Գերդաստաններ

Որտե՞ղ են ապրում հայ դիցարանի աստվածները. Վարդումյաններ. «Գերդաստաններ»

Լոռվա մարզի Վահագնի գյուղում կարող եք տեսնել Վահագն աստծո արձանը, որի քանդակագործը հանրահայտ Ղուկաս Չուբարն է։ Արձանի համար նախատիպ է եղել Դերենիկ Վարդումյանն իր դիմագծով ու հպարտ կեցվածքը։

Պատմաբան, կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր  Դերենիկ Վարդումյանը արդի հայ ազգագրության նահապետն է, «Լոռեցիների նոր կենցաղը», «Հայաստանի կոլտնտեսականների ընտանիքը և ընտանեկան կենցաղը» աշխատությունների, մասնագիտական մեծ ծավալի գրական ժառանգության հեղինակը, մեծ ավանդ է ունեցել ժողովրդական մշակույթի տարբեր բնագավառների գիտական հետազոտությունների ոլորտում և նաև ազգագրագետներ պատրաստելու գործում։

Դուստրը ազգագրագետ-դիցաբան, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Վարդումյանն է, որի նոր բացահայտումներ-վերահաստատումները մեր հին աստվածների մասին են անչափ հետաքրքիր են ու ճանաչողական արժեք ունեն։

Գեղատեսիլ Լոռվա Վահագնի գյուղում է գտնվում Սուրեն պապի կառուցած  Վարդումյանների հայրենի տունը։ Դժվարին մանկություն է ունեցել Դերենիկը։ Հայրը 1937 թվականի Ստալինյան բռնության զոհ էր դարձել ու ինքը մոր և քույրերի հետ հաղթահարել է բոլոր դժվարությունները։ Սիրում էր Լոռվա բնաշխարհը, կենցաղն ու սովորույթները։ Հաճախ էր նստում մեծերի հետ, զրուցում, նրանցից լսում ավանդույթների, ծիսակարգերի մասին հետաքրքիր պատմություններ։

Այս ամենը հետաքրքրում էր տղային այնքան շատ, որ  դարձան նրա մշտական ուղեկիցները, իսկ ապա որոշեցին մասնագիտական ապագա ուղին։

Ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատում «Ավանգարդ» թերթում և հետո ընդունվում ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրան՝ ազգագրության ուղղությամբ։ Պատմությունը շարունակում է դուստրը՝ ազգագրագետ, դիցաբան, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Վարդումյանը։

Դերենիկ Վարդումյանը իսկական լոռեցի էր՝ իր էությամբ, խոսելաոճով, մտածողությամբ, նա անդրադառնում էր լոռեցի կանանց կենցաղին ու սովորույթներին, նրանց նիստ ու կացին, կարևորում էր նոր ժամանակներում նրանց կանանց տրված ազատությունը։

Գիտնականը մեծ ներդրում է ունեցել ազգագրության զարգացման գործում։ Երբ 1959 թվականին հիմնվում է հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ազգագրական գիտության զարգացման հիմնական գրավականը նա  համարում էր կադրերի պատրաստումը։ Նրա անմիջական մասնակցությամբ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում հիմնադրվեց հնագիտության և ազգագրության ամբիոնը, ստեղծվեց Հայաստանի ազգագրության պետական թանգարանը։

Դեռևս 1956 թվականին նա առաջարկել էր ամեն տարի մեկ ամսով գիտարշավի մեկնել վարչական մեկ շրջան և դաշտային նյութեր հավաքել կենցաղի բոլոր բնագավառների վերաբերյալ։ Առաջարկությունն իրականացավ։

Դերենիկ Վարդույանը դստեր՝ Գոհարի հետ հաճախ էր շոսում պատմական, ազգագրական տարբեր հարցերի շուրջ։ Երբ ավարտեց  պետական համալսարանը ու մի քանի լեզուների էր տիրապետում, հնարավորություն ունեցավ լավագույն ձևով  ուսումնասիրելու հնագույն դիցաբանությունը և գիտական ուսումնասիրություններից համոզվեց, որ մեր աստվածները՝ ի տարբերություն հունականի, որոնք բնակվում են Օլիմպոս լեռան վրա, ապրում են երկնքում։

Գոհար Վարդումյանը 1975 թվականին ավարտեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան, տիրապետում է 7 լեզվի, հեղինակ է 120-ից ավել գիտական հոդվածների՝ անգլերենով, հայերենով, ռուսերենով, չինարենով, «Կրոնների պատմություն, հին կրոններ» բուհական ուսումնական ձեռնարկի համահեղինակն է։

Գերդաստանի երիտասարդները թեպետ ազգագրագետներ չեն, սակայն Դերենիկ և Գոհար Վարդումյանների դերը մեծ է եղել նրանց դաստիարակման, աշխարհայացքի ձևավորման գործում։ Նրանք տարբեր մասնագիտություններ են ընտրել, սակայն կապված են հայրենի Վահագնին։ Իսկ երիտասարդ Վահագնը ստեղծել է տուրիստական ընկերություն, այցելուներին ծանոթացնում է Վահագն գյուղի հնագիտական արժեքների, Լոռվա կենցաղի ու սովորույթների հետ։

Լոռվա հիասքանչ աշխարհի կենցաղին ու սովորույթներին վերաբերող աշխատանքները Դերենիկ Վարդումյանի կողմից մի հիանալի նվեր են ոչ միայն  լոռեցիներին, այլ մեր ողջ ազգին, իսկ նրա դստեր՝ շատ հետևողական գիտնական Գոհար Վարդումյանի դիտարկումներն ու համոզիչ մեկնաբանությունները մեր երկնաբնակ աստվածների մասին հարստացնում են հայ դիցաբանության պատմությունը, ցույց տալիս նրա շքեղությունը։

Կարդացեք նաև

Back to top button