ԿարևորՄիջազգային

10-րդ օրվա 5-ժամանոց հարվածները. պատերազմը` իրանա-ամերիկյան ճակատում

ԱՄՆ զինված ուժերը հարվածների նոր շարք են հասցրել Իրանին՝ նպատակ ունենալով «էլ ավելի թուլացնել» Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա հարձակումներ իրականացնելու նրա հնարավորությունները, գրում է BBC-ին։

Հարվածների այս շարքն արդեն 10-րդ օրն է շարունակվում, տեւել է հինգ ժամ։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է պատժել Իրանին նախորդ շաբաթավերջին ամերիկացի զինծառայողների զոհվելու համար, ինչի դիմաց, Թեհրանը «բազմապատիկ կվճարի»։

«Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական ռազմական հրամանատարական կենտրոններին, ռազմածովային օբյեկտներին, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակներին, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության համակարգերին՝ թուլացնելու համար Հորմուզի նեղուցով անցնող առեւտրային նավերի վրա հարձակումները շարունակելու  Իրանի կարողությունը »,- ասված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության` CENTCOM- ի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ  նշված է, որ ամերիկյան զինվորականները «պատրաստ են Իրանին պատասխանատվության ենթարկել քաղաքացիական նավաստիների նկատմամբ չարդարացված ագրեսիայի համար»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ նախորդ գիշեր Իրանին հասցվել են «շատ հզոր» հարվածներ՝ ի հիշատակ Հորդանանում եւ Իրաքում նախորդ շաբաթավերջին զոհված երեք ամերիկացի զինծառայողների։ Հարվածների թիրախ են դարձել իրանական ռազմական եւ կապի օբյեկտները։

Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ ի պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթի, Բահրեյնի, Հորդանանի եւ Սիրիայի օբյեկտներին, իսկ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը ներկայում ԱՄՆ-ի դեմ վարում է «լայնամասշտաբ պատերազմ»։

Մասնավորապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարվածներ են հասցրել Քուվեյթում տեղակայված ամերիկյան հակաօդային պաշտպանության, կապի օբյեկտներին եւ անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերին, հաղորդում է իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության՝ խոցվել են վաղ նախազգուշացման ռադարը, հակահրթիռային պաշտպանության ռադիոլոկացիոն համակարգը, հեռահաղորդակցության կենտրոնը, արբանյակային կապի համակարգը եւ Ahmed Al-Jaber ռազմաբազայում տեղակայված Patriot զենիթահրթիռային համալիրը։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն պնդում է, որ ոչնչացրել է Ali Al-Salem ավիաբազայում գտնվող ամերիկյան MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերի անգարը։

Ավելի վաղ Քուվեյթի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը որսում է իրանական բալիստիկ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։

Իրանի բանակը նաեւ հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթի Arifjan ռազմաբազայում տեղակայված ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արձակման կայանքներին, հաղորդում է պետական IRIB հեռուստառադիոընկերությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածը հասցվել է «երկիր-երկիր» դասի հրթիռներով՝ ի պատասխան ամերիկյան հարձակումների։

Հորդանանի զինվորականները երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել են, որ խոցել են իրանական երեք հրթիռ։ Երկրի ամբողջ տարածքում միացել էին ազդանշանային շչակները, որոնք նախազգուշացնում էին մոտեցող հրթիռակոծության մասին։

Ավելի վաղ նույն օրը Քուվեյթի զինված ուժերը հայտարարել էին, որ որսացել են իրանական անօդաչու թռչող սարքեր։

Բահրեյնը հայտարարել է, որ Իրանի արձակած անօդաչու թռչող սարքերը թիրախավորել էին երկրի օդային նավարկության համակարգերը, սակայն տրանսպորտի աշխատանքը չի խաթարվել։

Tasnim գործակալությունը հայտնել է, որ նախորդ երեկոյան ամերիկյան հարվածների հետեւանքով վնասվել են մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Թավրիզը, Չաբահարը, Քոնարակը, Բանդար-Մահշահրը եւ Բանդար Իմամ Խոմեյնին։

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ երկու նավթատար տանկեր պայթել են նեղուցն անցնելու փորձի ժամանակ։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է դա։

Միեւնույն ժամանակ Թեհրանը հայտարարել է, որ, չնայած հրադադարի տապալմանը, երկու կողմերը շարունակում են դիվանագիտական հաղորդագրությունների փոխանակումը միջնորդների միջոցով։

Կարդացեք նաև

Back to top button