13 մեդալ, 41 տարի ընդմիջում ու չգերազանցված ռեկորդներ․ հայ մարմնամարզիկների օլիմպիական ուղին
33-րդ օլիմպիական խաղերի 9-րդ օրը Հայաստանն առաջին մեդալը նվաճեց։ Օլիմպիական խաղերի 2021 թվականի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում վաստակեց 14, 966 միավոր և զիջեց միայն ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին։
«Մաքսիմումը չէր, բայց էս լարված իրավիճակում շատ դժվար էր, իրոք դժվար էր, բայց ուրախ ու հպարտ եմ, որ մեդալով եմ վերադառնում հայրենիք, ճիշտ է՝ կուզեի ոսկով վերադառնալ հայրենիք, բայց էս անգամ չստացվեց»։
6 ոսկի, 4 արծաթ ու 1 բրոնզ․ հայ մարմնամարզիկների՝ ժամանակակից օլիմպիական խաղերի նվաճումներն են։ Այս սպորտաձևի լավագույն ժամանակները խորհրդային տարիներն էին․ Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Շահինյանը դեռ անգերազանցելի են․
«Հաճելի էր, որ մեզ հետ միասին այս մարզադպրոցում պարապում էր, որ գալիս էինք, ինքը արդեն էդ տարիքում էստեղ պարապում էր, ինձ թվում է՝ շատերս կուզենք իրեն նմանվել, բայց դեռ ցավոք սրտի ոչ մեկս չենք կարողանում»։
Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին սկսեցին մասնակցել 1952-ից՝ ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Մեկնարկային տարում Ֆինլանդիա՝ Հելսինկի մեկնեց 2 մարզիկ, նրանցից Հրանտ Շահինյանը միանգամից 2 ոսկե մեդալի արժանացավ՝ թիմային ու անհատական պայքարում։ Նա մնում է ամենատիտղոսակիր հայ մարզիկը․ 7 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր է։
Չեմպիոնի կինը՝ մարմնամարզուհի Էմմա Շահինյանը մի առիթով ասել է․ «Հազվագյուտ մարդ էր Շահինյանը, հիմա չկան այդպիսինները»։
Շահինյանի փառահեղ ուղին շարունակեց «օղակների արքան»։ 1953-ին Լենինգրադում մարմնամարզության աշխարհի առաջնության ընտրական մրցումներն էին, փորձությունը հաղթահարելու համար մարզիկները պետք է երեք վայրկյան խաչաձև ձեռնականգ պահեին օղակների վրա։ Ոչ մեկին չէր հաջողվում։ Ալբերտ Ազարյանը վերջինը մոտեցավ օղակներին, ֆիքսեց դիրքը, անցավ 3 վայրկյան, որոշեց «դատավորներից» ճշտել՝ բավակա՞ն է, թե՞ շաունակի․
«Երբ վերջացրեցի, ասեցին՝ Ազարյանին հեռացնում ենք մրցումներից, որովհետև ես օղակների վրա իրավունք չունեմ խոսել, բոլորը համաձայնեցին, բայց մեկը կանգնում ասում է՝ գիտեք Ազարյանը արեց այն խաչը, որը ոչ մեկ չի անում, այսինքն՝ այն թեք խաչերը, դա մեզ համար պատիվ է, նման բան ԽՍՀՄ-ում և աշխարհում ոչ մեկ չի արել և ինձ վերկանգնեցին ու ասեցին՝ պիտի մասնակցեմ աշխարհի առաջնությանը կամ օլիմպիական խաղերին, որ իմ անունով էդ խաչը լինի»։
Այսպես՝ Ազարյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց, մասնակցեց 1956-ի ու 1960-ի օլիմպիական խաղերին ու դարձավ խաղերի եռակի չեմպիոն։ Նա երկու անգամ՝ 2004-ին Աթենքում և 2008-ին Պեկինում, տարել է Հայաստանի դրոշը Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, 2020 թվականին՝ ճանաչվել 20-րդ դարի լավագույն մարզիկ։ Տարիներ անց Ազարյանը խոստովանել է՝ սպորտով զբաղվելը ժամանակին ընտանիքը պահելու միակ միջոցն էր․
«Հենց էդպես չէր, որ գնացել, վարժություն եմ կատարել։ Դա պետք էր, ընտանիքի համար, դա պետք էր, և ես սիրով եմ արել ու սիրով դաստիարակել մյուսներին, որ նրանք էլ կարողանան էդ վարժությունն անել»։
1972-ին Ֆաինա Մելնիկը դարձավ առաջին ու դեռևս միակ հայ մարմնամարզուհին, որ նվաճել է օլիմպիական ոսկին, իսկ 1980-ին՝ Մոսկվայում Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդը հռչակվեց չեմպիոն սպոտային մարմնամարզության թիմային պայքարում։ Այստեղ, կարծես, ավարտվեց հայ մարմնամարզիկների հաղթարշավը և միայն 2021-ին՝ 41 տարի անց Տոկիոյի օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր․
«Այս տարի վերջապես կարողացա նվաճել օլիմպիական մեդալ, որի համար շատ ուրախ եմ ու շնորհակալ, օլիմպիական խաղերին կարող էի ավելին, կարող էի ոսկե մեդալ նվաճել»։
Դավթյանը նույն կարծիքին է նաև հիմա՝ արծաթե մեդալը նվաճելուց հետո։ Փարիզում էր նաև մարմնամարզիկ Վահագն Դավթյանը։ Նա եզրափակչում «օղակներ» վարժության ադյունքում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։
Առջևում հունահռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտի և ծանրամարտի մրցումներն են։ Այս մարզաձևերում ևս Հայաստանը լուրջ հավակնություններ ունի։ Օգոստոսի 6-ից պայքարը կսկսի նաև ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։