանով իր երազած ծավալներով, բայց արգելք չի կարող դրվել որևէ հետազոտական թեմայի վրա»։
Այսպես գիտնականը ձևակերպում է գիտական խնդիր, այնուհետև փորձում այդ խնդրի համար հավանություն ու ֆինանսավորում ստանալ։ Պետությունն, ասում է, ունի հետաքրքրությունից բխող հետազոտությունները ֆինանսավորելու պոզիտիվ պարտավորություն և դրան հատկացված տող՝ բյուջեում։
«Հետազոտողի դատողությանն է մնում ակադեմիական ազատությունների և իր տեսլականի շրջանակում որոշել իր հետազոտության առարկան, փորձել համոզել իր հետազոտության առարկայի կարևորությունը համայնքին, էդ համոզելու ակտի հիման վրա ստանալ որոշակի ֆինանսավորում և հետևաբար ունենալ որոշակի կարողունակություն»։
Համայնք ասելով նկատի ունեն առաջին հերթին այն գիտնականներին, որոնք գրախոսելու են հետազոտողի առաջարկը։ Վերջնական համաձայնությունը տալու է լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը։




