ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ԳԱԱ ինստիտուտները «կգնան» բուհեր․ գործադիրը որոշումը գիտության փրկություն, Ակադեմիան կազմաքանդում է համարում

Գիտական մշակույթի տարածում, քննարկումների և համաժողովների կազմակերպում, Կառավարությանը և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրում, միջդիսցիպլինար երկխոսության ապահովում, հանրային և համամարդկային նշանակության գիտական խնդիրների բացահայտում․ «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» նոր օրենքի նախագծի ընդունման դեպքում ԳԱԱ-ն սրանով է զբաղվելու։

Սա անել դեմ չեն՝ «Ռադիոլուր»-ին հայտնում են կառույցից։ Բայց արդյո՞ք սա այն ամենն է, ինչ պետք է անի երկրի գլխավոր գիտական միավորումը։ Կարծում են՝ ոչ։

Հայացք կողքից․ կրթության ոլորտի ներկայացուցիչը՝
գիտությունը կրթություն բերելու մասին

«Կարող է տպավորություն ստեղծվել, որ մենք դեմ ենք փոփոխություններին։ Հակառակը, մենք կարծում ենք, որ փոփոխությունների անհրաժեշտությունը ահագնացել է, որովհետև տեղի է ունենում գիտական կադրերի արտահոսք, առնվազն տեսական մակարդակի գիտական պրոդուկտի նվազեցում, գիտաշխատողների ծերացում՝ հատկապես բնական գիտություններում։ Մեզ իսկապես այս ոլորտում բարեփոխումներ են պետք թե՛ գիտության ոլորտում, թե՛ բարձրագույն կրթության ոլորտում։ Մենք ուղղակի ուզում ենք ցանկացած փոփոխություն լինի պլանավորված և խելացի»։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արսեն Թավադյանը այս օրենքի քննարկումներին մասնակցում է 6 տարի։ ԳԱԱ-ում խնդիրներ կան՝ ասում է։ Սակայն չի հասկանում՝ ինչով է նպաստելու այդ խնդրի լուծմանը նախագծի առաջարկած հիմնական փոփոխություններից մեկը՝ գիտական ինստիտուտները ԳԱԱ-ից առանձնացնելու և բուհերին կցելու առաջարկը։

«Այդպիսի մի առասպել, միֆ է տարածված, որ մեզ մոտ գիտությունը անջատ է բարձրագույն կրթությունից, և մենք պետք է գիտությունը միավորենք բարձրագույն կրթության հետ։ Ո՞րն է արդյունավետությունը, որ պետք է գիտական ինստիտուտները անպայման միավորվեն համալսարաններին, կամ ինչո՞ւ պետք է գիտնականը պարտադիր լինի դասախոս։ Կա լավ գիտնական, որը բացարձակ չի կարող դասախոսել, և այդպիսի լիքը օրինակներ կան, երբ հայտնի գիտնականները անհետաքրքրագույն դասախոսություններ են անցկացնում, և ուղղակի ուսանողները իրենց դասերին քնում են: Մեր համակարգի հիմնական պրոբլեմը թերֆինանսավորումն է։ Եթե օրենսդրությունը այդ հարցը չի լուծում, որևէ բան չի փոխվելու: Մենք ուղղակի չենք ունենա գիտական ինստիտուտներ»։

Տվյալը՝ 07.10.2024, 18։50

Հայացք ներսից․ արձագանքում է ԳԱԱ-ն

Ռիսկային քայլ, համակարգը խալխլող ճանապարհ, գիտության մասնատում․ նոր օրենքի՝ ԳԱԱ-ին վերաբերող հոդվածների հակիրճ մեկնաբանությունն է՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի կողմից։ Ասում է՝ կառավարության գիտական խորհրդատուից՝ ակադեմիայից, հենց ակադեմիային վերաբերող կարևորագույն հարցի շուրջ խորհուրդ չեն հարցրել։

«Որևէ կասկած չկա, որ կրթության և գիտության ոլորտները մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ են, գիտության դերը բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող երկրի դեպքում չափազանց կարևոր է, և նման բացառիկ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթի ձևավորումը նմանատիպ գաղտնապահության պայմաններում, ճիշտ կլինի ասել՝ մասնակցայնության զրոյին մոտ աստիճանի դեպքում, ըստ իս ընդունելի չէ»։

Այնուամենայնիվ, Իշխանյանի խոսքով, ԳԱԱ-ն սեփական նախաձեռնությամբ է մինչև նախագծի հանրայնացումը՝ առաջարկներ, հանրայնացումից հետո՝ դիտարկումներ ներկայացրել։ Ըստ դրանց՝ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ինտիտուտները բուհեր տանելով սահմանափակվելու է գիտության բազմազանությունը։

«Ակնհայտ է, որ գիտության խնդիրներից մեկը նաև կրթության որակի ապահովմանն աջակցելն է։ Դա հասկանալի է, դա մեկ բաղադրիչն է։ Բայց չէ՞ որ գիտությունը պետք է նաև ուղղված լինի երկրի տնտեսական խնդիրներին, նաև երկրի ռազմական, պաշտպանական խնդիրներին։ Իսկ չէ՞ որ եթե դուք բոլոր ինստիտուտները տանում եք բուհերի կազմ, դրանով իսկ գիտահետազոտական կազմակերպությունները դարձնում եք սպասարկող բացառապես կրթությանը՝ փակելով այլ ուղղություններով գործունեության հնարավորությունը»։

