Գերդաստաններ

Աշտարակի վանքերից ու միջնադարյան շինություններից մինչև Ջավախքի մարգագետնային հովիտներ. «Գերդաստաններ»   

2024 թվականի հուլիսի 14-ին տեղի ունցավ հին հայկական ճարտարապետության  ուշագրավ նմուշներից մեկի՝ Աշտարակի միջնադարյան կամուրջի 360-ամյակին նվիրված նկարչական փառատոն, որի հիմնական կազմակերպիչն էր Հայաստանի նկարիչների միության Արագածոտնի մասնաճյուղի ղեկավար Գևորգ Մելտոնյանը։  Փառատոնին մասնակցող նկարիչների հետ էր նաև Գևորգի գերդաստանի անդամներից Տիգրան Աբրահամյանը, ում աշխատանքները ևս ջերմ ընդունելության արժանացան։

1830-ական թվականներին Էրզրումից շատ հայեր գաղթեցին Ջավախքի տարածաշրջան, նրանցից Սեդրակ Մելտոնյանի գերդաստանը հաստատվեց Սուլդա գյուղում։ Սեդրակը լավ նվագում էր և երգում։ Գրեթե ամբողջությամբ գիտեր Սայաթ Նովայի և Աշուղ Ջիվանու երգերը, անգիր էր արտասանում շատ բանաստեղծություններ մեր միջնադարյան բանաստեղծներից։ Այս արվեստասեր մարդը նկարում էր նաև, նրան մեծապես գրավում էին Նաղաշ Հովնաթանի գործերը և շատ հաճախ դրանք վերարտադրում էր։ Նրա մասին պատմում էին ոչ միայն որպես երգչի, այլև՝ նկարչի։  

Սեդրակի թոռներից Գրիգորը ևս ուներ գույների հիանալի զգացողություն և գծանկարչական յուրահատուկ հմտություն ու նկարում էր հատկապես ծաղրանկարներ, ժամանակի ամսագրերից կամ թերթերից նրան դիմում էին։ Շուտով Գևորգը ընտանիքի հետ տեղափոխվեց Աշտարակ և երբ ծնվեց որդին՝ Գևորգը, Գրիգորն ու կինը  կանխազգում էին, որ որդին նկարիչ կդառնա, քանի որ  Գրիգորը, երեխայի մահճակալի մոտ նստած շատ էր նկարում։ Որդին՝ Գևորգը, երբ մեծացավ, հաճախ էր հետևում հոր աշխատանքին, վերցնում մատիտներն ու թղթերը և սկսում ինքնուրույն նկարել։ Տեսնելով որդու ընդունակությունները՝ հայրը տարավ նրան Աշտարակի մշակույթի տան նկարչական դասարան, և տղան սկսեց նկարել սիրով ու համբերությամբ։ Շատ նկարիչներ էին գալիս Աշտարակ, գտնում մի հետաքրքիր անկյուն հնամենի այս վայրում և ստեղծում հիանալի մնայուն արժեքներ։ Գևորգն էլ թաքուն հետևում էր, սովորում նրանցից լավ նկարելու կուլտուրա։ Մի օր էլ նկարեց իր մեծ տատիկին՝ Ագո բաբոյին, որի հերոսական կյանքի մասին պատմել էր հայրը՝ պատմում է Գևորգը։

Գևորգը մանկությունից ժառանգել էր նաև Սեդրակ պապի երաժշտական ընդունակությունները։ Նա նաև ինքնուս կոմպոզիտոր է, ինչի մասին դեռ չի ուզում բարձրաձայնել ու խոսել։

Երբ Գևորգը ընդունվեց Թերլեմեզյանի անվան ուսումնարան, հանդիպեց շատ տաղանդավոր նկարիչների, որոնք նրան նկատեցին, խորհուրդ տվեցին շարունակել ու զարգացնել իր բնանկարչական հմտությունները։ Գևորգն իր օրվա մեծ մասը անցկացնում էր Աշտարակի ձորերում, հնավայրերում, ու կային եկեղեցիներ, բնություն, հետաքրքիր շինություններ, և շատերը, ովքեր գալիս էին Աշտարակ և ուզում էին որևէ նկարչի հետ հանդիպել, փնտրում էին նաև նրան։ Զրուցում էին, նկարներ գնում և բարձր տրամադրությամբ հեռանում։ Գևորգի աշխատանքները՝ բնապատկերներն ու վանքերը, ստեղծվում են ավելի շատ քարի, հողի գույներից, երբեմն էլ մեղվի ու թիթեռի երանգները խառնվում են խոտին ու ծաղկին ու մի հոգեզմայլ մեղեդի պարգևում։ Ինչպես օրինակ՝ Սաղմոսավանքը, Ամբերդը, Մայր տաճարը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրադարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի կողմից կազմակերպված և հրատարակված պատկերագիրքը՝ նվիրված Մայր Աթոռ Սուրբ էջմիածին տաճարին, ընդգրկում է հանրահայտ նկարիչների աշխատանքներ, և այստեղ է նաև Գևորգ Մելտոնյանի  աշխատանքը՝ նվիրված Մայր տաճարին։

2024 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցավ հին հայկական ճարտարապետության ամենաուշագրավ խորհրդանիշներից մեկի՝ Աշտարակի միջնադարյան կամուրջի 360-ամյակին նվիրված փառատոն։ Փառատոնը կազմակերպել էր Հայաստանի նկարիչների միության Արագածոտնի մասնաճյուղի ղեկավար Գևորգ Մելտոնյանը։ Փառատոնին մասնակցում էին շատ նկարիչներ, որոնք նկարում էին հնամենի կամուրջը, և այդ 90-120 մեծության նկարի վրա կային Գևորգ Մելտոնյանի, Տիգրան Աբրահամյանի ու շատերի ինքնատիպ ձեռագրերը։

Տիգրան Աբրահամյանը Գևորգի մորեղբոր որդին է։ Ջավախքի մարգագետնային  գունեղ դաշտերն ու բարձրագագաթ սարերը գերել են երիտասարդ տղային։ Սկզբնական շրջանում Տիգրանը սովորել է Ջավախքում՝ հայտնի նկարիչ Կարլեն Կարախանյանի դասարանում, գծի իմաստուն վարպետը սովորեցրեց այդ կախարդական աշխարհի գաղտնիքները։ Նա, թեև հետո նկարչական կրթությունը շարունակեց Ռուսաստանում, սակայն միշտ հարազատ մնաց հայրենի անեղծ բնությանն ու միջավայրին։ Դրա մասին են վկայում նրա շատ հուզիչ աշխատանքները։

Գևորգի կինը Աշտարակի գեղարվեստի դպրոցի տնօրեն Արմինե Չախալյանն է։ Նկարչական աշխարհին մոտ կանգնած կինը երեխաներին ևս կապում գեղեցիկ, խորհրդավոր աշխարհի հետ։ Տիգրանը Ջավախքից ընտանիքով տեղափոխվել է Աշտարակ։ Նրա և Գևորգի ընտանիքները հաճախ են հանդիպում՝ զրուցում, քննարկում այս կամ այն աշխատանքը։

Գևորգ Մելտոնյանը և Տիգրան Աբրահամյանը լրացնում են հայաստանյան  երիտասարդ, հետաքրքիր նկարիչների խումբը նոր երանգներով և ասելիքով։

Back to top button