ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վթարից հետո 15 րոպեում մեքենաները պետք է հեռացվեն տարածքից. ՏԻՄ օրենքում փոփոխություններ կարվեն

Երևանի մասին օրենքում որոշ փոփոխություններ են նախատեսվում. թեթև վթարների դեպքում առավելագույնը 15 րոպեում ավտոմեքենաները պետք է հեռացվեն երթևեկելի գոտուց: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ քայլեր ձեռնարկել օրենքում փոփոխություններ նախաձեռնելու համար: Քաղաքապետն ասել է, որ հասկանում է ապահովագրական ընկերությունների ռիսկերը, բայց նաև կարծում է, որ պետք է ընդհանուր լուծում գտնվի։ Ի վերջո՝ թեթև վթարից առաջացած մինչև 200-250 հազար դրամի վնասը երթևեկության մյուս մասնակիցների համար կարող է ավելի թանկ արժենալ։

Ավտոմեքենաների բախումից հետո առավելագույնը 15 րոպեի ընթացքում վթարված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համապատասխան վարչություններին  հանձնարարել է համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ ու անհրաժեշտության դեպքում ՏԻՄ օրենքում կրկին փոփոխություններ առաջարկել։ Նա հիշեցրել է, որ ՏԻՄ օրենքում մի անգամ նման փոփոխություն եղել է, բայց խնդիրը այդպես էլ չի լուծվել։

«Պետք է խնդրեմ պարեկային ոստիկանության գործընկերների հետ քննարկել և մեր ՏԻՄ օրենքում որոշակի փոփոխություններ առաջարկել, որոնք կվերաբերեն պատահարներին։ Ե՛վ քաղաքապետարանի, և՛ երևանցիների հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մեքենաների բախման ժամանակ, նույնիսկ եթե դա շատ ծանր բախում չէ, այդտեղ ահռելի խնդիր է առաջանում»։

Քաղաքապետի այս առաջարկը վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը ողջունում է, բայց անիրատեսական է համարում։ Ըստ նրա՝ այդ մեխանիզմը չի գործել նախկինում, չի գործելու նաև հիմա, եթե նույնիսկ մի քանի օրենք ընդունվի դրա համար։

«Նախ՝ նման մասնագետ չկա, որ գլուխ հանի, թե ինչպես անի։Եվ երկրորդ՝ դա ապահովագրականը չի ցանկանում։ Այժմ երթևեկությունը կարգավորում է ավելի շատ ապահովագրականը, քան քաղաքապետարանը կամ ոստիկանությունը»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է, որ հասկանում է ապահովագրական ընկերությունների ռիսկերը, բայց նաև կարծում է, որ պետք է ընդհանուր լուծում գտնել։ Ի վերջո՝ թեթև վթարից առաջացած մինչև 200-250 հազար դրամի վնասը երթևեկության մյուս մասնակիցների համար կարող է ավելի թանկ արժենալ։

«Առավելագույն ժամկետը, որի ընթացքում այդ մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից, 15 րոպեն է, դրանից ավել չպետք է նման բան տեղի ունենա։ Ես հասկանում եմ ապահովագրական ընկերությունների խնդիրները, բայց պետք է ընդհանուր լուծում գտնվի։ Մենք միակ քաղաքն ենք աշխարհում, որ նման շռայլություն է թույլ տալիս, որ ապահովագրական ընկերությունների ռիսկերը բացառված են, և մենք բոլորս պետք է սպասենք, որպեսզի մինչև վերջին դրամը հստակ իմանանք, որ, այո, 233 հազար դրամի վնաս է եղել»:

Երթևեկության փորձագետն այստեղ հիշեցնում է, որ ժամանակին ՃՈ և Ապահովագրական բյուրոյի միջև պայմանագիր է կնքված եղել, ըստ որի այն հատվածներում, որոնք տեսախցիկների հսկողության տակ են, վթարի դեպքում մեքենաները րոպեների ընթացքում պետք է ազատեին տարածքը։

«Զանգում էիր, համոզվում, որ այո, տեսախցիկը ֆիքսել է, օպերատիվ կառավարման կենտրոնից հաստատում էին , և այդ պահից սկսած կարելի էր դուրս բերել մեքենան։ Բայց դա մնաց թղթի վրա, չիրականացավ, որովհետև ապահովագրական ոլորտում այլ կարծիքի են, այլ ցանկության։ Իսկ քաղաքապետարանի և ոստիկանության կամքը շատ քիչ է, որպեսզի դա իրականանա»։

Մյուս կողմից էլ հաճախ հենց վարորդները համաձայնության չեն գալիս վնասի չափի հարցում և որոշում են չտեղաշարժվել և սպասել պարեկային ծառայությանը։ Հակառակ դեպքում՝ չկա երաշխիք որ վնասը կփոխհատուցվի։ Ըստ Արտակ Խաչատրյանի՝ այն պահից, երբ վթարներին վերաբերող լծակները հանձնվեցին ապահովագրական բյուրոյին, և այդ կառույցը սկսեց խաղի իր կանոնները սահմանել, ոչ քաղաքապետարանը, ոչ էլ ոստիկանությունը այլևս չունեն իրավական և տեխնիկական մեխանիզմներ այս ոլորտում քաղաքականություն փոխելու կամ առավել ևս թելադրելու։

Back to top button