Գերդաստաններ

Հին Թիֆլիսի բեմականացումը, ազգային մոդեռնիզմն ու սիրո և գեղեցկության քաղաքը. Էլիբեկյաններ. «Գերդաստաններ»

Վրաստանի Թեթրիծղարո քաղաքից 3 կմ հեռավորության վրա Դաղեթ Խաչեն անունով մի գյուղ կա, որտեղ 19-րդ դարի սկզբում մեծ երաշտ սկսվեց, և շատերն այստեղից գնացին ու բնակություն հաստատեցին Թիֆլիսում։ Մեկնողներից մեկը Հակոբ Վաղարշակի Էլիբեկյանն էր, որը այդ մեծ, կոլորիտային ու շքեղ քաղաքում լինելով հմուտ արհեստավոր` դարձավ համքարություններից մեկի անդամ։ Նա մասնակցում էր շինարարական աշխատանքների, այդ թվում՝ Հավլաբարի հայկական թաղամասի կամրջի կառուցմանը։

Հակոբի որդիներից Վաղարշակը, որը շատ զուսպ, ծանրակշիռ և հետաքրքրասեր էր  ու գեղեցիկը զգալու մեծ կարողություն ուներ, 1925 թվականին սկսեց սովորել Թբիլիսիի «Հայաստան» գեղարվեստի ստուդիայում և դրան կից՝ նկարիչ Գրիգոր Շարբաբչյանի ղեկավարած գեղարվեստի դպրոցում։ Հետո սկսեց աշխատել Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում և դարձավ նաև այս թատրոնի բեմադրող նկարիչը` պատմում է նրա թոռը՝ նկարիչ Արեգ Էլիբեկյանը։

Մեծ գեղանկարչի՝ «Սայաթ-Նովան երգում է Նարիղալա թաղամասում» կտավը ձոն է հայ երաժշտական մշակույթի խոշորագույն աշուղին։ Ինչպես շատ արվեստագետներ են ասում «հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր, Վան Գոգի արևն ու Այվազովսկու ծովը»։ Թիֆլիսյան կյանքը, ասես, բեմականացված է նրա կտավներում, ուր կան հին քաղաքի շարժումները, կեցվածաքը, դիմախաղը։

Նկարիչը գրում է. «Հին Թիֆլիսին նվիրված նկարների շարքը ես ստեղծել եմ մեծ բավականությամբ և սիրով, որոնք արտահայտում են հիացմունք և անսպառ սեր դեպի Թբիլիսին՝ իմ մանկության քաղաքը»։

Անհնար է չհիշատակել նաև «Ձմեռ» կտավը, որը գտնվում է Երևանի պատկերասրահում, և հնարավոր չէ անտարբեր անցնել դրա կողքով։ Վաղարշակ Էլիբեկյանի կտավները ոչ միայն հուզիչ են, այլև հին Թիֆլիսի նկարագրի իմաստով ճանաչողական արժեք ունեն։ Նրան սիրել ու գնահատել են մեր հանրահայտ արվեստագետները` ասում է Արեգը։

Նկարչի որդիները՝ Հենրի և Ռոբերտ Էլիբեկյանները, հետևեցին հորը, նրանից սովորեցին նկարչական մշակույթի զարմանալի լեզուն՝ գծի ճանապարհն ու գույնի նրբերանգներին տիրապետելու արվեստը, և ստեղծեցին ինքնատիպ գործեր, նոր ասելիք ունեցան հայ գեղանկարչության մեջ։ Եղբայրները մեծ ներդրում ունեցան  ազգային մոդեռնիզմի կայացման գործում։ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստն ամբողջովին երևակայական է, նա կերտում է զուգահեռ իրականություն, հետնաբեմի անդրհայելային մի աշխարհ, որն անշուշտ գալիս է թիֆլիսյան մանկության հուշերից։

Այս գերդաստանում կանայք մշտապես օժանդակում էին իրենց նկարիչ  ամուսիններին, օգնում, որ նրանք հանգիստ աշխատեն. ինչպես Ֆլորա Երվանդովնան, Մարի Հայթայանը և մյուսները։

Արեգ Էլիբեկյանը Ռոբերտ Էլիբեկյանի որդին է։ Մանկության տարիներից նա եղել է հոր կողքին, տեսել՝ ինչպես է ստեղծագործում։ Ականատես էր լինում ժամանակի հայտնի նկարիչների զրույցներին, հաճախ էր ցույց տալիս իր աշխատանքները, խորհուրդներ վերցնում։

Էլիբեկյանները լավ գիտեն իրենց առաքելությունը. որքան հնարավոր է շատ աշխատել, չէ՞ որ գաղափարները ծնվում են աշխատանքի պահին, ուրեմն պետք է գալ արվեստանոց ու աշխատել։

1986-1987 թվականներին Արեգը ծնողների հետ Փարիզում էր՝ Սիթե-դե Զառ կոչվող կենտրոնում։ Այստեղ հոր հետ աշխատում էին։ Արեգը տարվեց սիրո ու գեղեցկության քաղաքով, ստեղծեց այստեղ իր աշխատանքների զգալի մասը։ Դրանք քաղաքային պատկերներ են, մոդեռն արվեստի հիանալի նմուշներ` ասում է արվեստաբան Լիլիթ Սարգսյանը։

Արեգն այսօր ապրում է Կանադայի Մոնրեալ քաղաքում, դասավանդում է փոքրիկ Սեն Լոռան համայնքային մշակութային տանը։ Կրթում և արվեստի գաղտնիքներն է սովորեցնում հայ և օտարերկրացի պատանիներին ու աղջիկներին։

Հետաքրքիր նկարիչ է նաև Վահիկ-Վաղարշակ Էլիբեկյանը։ Միանգամայն տարբերվող նկարիչ՝ և՛ պապից, և՛ հորից ։ Նա ունի իր ժամանակակից մտածելակերպն ու գույնին շունչ տալու իր մոտեցումները։

Փորձեք մտնել Էլիբեկյանների կտավների մեջ ու ապրել այնտեղ, զրուցել հերոսների հետ իրենց իսկ կերտած փողոցներում և դուք կլցվեք մի կենսահյութով, որը ձեզ կպարգևի կյանքը իմաստավորելու ու սիրելու զգացում։

Back to top button