
Կան գործիչներ, որոնք երկար աշխատանքային կյանք են ունեցել, կառուցել, սիրով ու նվիրումով աշխատել են իրենց մասնագիտությամբ երկար ու ձիգ տարիներ, եղել են համեստ, բայց պահանջկոտ, անկաշառ և անչափ կազմակերպված։ Այդպիսին էր Սերգեյ Ումրշատյանը, որին ճանաչում են շատերը Հայաստանի տարբեր շրջաններում, քանի որ նա Սպիտակում, Ապարանում, Հրազդանում, Նորագավիթում եղել է գլխավոր բժիշկ։ Այս անհանգիստ կյանքով և մշտապես մարդկանց «արև» պարգևող մարդը, ստեղծում էր հիվանդանոցներ։
Արևմտյան Հայաստանում՝ Վանա լճի հյուսիս արևելյան կողմում գտնվող Խլաթ գավառակից 1830-ական թվականներին շատ հայեր գաղթեցին Արևելյան Հայաստան և նրանցից շատերը հաստատվեցին Ապարանում։ Այսօրվա հերոսի նախնիները հաստատվել էին Ղարաբուլաղ՝ այսօր Երնջատափ կոչվող գյուղում։ Աշխատասեր, կարգուկանոն սիրող մարդիկ էին Կարապետ Ումրշատյանի գերդաստանի անդամները։ Նրա շառավիղներից Տիգրանը առնական մարդ էր, որը 1918 թվականին մասնակցել է Բաշ –Ապարանի հերոսամարտին, հայրը՝ Համբարձումը, զուռնա ու դուդուկ էր նվագում, նաև աճպարար էր։
Սերգեյ Ումրշատյանը պատանի էր, երբ տեսնում էր, թե ինչպես է բժիշկ հորեղբայրը զննում հիվանդներին, նրանց տեղավորում հիվանդանոցում։ Այդ տարիքում արդեն սիրում էր շփվել հիվանդների հետ, հարցեր տալ նրանց։ Երբ եկավ ապագա մասնագիտություն ընտրելու ժամանակը, առանց վարանելու ընտրեց բժշկությունը։ 1954 թվականին ընդունվեց բժշկական տեխնիկում, հետո գերազանցության դիպլոմը ձեռքին հաստատուն քայլերով գնաց Երևանի բժշկական ինստիտուտ և ընդունվեց բուժ-պրոֆիլակտիկայի բաժին։ 1969 թվականին որպես գլխավոր բժիշկ հրավիրվեց աշխատանքի Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղում։
Ումրշատյանի անհանգիստ աշխատանքը առողջապահության նախարարության աչքից չէր վրիպում։ Կարիք էր զգացվում կազմակերպված տեսքի բերել Հրազդանի քաղաքային հիվանդանոցը, և նրան շուտով նշանակեցին Հրազդանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Այստեղ աշխատասեր և հետևողական մասնագետը վերակառուցեց բուժհաստատությունը դարպասից մինչև հիվանդասենյակների ամեն մի անկյուն։ Ծաղկաշատ մուտքով ու պարտեզով էր բուժառուներին դիմավորում հիվանդանոցը։
1978-1987 թվականներին մեկնեց Ապարան՝ կրկին որպես գլխավոր բժիշկ։ Ուր գնում էր, ընտանիքը հետն էր, որ կարողանա աշխատել նվիրումով ու հանգիստ սրտով։ Սերգեյ Ումրշատյանը սիրում էր բանաստեղծություններ գրել։ Նրա կյանքում էլ եղել են ուրախ ու տխուր օրեր, որոնք մելամաղձոտ երգեր էին դառնում։ Ինչպես բժիշկը գրում էր իր բանաստեղծություններում՝ հոգում «երազան կար ու փոշի դարձող պատրանքներ»։
Նվիրյալ մարդուն այսօր գնահատում են ոչ միայն գործընկերները, այլև իր հիվանդներն ու բուժառումները։ Ապարանի նրա գործընկերներից մեկը՝ Թամարա Հովհաննիսյանը, մեզ ուղարկած նամակում պատմում է, թե ինչպես էր պատասխանատու բժիշկը գիշերային ժամերին ստուգայցեր կատարում, հետևում, թե տեղո՞ւմ են արդյոք հերթապահ բժիշկները, բուժքույրերը, ի՞նչ խնդիրներ ունեն հիվանդները։

Ումրշատյանի 2 դուստրերն էլ շարունակել են հոր մասնագիտությունը։ Նրանք ստոմատոլոգներ են, մինչև այսօր էլ խորհրդակցում են հոր հետ բժշկական հարցերով։
Լիլիթը, կարծես, իր հետաքրքրություններով ավելի շատ նմանվում է Համբարձում պապին։ Նա սիրված երաժիշտ է։ Նրա դիպլոմային աշխատանքը՝ «Ռեքվիեմ սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի համար», հնչել է կամերային երաժշտության տանը և ջերմ ընդունելության արժանացել։ Շատ զգացմունքային է Լիլիթը, ինչպես երաժշտական հնչյունները, հուզվում է, երբ թերթում է հանդեսներն ու թերթերը, որտեղ տպագրված են ակնարկներ, ռեպորտաժներ ու լուրեր հոր մասին։