ԳԱԱ-ն դեմ չէ՝ որոշ ինստիտուտներ պետք է տեղափոխվեն բուհերի կազմ․ դրանք հենց կրթությանը նպաստող գործառույթ էլ ունեն։ Սակայն որոշ ինստիտուտների գործունեությունն էլ պետք է շարունակվի ակադեմիայի կազմում, օրինակ՝ պաշտպանական խնդիրների վրա աշխատելու նպատակով։ Այսպես, օրինակ, չեն հասկանում Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն ու Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ու Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը բուհական համակարգ տեղափոխելու որոշման տրամաբանությունը։ Կարևոր են համարում նաև երրորդ խմբի գիտական ինստիտուտների ստեղծումը։

«Ամբողջ աշխարհում կան այս սխեմայի տարբեր օրինակներ, որտեղ համամասնությունը այս երեք տարբերակների շատ տարբեր է։ Օրինակ Ամերիկայում, այո, առավել է բուհականը, բայց լայնորեն կիրառվում են բուհական համակարգից դուրս ազգային լաբորատորիաներ, համակարգը, որտեղ ահռելի քանակությամբ գիտնականներ են աշխատում, օրինակ՝ ՆԱՍՍԱ-ի նման կառույցը, որը բնականաբար առնչություն չունի բուհի հետ»։

Հայացք որոշում կայացնողներից․ հիմնավորում է ԿԳՄՍ-ն

Հայաստանում գիտությունը մեռնում է։ Սերնդափոխություն տեղի չի ունենում, նոր համալրումների բացակայության պայմաններում տարեկան 300 գիտաշխատող լքում է ոլորտը․ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը սա որոշման հիմնական շարժառիթն է համարում․

«Մենք յուրանքաչյուր 3 օրում կորցնում ենք 1 գիտաշխատող։ Եթե քայլեր չձեռնարկենք սերնդափոխությունը երաշխավորելու համար, ապագայում կարող է էլ չունենաք բավականաչափ կենսունակ համակարգ։ Այս գործընթացը կասեցնել չի հաջողվել այդ թվում 2021-ից ֆինանսավորման ավելացմամբ, քանի որ համակարգում սերնդափոխություն ապահովելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ չկան։ Այս իմաստով գիտական համակարգերի՝ բուհական համակարգ ինտեգրումը կհանգեցնի նրան, որ մենք կունենանք արդեն անմիջական կապ ուսանողության և գիտական համակարգի միջև, ինչը կապահովի ուսանողների ներհոսքը գիտական համակարգ»։

Սարգիս Հայոցյանն անդրադառնում է թեմայի շուրջ հիմնական մտահոգություններին։ Եթե գիտական ինտիտուտները «տեղափոխվեն» համալսարաններ, ինչպես են իրականացվելու, օրինակ, ռազմարդյունաբերական հետազոտություններ, որոնցում կողմնակի անձանց, այդ թվում՝ ուսանողների մասնակցությունը, ըստ էության, պիտի բացառված լիներ։

«Որևէ կազմակերպություն չեք կարող նշել, որը չի կարող իր գործունեությունը իրականացնել բուհական համակարգում։ Միևնույն ժամանակ ռազմարդյունաբերության թե տնտեսական որևէ սեկտորների ուսումնասիրության կամ այլ տիպի հետազոտական աշխատանքների համար կարող են լինել գերատեսչություներին կից գիտական կազմակերպություններ, որոնք կզբաղվեն տվյալ գերատեսչության խնդիրներով։ Եթե ՊՆ-ին կամ ԲՏԱ նախարարությանը կամ որևէ այլ պաշտպանական խնդիրներով զբաղվող նախարարությանը անհրաժեշտ է ունենալ իր խնդիրներով ինտենսիվ զբաղվող կազմակերպություն, դրա նախադրյալներն ու բոլոր օրենսդրական կարգավորումները օրենքում կան»։

Ըստ շրջանառվող նախագծի՝ գիտական կազմակերպությունները լինելու են 3 տեսակի․

  • համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություն, որը լինելու է գիտական գործունեության բոլոր տեսակներով զբաղվող ինքնուրույն միավոր
  • գերատեսչական պատկանելության հետազոտական կազմակերպություն, որն իրականացնելու է կիրառական հետազոտություններ, փորձարարական մշակումներ միայն տվյալ գեատեսչության խնդիրների շրջանակում և
  • հետազոտական հիմնարկներ, որոնք զբաղվելու են հանրային հաստատությունների՝ թանգարանների, առողջապահական և արտադրական կազմակերպությունների հետազոտական խնդիրներով:

Այս կազամակերպություններից յուրաքանչյուրը կոնկրետ խնդիր կլուծի։ Բայց դա տեղի կունենա միայն լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ-ի համաձայնությամբ։

Մյուս մտահոգությունն այն մասին, որ գիտությունը կսկսի ծառայել միայն կրթությանը, Հայոցյանը ևս անհիմն է համարում։ Ասում է՝ օրենքի ընդունման դեպքում գիտական ինստիտուտները շարունակելու են անել այն, ինչ արել են մինչ այդ։ Առաջնային փոփոխությունն այն է, որ այս գործընթացին ներգրավվելու են նաև երիտասարդները՝ մեծացնելով գիտությամբ գայթակղվելու և ոլորտը համալրելու հավանականությունը։

Կարդացեք նաև

Back to top button