Գերդաստաններ

Աշտարակի ֆենոմենը. Գևորգ Ոսկանյան. «Գերդաստաններ»

Աշտարակի Գեղարվեստի դպրոցը մինչ օրս կրում է Հայաստանի վաստակավոր նկարիչ Գևորգ Ոսկանյանի՝ Գոգոյի անունը, որը ոչ միայն նկարիչ էր, այլև դերասան, բեմադրիչ, բեմանկարիչ։ Նրա  տաղանդի մասին հաճախ էին արտահայտվում մեր նշանավոր վարպետները։ Հայտնի են «Վերջալույսը դաշտերի վրա», «Աշտարակի կիրճը գարնանը», «Կարմրավորը», «Ձմեռը Արարատի փեշերին» գեղանկարները, նաև շատ ճեպանկարների, թատերական գրաֆիկաների ու թատերական զգեստների ձևավորումների հեղինակ է։ Նրա որդին՝ Արշակ Ոսկանյանը, գծանկարիչ է և դասավանդում է։ Այս գերդաստանից է նաև մեկ այլ երիտասարդ նկարիչ՝ Արմեն Բոյախչյանը, որի՝ հեքիաթային խորությամբ շնչող նկարները բավականին ուշագրավ են։ 

Այգեգործությունը շատ սիրված ու ընդունված զբաղմունք է Աշտարակում։ Այգեգործներ էին նաև Սիրանուշն ու Արշակը։ Նրանց երեխաներից Գևորգը անսահման կապված էր մորաքրոջ՝ Հրանուշ Մակարյանի հետ, որը ձեռագործության հիանալի վարպետ էր։  Եվ, հավանաբար, Գևորգը նրանից էր ընդօրինակել բնանկարչական արվեստի գաղտնիքները, քանի որ այդ ձեռագործ աշխատանքներում ծաղիկներ էին, բնություն, երանգներ, որոնց մեջ  պատմություն կար, խորհուրդ, ծնունդ ու վերածնունդ։ Մորաքույրը սիրով նրան սովորեցնում էր նկարել, հետաքրքրված էր արվեստի տարբեր ժանրերով և դառնում է տղայի խորհրդատուն։ Գևորգը երբեմն գաղտնի վերցնում էր մորաքրոջ ներկերը և սկսում էր նկարել  սեղանին, պահարանին, պատերին և նույնիսկ, երբ դժվարությամբ էր կտավ ձեռք բերում, ստիպված նկարում էր սովորական, ճերմակ սրբիչի վրա։

Միջնակարգն ավարտելուց հետո Գուրգենը ցանկացավ ընդունվել գեղարվեստի ինստիտուտ, սակայն այդ տարիներին ընտանեկան ծանր պայմանները թույլ չտվեցին իրականություն դարձնել տղայի երազանքը։ 1952 թվականին նա ամուսնացավ և կինը՝ Սաթենիկը, որը Պերճ Պռոշյանի անվան դպրոցում ուսմասվար էր և աշխարհագրության ուսուցչուհի, մեծ դեր խաղաց նրա կյանքում և, ինչպես ինքն է պատմել, համոզեց խորանալ նկարչության մեջ։ 1975 թվականին երիտասարդական փառատոնում նա ստանում է դափնեկրի դիպլոմ և արծաթյա մեդալ, մեկը մյուսի հետևից բացվում են ցուցահանդեսներ։

Հանրահռչակ Մարտիրոս Սարյանը գրել է. «Գևորգ Ոսկանյանը բնությունը նրբորեն զգացող, լիովին հասունացած վարպետ է։ Նա բնապատկերները նկարում է ճշմարտացիորեն և տրամադրությամբ։ Նրա «Վերջալույսը դաշտերի վրա», «Աշտարակի կիրճը գարնանը» նկարները վկայում են հեղինակի անվիճելի ձիրքի մասին»։

