Գերդաստաններ

Ջութակով պատմություն ներկայացնող երաժիշտն ու խոստումնալից եղբորորդին. Թադևոսյաններ. «Գերդաստաններ»

Հանրահայտ ջութակահար, ՀԽՍՀ  ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը մեծ ներդրում ունի հայ երաժշտարվեստի զարգացման, տարածման և սերունդների պատրաստման գործում։

Սեդրակ Թադևոսյանը, որը 19-րդ դարում ապրում էր Արևմտյան Հայաստանում՝ Ալաշկերտում, ռուսական բանակի դերձակ էր, իսկ նրա կինը՝ Վարդուհին, մայրապետ էր տեղի բժշկական կենտրոններից մեկում։1915 թվականի տեղահանության ժամանակ նրանք ունեզրկված գաղթեցին Արևելյան Հայաստան և պատսպարվեցին Սուրբ Սարգիս եկեղեցու  բակում գտնվող քարանձավներից մեկում։

Սեդրակի որդին ՝ Զոհրապը, և քույրերը երաժշտական ընդունակություններ ունեին։ Զոհրապը երգում էր և թառ էր նվագում, քույրը՝ Եսթերը, երգում էր Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում, մյուս քույրը՝ Գրետա Թադևոսյանը, երաժշտական կրթություն ստացավ և հետագայում մեծապես նպաստեց եղբոր տղայի՝ Էդուարդի երաժշտական  կրթությանը։

Էդուարդի երաժշտական ընդունակությունները երևում էին հենց խանձարուրից, երբ նա երգի հնչյուններին արձագանքում էր դեմքի ներդաշնակ շարժումներով և հետաքրքիր հայացքով։ Քնքուշ ու մեղմ բնավորությամբ, երբեմն նույնիսկ կարմրող տղան  հասակ էր առնում, դառնում ավելի զգայուն, և երբ ծնողները նրան իր իսկ ցանկությամբ տարան երաժշտական դպրոց, ուրախությանը չափ ու սահման չկար։

Երբ Էդուարդ Թադևոսյանը 1965 թվականին ավարտեց Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցը, նրան արդեն պարբերաբար լսում էին մեր անվանի կոմպոզիտորները և կանխագուշակում էին տղայի վառ ապագան։ Նա Երևանի մասնագիտական երաժշտական 10-ամյա դպրոցի, Տատյանա Հայրապետյանի դասարանի շրջանավարտներից էր։

1965 թվականին դեռ դպրոցական էր, երբ արժանացավ Անդրկովկասյան հանրապետությունների երիտասարդ երաժիշտների մրցույթի դափնեկրի կոչման, իսկ 1967 թվականին Լեհաստանի Պոզնան քաղաքում կայացած «Հենրիկ Վենյավսկի» միջազգային մրցույթի, իսկ 1969 թվականին Փարիզի «Մարգարիտ Լոնգ» և «Ժակ Տիբո» միջազգային մրցույթի դափնեկիր դարձավ։ 

Քառյակի կազմում ջութակահարը ելույթ է ունեցել բազում երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Մեքսիկա, Վենեսուելա, Գերմանիա , Շոտլանդիա և այլուր։ Որպես մենակատար նրա ելույթները նույնպես ընդարձակ աշխարհագրություն ունեն՝ պատմում է ջութակահարի եղբոր՝ Սեդրակ Թադևոսյանի դուստրը՝ դաշնակահարուհի Վերոնիկա Թադևոսյանը։

1970 թվականին Էդուարդը ավարտեց Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը՝ Լեոնիդ Կոգանի դասարանը։ Հանրահայտ երաժիշտն ու մանկավարժը իր սանի մեջ տեսնում էր այն, ինչ անհրաժեշտ էր իսկական երաժիշտին՝ հնչյունների  բարձրաճաշակ  ընկալում, իհքնատիպ, բարձր  արտահայտչականությամբ մատուցման ձև։

1970 թվականին նրան նկատեց  անվանի ջութակահար Ավետ Գաբրիելյանը և հրավիրեց Կոմիտասի անվան պետական լարային քառյակ՝ որպես 2-րդ ջութակահար։ 1976 թվականից քառյակի գեղարվեստական ղեկավարն է ու առաջին ջութակահարը: Աշխարհի 50 երկրներում նա հանդես է եկել ՝ յուրօրինակ մոտեցմամբ մատուցելով կոմիտասյան հնչյունները։  

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր Բաբկեն Սիմոնյանը մտերիմ հարաբերություններ ունի ջութակահարի հետ, մշտապես ներկա է գտնվում նրա համերգներին։ Նա պատմում է երաժշտի ընտանիքի, մարդկային բարձր որակների, նրա անհատականության մասին` որպես ջութակահարի, և որպես ընկերոջ, որի հետ զրույցներն անսահման հումորով էին ուղեկցվում։

Ջութակահարի կինը տարիներ առաջ Հայաստանի կանանց միության խորհրդի նախագահ Նոռա Հակոբյանն էր։ Նրանք միմյանց հանդուրժող  և հոգատար ամուսիններ էին։ Էդուարդը շատ էր սիրում կենդանիներ։ Նա շնից հետո պահում էր մի գեղեցիկ, հպարտ, երկգույն աչքերով  Վանա կատու, և հանուն Էդուարդի կինը կատարում էր նաև քմահաճ ու ինքնավստահ կատվի բոլոր ցանկությունները։ Ամուսինները նրան սիրում էին ոչ միայն գեղեցկության և ինքնավստահ պահվածքի համար, այլև կորուսյալ հայրենիքի կարոտից։

Էդուարդ Թադևոսյանի եղբոր որդին՝ Զոհրապ Թադևոսյանը, արդեն խոստումնալից երաժիշտ է։ Զոհրապի ընդունակությունների վրա ապշած էին մնացել Եվրոպայի մասնագետները՝ հատկապես Մադրիդում։ Էդուարդ Թադևոսյանը մեծ ներդրում ունի Զոհրապի՝ կատարյալ երաժիշտ դառնալու հարցում։ Աշխարհում շատ անվանի երաժիշտներ, երբ լսում են, որ նրա հետ պարապել է Էդուարդ Թադևոսյանը, ավելորդ են համարում միջամտել կամ ինչ-որ նոր բան ավելացնել նրա կատարումներին։

Վերոնիկան ևս  դարձավ շնորհալի դաշնակահարուհի։ Նա հորեղբորը համարում  է իր լավագույն ուսուցիչն  ու խորհրդատուն։

Հանրահայտ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանն ասում էր․ «Էդուարդ Թադևոսյանն արդեն տասնամյակներ է Կոմիտասի անվան պետական լարային քառյակի  ղեկավարն է, և ինչպես այն ժամանակ անփոխարինելի էր Ավետ Գաբրիելյանը, այնպես էլ այսօր անփոխարինելի է Էդուարդ Թադևոսյանը։ Չեմ պատկերացնում քառյակն առանց նրա։ Ցանկանում եմ նշել նրա դերը որպես փայլուն մենակատար–ջութակահար, մանկավարժ և հասարակական գործիչ։

Կարդացեք նաև

Back to top button