Դիվանագիտական գործ

Ի՞նչ սկզբունքով էր Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրում առաջին դեսպաններին․ «Դիվանագիտական գործ»

Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար, Ֆրեզնոյում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանը 1991 թվականին խնամքով մի կողմ է դնում Ամերիկյան երազանքն ու Հայաստան է գալիս իր հայկական երազանքի հետևից, այն է՝  մեր երկիրն ու ինքնությունը տեղավորել միջազգային դիվանագիտական քարտեզի վրա:

Մենք շարունակում ենք ամեն չորեքշաբթի Հանրային ռադիոյի տաղավար հրավիրել Երրորդ հանրապետության առաջին դեսպաններին, և նրանց հետ զրուցել արտաքին կապերի ձևավորման զրոյական կետի, գործած սխալների և դրանից բխող հետևությունների մասին:

Այսօրվա հաղորդումից կիմանանք, թե ինչ սկզբունքով էր Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրում առաջին դեսպաններին և թե ինչ էր զգում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի ինքնիշխանությունը հռչակելիս:

Դիվանագիտական գործ N1

-Առաջին տարվա ընթացքում հիմնականում ես էի արտասահման գնում, էն էլ հայրիկի հաշվին, որովհետև պետությունը չէր կարող: Հիմնական ճամփորդողը ես էի, արդեն այդ ընթացքում, երբ Երևանում նոր նախարարության շենքը սկսեց լիանալ դիվանագետներով, հիմնական վայրը Երևանի ՍԴ-ի շենքն էր և առաջին տարվա ավարտից հետո կարող ենք ասել, երբ Հայաստանը ճանաչված էր և ուներ նվազագույն հնարվորություն աշխարհի հետ շփվելու, նոր սկսեցինք ուղղել մեր դիվանագետներին դեպի աշխարհ:

Խորհրդային Հայաստանից կես մայրցամաք այն կողմ ծնված Րաֆֆի Հովհաննիսյանի համար 1991 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մեծ դաշտ ստեղծվեց ստեղծարար աշխատանքի համար: Պետք էր դարբնել մի միջազգային գործընթաց, որը կապահովեր Հայաստանին ճանաչելիություն և հնարավություն կտար Արցախին դառնալու դիվանագիտական միավոր: Այս նպատակի համար խելացի և բարեկիրթ կադրեր էին պետք:

-Խելացի բարեկիթ, լավ սկիզբ է, բայց կային նաև մասնագիտական, լեզվի իմացության, բանական արվեստի կիրառման հրամայականները, քանի որ չունեինք դիվանագիտական դպրոց, բայց  ունեինք դիվանագետներ, որ ծառայում էին տարբեր երկրների դիվանագիտական ծառայություններին, մի փոքրիկ մաս պատրատ էր ետ վերադառնալ հայրենիք:

Մինչ ուշ գիշեր նախարարության ներսում տարբեր երկրների փորձը հաշվի առնելով մշակվում էր կադրերի հավաքագրման ընթացակարգը. փոքրիկ հանձնաժողով՝ հարցազրույցի համար, գրավոր քննություններ…

Հազարավոր դիմորդներից ընտրվեցին հարյուրն ու կազմեցին Հայաստանն աշխարհին ներկայացնող թիմի մեկնարկային կազմը:

— Ընտրվածների մեծ մասը մնացին Երևանում, սկսեցին կատարել չարքաշ աշխատանք՝ խիստ ղեկավարությամբ, համակարգչային խաղերը արգելվում էին և նաև կազմակերպվում էին ներքին դասընթացներ դիվանագիտական գրագրություն, հարաբերակցության տեսակների և բովանդակային հարցերի մասին: Ունեինք աշխարհագրության մասնագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, բոլոր ուղղությունների ներկայացուցիչներ:

Հավաքված թիմը ֆաքսի միջոցով թակում էր Հյուսիսի, Հարավի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների դռներն ու ասում՝ մենք արժանի ենք ճանաչման:

***

Այս երկրներից Ամերիկան այդքան էլ չէր շտապում դիվանագիտական կապեր հաստատել նորանկախ Հայաստանի հետ:

