Ալեքսանդր Բաղրյանն Արցախի Ավետարանոց գյուղի դպրոցում ուսուցիչ էր, ստեղծել էր շատ կարևոր ուսուցողական կաբինետներ, նրա ուշադրության կենտրոնում էին անօգնական երեխաները, և նա գրեթե ամեն օր հայրենասիրության դասեր էր տալիս։ Շատ գնահատված ու սիրված ուսուցչի դուստրն Արցախի վաստակավոր մանկավարժ Նվարդ Բաղրյանն է:
Արցախ աշխարհի Վարանդա գավառում գտնվող Ավետարանոցը հայտնի է իր մեծ ու փոքր կառույցներով՝ 18-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցով, Կուսանաց անապատով, նաև կրթօջախներով։ Ավետարանոցի դպրոցից շատ աշակերտներ իրենց կրթությունը շարունակել են Ստեփանակերտում, Երևանում, իսկ հետո դարձել են հայտնի մանկավարժներ, բժիշկներ, գիտնականներ, լրագրողներ։ Այստեղ է դասավանդել հայտնի մանկավարժ Ալեքսանդր Բաղրյանը։
Բացառիկ էին ուսումնադաստիարակչական նրա մոտեցումները, ստեղծում էր նոր մասնագիտական կաբինետներ, որտեղ կազմակերպվում էին հանդիպումներ, միջոցառումներ, որտեղ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները ծանոթանում էին գիտության և կրթության նորարարություններին։ Բաղրյանն անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ էր վերաբերվում հատկապես անօգնական, ծնողազուրկ երեխաներին։
Ալեքսանդր Բաղրյանն իր պարզ, նահապետական ընտանիքի գլուխն էր, իսկ տունը, կարծես, Թումանյանի «Վերնատունը» լիներ. այստեղ կազմակերպվում էին գրական բանավեճեր ու քննարկումները։ Նա ստեղծում էր մի միջավայր, որտեղ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները միմյանց հետ շփվում էին խոր հարգանքով։
Անվանի ուսուցիչը դպրոցից տուն վերադառնալիս անպայման մտնում էր գրախանութ, ուր մշտապես նրա համար պահում էին նոր հրատարակված գրքեր։ Այդպես նաև ձեռք բերեց Պարույր Սևակի նոր հրատարակված հատորյակը, որի մեջ էր «Անլռելի զանգակատունը»։
Ուսուցիչն այս գիրքը նվիրեց դստերը՝ մակագրելով «Իմ ոսկեծամիկ Նվարդին, երազում եմ նրան տեսնել՝ դասամատյանը ձեռքին դասարան մտնելիս»։ Ու սա որոշեց նաև Նվարդի ապագա մասնագիտության ընտրությունը։ Սակայն երբ ավարտեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, հայրիկի մոտ հայոց լեզվի և գրականության մանկավարժի ազատ հաստիք չկար, ու աղջիկն ընտրեց այլ աշխատանք։
60 տարեկան էր Ալեքսանդր Բաղրյանը, երբ կյանքից հեռացավ, սակայն նա տեսավ իր երազանքն իրականացած՝ դստերը մատյանը ձեռքին դասարան մտնելիս։ Նվարդն ամուսնացավ հայտնի մանկավարժ Վաչագան Արզանյանի որդու՝ Հրաչիկի հետ, որը մաթեմատիկայի բարձրակարգ մասնագետ էր։
Նվարդ Բաղրյանը շարունակեց հոր գործը, շարունակեց նրա մանկավարժական ժառանգությունը, նրա ուշադրության կենտրոնում ևս հայտնվեցին անտեսված, անօգնական երեխաները։
Նվարդ Բաղրյանին շատ էին սիրում աշակերտները, քանի որ նա կյանքի դասեր էր տալիս, ուր կրթական, դաստիարակչական, հայրենասիրական և այլ բաղադրիչները միահյուսվում ու հետաքրքիր ամբողջություն էին կազմում։ Նվարդ Բաղրյանի մասնագիտական կարողությունները զարգացան շատ խոհեմ, բանիմաց ուսուցիչների միջավայրում, ու թեև բավականին դժվար էր, սակայն նա կարողացավ թողնել իր հետագիծը։
Ալեքսանդր Բաղրյանի կրտսեր որդին՝ Գեղամը, ավարտեց Բաքվի մանկավարժական ինստիտուտի ռազմագիտության բաժինը, հետո Արցախյան շարժման տարիներին ուսումը շարունակեց Գյումրիում, վերադարձավ հայրենի գյուղ, սկսեց դասավանդել ու սկսվեց Արցախյան առաջին պատերազմը։ Հայրենասիրության վեհ զգացումով դաստիարակված տղան հայրենիքը պաշտպանելու համար զենքը ձեռքն առավ, վիրավորվեց, հաշմանդամ դարձավ, սակայն դա չխանգարեց, որ վերադառնա մանկավարժական աշխատանքին։
Արցախի հայաթափումից հետո վաստակավոր մանկավարժ Նվարդ Բաղրյանն ապաստան գտավ Աբովյանի գյուղերից մեկում։ Բաղրյանների արցախյան բակը, տունն ու տեղը կանչում են նրանց, իսկ իրենք հավատով լեցուն սպասում են արցախյան նոր առավոտների։