1967 թվականին, Մոսկվայում ՝ հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված համամիութենական փառատոնին, նա կրկին արժանացավ արծաթե մեդալի։ Այդ տարիներին Գոգոն արդեն լավ հայտնի էր հայաստանյան հանրությանը, նաև՝ օտարերկրացիներին, որոնք, այցելելով Աշտարակ, այցելում էին նաև նկարչին։

Գևորգը մտերիմ էր հանրահայտ դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ, և ապագա նկարչին հաճախ անվանում էին «պուճուր Հրաչ»։ Պետք է ասել, որ մեծ դերասանի հետ մտերմությունը զգալի նշանակություն է ունեցել նրա ստեղծագործական ուղու ձևավորման գործում։ Նա շատ սիրված դերասան էր, հանդիսատեսը նախքան ներկայացումը սկսվելը փնտրում էր ծրագրում նրա անունը։

Ոսկանյանը ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, որոնցում երևում են իմպրեսիոնիզմին բնորոշ մոտեցումներ։ Կիսաչորացած ծառերից պատմություն էր ստեղծում։ Նա հեղինակ է նաև թատերական զգեստների, որոնք մինչ օրս հիմք են հանդիսանում նորի ստեղծման համար։ Չմոռանանք, որ նա ոչ միայն թատրոնի ձևավորող նկարիչ էր, այլև այդ նույն ներկայացումներում ստանձնում էր մի շարք դերեր։ Իր մտերիմների հիշողություններում նա ազնվագույն մարդ էր, անկեղծ նկարիչ ու դերասան, օժտված էր տեսողական հիշողությամբ, որը ոչ բոլոր նկարիչներին է հատուկ։ Հանրահայտ Էդուարդ Իսաբեկյանը նրան համարում էր  «Աշտարակի ֆենոմեն»։ Գևորգ Ոսկանյանի նկարները բացի կոմպոզիցիոն կենտրոնից, ունեն նաև տրամադրության կենտրոն։

Լինելով ինքնուս նկարիչ՝ կարողացել է ձեռք բերել վարպետություն, անընդհատ զարգացրել է տաղանդը և ապրել բուռն ստեղծագործական կյանքով։ Նա երբեք չի ձգտել փառքի, նրան հետաքրքրել է միայն իր արվեստի կատարելագործումը։ Լավ ուսուցիչ էր և սովորեցնում էր անմնացորդ նվիրումով։

Նկարչի որդին՝ Արշակը, շատ համեստ է։ Շատ հայտնի արվեստագետներ նրան տաղանդավոր են համարում, գտնում են, որ նա չի շարունակել արվեստի  ճանապարհը, քանի որ հոր կտավները համարել է անհասանելի և այդպիսի արվեստագետներին, ինչպիսին հայրն էր, պետք է շարունակություն ունենան։

Այս գերդաստանից է նաև երիտասարդ, ինքնատիպ նկարիչ Արմեն Բոյախչյանը, որը հիշում է իր հոր պատմածները և մանկության տարիներին շատ է եղել Գևորգ Ոսկանյանի տանը։ Չնայած չի հիշում վարպետին, սակայն հիշում է նրանց ընտանեկան առօրյան։ Արմենը պատմում է, որ Գոգոն եղել է անսահման հումորի տեր մարդ, իսկ արվեստանոցի աշխատանքներին նայելիս Արմենը ոգեշնչվել է և ցանկացել, որ ինքն էլ  նման ինքնատիպ զգացողության ու հուզիչ  պատկերներ ստեղծի։

Արմեն Բոյախչյանը ունեցել է մի շարք ցուցահանդեսներ, բայց նրան էլ իր գերդաստանի անհասանելի շառավղի, տաղանդավոր Գևորգ Ոսկանյանի պես փառքը չի հետաքրքրում։ Նա հեքիաթային աշխարհի ու մեր կյանքի գեղեցիկ համադրությունն է ստեղծում։ Ստեղծում է պատմություններ, որոնց մասին մտորում ենք ամենքս։

Կարդացեք նաև

Back to top button