Սա ուներ իր պատճառները, առաջին հերթին դա պայմանավորված էր Ռուսաստան–ԱՄՆ հարաբերություններով: Նախորդ ամիսներին Ելցինը շատ ակտիվ քննարկումների մեջ էր ԱՄՆ նախկին նախագահի հետ, թե ինչպիսի ինտեգրացիոն մոդել պետք է ստեղծվի և ինչպիսի ճակատագիր է սպասվում Ռուսաստանին և առհասարակ հետխորհրդային պետություններին:

Միջազգային հարաբերությունների մասնագետ Ժակ Մանուկյանն արձանագրում է, որ այդ ժամանակ հետխորհրդային երկրներում երկու հակասական գործընթաց էր տեղի ունենում, մի կողմից այդ 15 երակները ձգտում էին անկախության, մյուս կողմից համակեցության մի նոր մոդել ստեղծելուն, որին Հայաստանը գրեթե չէր մասնակցում:

-Հանուն արդարության պետք է նշենք, որ Հայաստանի ղեկավարությունը միջազգային բոլոր նորմերին համապատասխան անկախության գործընթաց սկսեց իրականացնել իրավական բոլոր հերթականությունը և ընթացակարգը պահպանելով:

Դա սկսվեց 1990-ի օգոստոսի 23-ին ՀՀ անկախության մասին հռչակագիր ընդունելով, որից հետո Հայաստանը չմասնակցեց նոր միութենական պայմանագրի նախագծի շուրջ քննարկումներին, ընդհակառակը 1991-ի սեպտեմբերի 21-ին մենք անկախության հանրաքվե անցկացրինք: Բայց եթե ձեզ թվում է, թե ԱՄՆ-ի համար սա ծանրակշիռ պատճառ էր Հայաստանի անկախությունը ճանաչելու համար, ապա՝ սխալ է թվում:

— Միայն այն բանից հետո, երբ դեկտեմբերի 25-ին Խորհրդային Միության նախագահ Գորբաչովը հրաժարական տվեց, ԱՄՆ-ն նույն օրը ճանաչեց Ուկրաինայի, Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի անկախությունը:

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին՝ իրենց վրա կրելով Հարավային Կովկասում և հետխորհրդային երկրներում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցությունը: Երկկողմ հարաբերություններում առաջին քայլը կատարվեց 1992թ. հունվարի 7-ին, երբ տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակցությունը ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեքերի հետ:

-Այդ ժամանակ քննարկվեցին ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խնդիրները, այլ նաև երկու պետություններին անհանգստացնող հարցեր, և ամենակարևորը՝ Միացյալ Նահանգները ցանկանում էր ճշգրտումներ ստանալ ՀՀ-ից՝ ինչպիսին է լինելու մեր մոտեցումը հայ-թուրքական սահմանի և առհասարակ Թուրքիայի հետ հարաբերություններում;

Երկրորդ կարևոր հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններն էին և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Պետքարտուղարի և ՀՀ ԱԳ նախարարի զրույցի սղագրությունից ակնհայտ էր, որ հայկական կողմը որոշակի ակնկալիքներ ուներ ինչի-որ պահի ամերիկացի խաղաղապահներ տեղադրելու հակամարտության գոտում, բայց դա պայմանավորված էր տվյալ պահի իրավիճակով: Հետագան ցույց տվեց, որ մերոնք ի զորու էին սեփական ուժերով իրականացնել Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը: Ինչպես նաև ի զորու էին իրացնելու սեփական ինքնիշխանությունը ողջ ծավալով նաև ՄԱԿ-ի ամբիոնից:

Դիվանագիտական գործ N2

Այդ օրը և նաև դրա նախորդ օրը հայրիկի հետ էի նոր հյուրանոցի համեստ համարում, ես անքուն էի, զննում էի իմ ելույթը, փոփոխություններ էի անում, մտածում օրվա պատմականության ժառանգության մասին, մտածեցի, որ  Ռիչարդ և Վարդիթեր Հովհաննսիայնների որդին էի, իմ պապերը, տատերը վերապրել են մեծ եղեռնը և մեր ընտանիքը նոր էր կազմավորվել, և ես հասկանում էի,  որ սա իմ պահը չէ, սա մի փոքրիկ օրինակ էր հայ ժողովրդից վերցրած, որ մի ամբողջ ժողովրդի պատմություն է, և այդ պատասխանատվությունն էր ինձ անքուն պահում:

