Երաժշտական եռանկյունի

Վիսոցկին և… հայերն ու Հայաստանը. «Երաժշտական եռանկյունի»

Շաբաթներ առաջ հնչած հաղորդումը՝ նվիրված հայերի հետ Վլադիմիր Վիսոցկու կապերին, մեծ հետաքրքրություն առաջացրեց ռադիոսլողների մոտ և ահա, գրքերի և հոդվածների հեղինակ, մշակութային ոլորտի հետազոտող, հրապարակախոս Աշոտ Գրիգորյանը դարձյալ «Երաժշտական եռանկյունու» հյուրն է և այս մեր զրույցը նվիրված է ռուս երգահանի և Հայաստանի կապին։  

Աշոտ Գրիգորյանը մեծ աշխատանք է կատարել՝ հետազոտելով այս թեման և նրա երրորդ ռուսերեն գիրքը, որը կոչվում է «Վիսոցկին և Հայաստանը» պատրաստ է տպագրության, ուր դիտարկվում են ռուս նշանավոր պոետ և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարաբերությունները հայերի և Հայաստանի հետ։

«Տարբեր քաղաքների ու երկրների մասին կան Վիսոցկու կապերի մասին հետազոտություններ, ու ազգային պատվախնդրության հարց էր ինձ համար՝ պարզել և հանրայնացնել Վիսոցկու ստեղծագործական կյանքի համար կարևոր կապերը Հայաստանի և հայերի հետ», — ասում է Աշոտ Գրիգորյանը։

Վիսոցկու մտերիմ Դավիթ Կարապետյանը հիշում է, որ պոետը վաղուց էր ուզում Հայաստան այցելել, 1969 թվականին նրանք դրա համար նույնիսկ Վնուկովո օդանավակայան ուղևորվեցին, բայց այդ անգամ չստացվեց։ 1970 թվականին ապրիլին շուրջ 9 օր Վիսոցկին գտնվում էր Հայաստանում, այդ ընթացքում նա բնակվում էր կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի տանը, համերգներ տվեց դահլիճներում ու երկրպագուների բնակարաններում։

«Գիրքը գրելու ընթացքում հետաքրքիր հանդիպումներ եղան։ Մասնավորապես, որոնեցի և գտա Էդուարդ Բարսեղյանին, որի տանը համերգ էր տվել Վիսոցկին ու «Գայլաորսը» կատարելուց առաջ ասել էր, որ դա իր սիրելի երգն է, որը ձայնագրվել է «Արարատ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պոնոմարյովի տանը՝ Սայաթ Նովայի պողոտայում», — շարունակում է մեր հյուրը։

Այնպես ստացվեց, որ Վիսոցկին Հայաստանում մի քանի անգամ շփվեց ֆուտբոլիստների հետ։ Եվ այստեղ կատարեց «Աջ ինսայդի մասին» երգը։ Բացի հեղինակային երգերից, Վիսոցկին կատարում էր նաև հանրաճանաչ ռոմանսներ, օրինակ Ալեքսանդր Կուսիկյանի խոսքերով «Վիրավորական է, էհ, ցավալի է» ռոմանսը։ Այստեղ նա նաև կատարեց «Սև աչեր»- ։ Այդ մասին մասնավորապես հիշում է հայտնի կիթառահար Բորիս Անդրեասյանը։

1974 թվականին համագործակցելով Գեորգի Գարանյանի և նրա նվագախմբի հետ՝ Վիսոցկին և Մարինա Վլադին 23 երգ ձայնագրեցին։ Վիսոցկին Երևանում էլ կատարեց ծրագրային «Իմ գնչուականը» երգը, որը աղերսներ ունի նաև գնչուական ռոմանսի և հետևաբար՝ Ազնավուրի «Երկու կիթառի» հետ, որը Վիսոցկին շատ գնահատել է, և հայտնել է Մերուժան Տեր-Գուլանյանին, թե Ազնավուրը յուրովի է այն կատարում։ Վիսոցկին մի քանի անգամ հիշատակել է Ազնավուրի անունը․ խոսելով հեղինակային երգի մասին, նշել է, որ Ազնավուրն ինքն իր համար է երգեր գրում, Բրելը՝ իր։

