ԿարևորՄշակույթ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը, որն անցկացվել է հունիսի 2-19-ը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:
Հաշվետու ներկայացումները դիտել և մասնակիցների հավաստագրերը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Բեմը հենց այն տեղն է, որտեղ հրաշքներն իրականություն են դառնում են․ պետության անմիջական պատասխանատվությունն է յուրաքանչյուր բնակավայրում երեխաների համար հրաշքների իրականացման հնարավորություններ ստեղծել։ Մշակութային կրթությունը պետք է դառնա յուրաքանչյուր երեխայի կրթության անբաժանելի մասը։ Վստահ եմ, որ հենց այս բեմից է սկսվում մասնակից երեխաաների հետագա հաջողությունների ճանապարհը»,- շնորհավորելով ծրագրի մասնակիցներն՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է ստեղծել հետաքրքիր երկխոսություն թատրոնի և դպրոցի միջև, դրա միջոցով ձևավորել թատերական համայնք և նպաստել մասնագիտական կողմնորոշմանը։
«Հնարավոր չէ ձևավորել լիարժեք քաղաքացի՝ առանց մշակույթի հետ անմիջական հաղորդակցության։ Մեր նպատակն է՝ պատանիներին ծանոթացնել թատերական աշխարհի հետ»,- ասել է Վարդան Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարությանը կարևոր ծրագրին աջակցելու համար։

Ընտրական փուլերը հաղթահարած 72 պատանիներ՝ 6 խմբով աշխատել են իրենց ղեկավարների և դասախոսների հետ՝ յուրացնելով բեմական խոսքի, երգեցողության, բեմական շարժման, դերասանի վարպետության հիմունքները։ Ծրագիրը ժանրային առումով բազմազան է. մասնակցել են դրամատիկ, մնջախաղի, մյուզիքլի, պարի խմբեր։

2026 թվականի ծրագրի նորությունը՝ առանձին խումբ է հավաքվել նաև Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Հաշվետու ներկայացումների ժամանակ բոլոր մասնակիցները հանդես են եկել Մայր թատրոնի բեմում։
Ռիմա Պիպոյանի գլխավորությամբ պարի խումբը ներկայացրել է «Բեքլայթ» բեմադրությունը, Լյուդվիգ Հարությունյանի ղեկավարած դրամատիկ խումբը՝ «Կենդանական զրույցներ», Հայկ Իսրաելյանի գլխավորած մնջախաղի խումբը՝ «Դասը», Արթուր Կարապետյանի սաները՝ «Խելքի աշեցեք», Արմեն Քուշկյանի խումբը՝ «Ամբոխները խելագարված», Գևորգ Դավթյանի գլխավորած մյուզիքլի խումբը՝ «Խաղաղության աղավնիներ» ներկայացումները։

Կարդացեք նաև

Back to top button