1992թ․ մարտի 2-ին  Հայաստանն անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը։ Հայտնի նկարից երևի կհիշեք, որ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ մեր երկիրը ներկայացնում էին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, մասնակցում է ՄԱԿ ԳԱ 46-րդ նստաշրջանին, 2 մարտի, 1992թ․

Որոշեցի ելույթս սկսել մի քանի բառ հայերենով, որը կարող է առավելագույնս ներգործել: Ադրբեջանցին իր լեզվով խոսեց, բայց նա թարգանիչ չուներ, ուստի իրեն ոչ մեկ չհասկացավ, բայց դա հատուկ ուշադրություն ինձ չպատճառեց, մեր պատվիրակությունը անում էր իր գործը: Ինձ բախտ վիճակվեց բարձրացնել մեր անկախ Հայաստանի դրոշը բոլոր նրանց փոխարեն որոնք պայքարել ու երազել էին, հայրենազրկվել էին այդ օրվա համար:

Այդ օրը տեղի ունեցավ երկու պատմական իրադարձություն՝ առաջինը՝ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, և երկրորդը՝ թեև ոչ շատ երկար, սակայն աշխարհի այս ամենաներկայացուցչական կազմակերպության պատերի ներքո հնչեց հայերենը:

Այդ օրն այսպես է հիշում Հայաստանի մեկ այլ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Այդ ժամանակ նա Ֆլեթչերի դիվանագիտության դպրոցի ուսանող էր և ներս մտնելու հրավերը մի կերպ էր ձեռք բերել:

Անձնական գործ

-Վախ չկար, բայց կար մտավախությունը, որտեղ խցկվել է նաև վախը և որ պիտի այնպիսի խնդիրներ, վտանգներ  լինեն, որ պիտի կարողանաս, պիտի դժվարանաս լուծումներ գտնել։ Ցանկացած մասնագիտության համար դա նաև խթանիչ ուժ է, հրավիրող հանգամանք է, որ պիտի կարողանաս բարձրանալ և իրացնել այդ կոչումը:

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արտգործնախարար դառնալու առաջարկին ուղեկցող զգացումները Րաֆֆի Հովհաննիսայանը հենց այսպես է բնորոշում: Բայց նոր մեկնարկող արտաքին հարաբերությունների մարտահարվերին պատրաստ էր հոգով, սրտով ու կրթությամբ:

-Հայրս եղել է Առաջին Հանրապետության պատմագիրը, և ես գիտեի, որ մտնում էի անորոշության և մեծ մարտահրավերնեիով հագեցած դաշտ, որտեղ չկար պատրաստի համակարգ արտաքին քաղաքականության, կային 4-5 շատ նվիրված  վերլուծաբաններ, դիվանագետներ՝ Խորհրդային Հայաստանի ԱԳՆ անունով:

Պատմաբան հայր ունենալու փաստը Րաֆֆի Հովվհաննիսյանին ստիպել էր մարդկանց հետ թղթերով շփվել՝ ուսումնասիրողների համար պատմական հետագիծ ու արխիվ ստեղծելու ցանկությամբ: Արդյունքում կողմերը զրկվել էին մարդկային պարզ շփումից։ Հիմա այդպես չէր անի:

Իհարկե, կա կարոտախտ թե սեփական քայլերը նոր լույսի տակ քննելու ու ավելի լավը ուզելու հետադարձ մեթոդաբանաությունը, կա որպես պատմաբանի որդի՝ ինչ կարող էի ավելի լավը անեի, նաև կա բավարարվածություն, որ ունեինք այդ հնարավորությունը, այդ մի տարին այդպես ծառայելու համար և կարծում եմ, երախտագետ եմ այդ պատեհության համար:

Back to top button