Հայտնի է, որ 1978 թվականին Վիսոցկին և Ազնավուրը իրենց կանանց հետ եղել են Փարիզի «Ռասպուտին» ռեստորանի մեծ հավաքին, հնարավոր է, որ շփվել են։ Տեղեկություն կա, որ Ազնավուրը ԱՄՆ-ում ներկա է եղել  Վիսոցկու համերգին։ Լեհ դերասան Դանիել Օլբրիխսկին պատմել է, որ Ազնավուրի համար միացրել է Վիսոցկու կատարումը, Ազնավուրը լուռ լսել է, հետո մի քիչ օղի է ըմպել և կատակել․ «Նա ոչ թե երգում է, այլ՝ փսխում..․ ինձնից լավ»։

Վիսոցկին ունի ուղղակի ռեչիտատիվով երգվող ստեղծագործություններ, բայց նաև մի շարք երգեր, որոնք մեղեդային են ու այսօր այնքան հաճախ են կատարվում ռուսական աստղերի կողմից, որ շատերին թվում է՝ դրանք ժողովրդական են։ Հակառակ տարածված կարծիքին, իմացել է նոտաները, և նույնիսկ որոշ երաժշտական գիտելիքներ է ստացել հայազգի կոմպոզիտոր Էդուարդ Խագագորտյանից։

Ալֆրեդ Շնիտկեն բարձր է գնահատել Վիսոցկու կոմպոզիտորական տաղանդը և նշել է, որ «Վիսոցկու երգերի մեծ մասն առանձնանում է մեծագույն նրբությամբ, ոչ ստանդարտայնությամբ թե՛ ֆրազում տակտերի քանակով, թե՛ ռիթմիկայով…»:

Շատ հայազգի կոմպոզիտորներ աջակցել են Վիսոցկուն, որ նա երգեր գրի ֆիլմերի համար ու դրանք հնչեն ֆիլմերում։ Օրինակ, երեք ֆիլմերում, որոնց կոմպոզիտորը Նադեժդա Սիմոնյանն է, հնչում են Վիսոցկու երգերը։ «Միակ ճանապարհը» (1974) ֆիլմի կոմպոզիտորն է Կարեն Խաչատրյանը և ֆիլմում հնչում է Վիսոցկու «Կյանքի դատապարտված» երգը։

Հայաստանից վերադառնալուց հետո, Վիսոցկին վերջին անգամ այցելեց կինոռեժիսոր Լևոն Քոչարյանին։ «Երկրորդ Բոլշոյ Կարետնի» երգը ևս Լևոն Քոչարյանին է նվիրված։ Այլ երգերի որոշ դրվագներում նույնպես Քոչարյանի կերպարն առկա է:

Վիսոցկու կյանքի վերջին հայազգի մտերիմներից էր Ալիկ Ստեփանյանը, որի հետ ծանոթացավ Թբիլիսիում՝ 1979 թվականին։ Վերջինս որպես ոստիկանության աշխատակից մասնակցում էր Վիսոցկու հարցաքննություններին և ջանում էր օգտակար լինել։ Վիսոցկու կենսագրի խոսքերով, իր կյանքի վերջին լուսավոր երեկոներից մեկը Վիսոցկին անցկացրել է Ստեփանյանի ընկերակցությամբ։ Պահպանվել են Ստեփանյանի տանն արված ձայնագրությունները։

«Քմահաճ ձիերը» Վիսոցկու ամենասիրված երգերից է, գրել է Ալբերտ Մկրտչյանի և Պոպովի «Սաննիկովի երկիրը» ֆիլմի համար, ձայնագրել կրկին Գարանյանի գործիքավորմամբ: Ձայնագրություններին մասնակցել է նաեւ հայազգի ճանաչված դաշնակահար Լևոն Օգանեզովը։

Back to top button