ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խորհրդարանական «թվաբանությունը» տապալում է ընդդիմության ծրագրերը․ արտահերթը կհրավիրվի, բայց չի կայանա

Հունիսի 17-ին ժամը 18.30-ին  խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։ Նիստի մեկնարկից առաջ, սակայն,  կարելի  է կանխատեսել, որ այն չի կայանա, քանի որ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները վերջին օրերին բազմիցս հայտարարել են՝ չեն պատրաստվում մասնակցել հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։ Այսպիսով՝ արտահերթ նիստը կգումարվի, բայց չի կայանա քվորումի բացակայության պատճառով։

Խորհրդարանական ընդդիմությունն աստիճանաբար է բացում իր զինանոցը։ Մանդատները վայր դնելու կամ վարչապետին իմպիչմենտ հայտնելու քայլերը փոխարինվեցին մեկ այլ նախաձեռնությամբ, որը պետք է ստանար ԱԺ ուղերձի տեսք «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին»։ «Հայաստան» խմբակցության քարտուղար և արտահերթ նիստում հարցով գլխավոր զեկուցող Արծվիկ Մինասյանը բացատրում է՝ նախաձեռնությունը իշխանափոխության հետ որևէ կապ չունի։

«Ուղերձի սահմանադրական կարգավիճակը գիտե՞ք ինչ է․ որոշակի փաստերի և իրադարձությունների վերաբերյալ ԱԺ քաղաքական դիրքորոշումն է։ ԱԺ–ն՝ որպես առաջնային մանդատով օժտված, ժողովրդի ներկայացուցիչների բարձրագույն մարմին, քաղաքական դիրքորոշում ունի՞ այս հարցում, թե՞ չունի, ծրագիրը և կառավարության գործունեությունը իրար համապատասխանո՞ւմ  են, թե՞ չէ։ Այս ուղերձը չի ասում՝ իշխանությունը տվեք մեզ։ Այս ուղերձն ասում է՝ համապատասխանեցման անհրաժեշտություն կա։ Քաղաքական ուղերձը մի սահմանադրական մարմնից մյուսին նշանակում է, որ նկատի առեք սա։ Եթե, օրինակ, մեծամասնությունը համաձայն է այս մտքի հետ, որ չի համապատասխանում և դիմում է կառավարությանը, նշանակում է ԱԺ մեծամասնությունը համակարծիք է այն մտքի հետ, որ ժողովրդից ստանալով առաջնային մանդատ՝ տեր է այդ մանդատին և ասում է՝ կառավարություն, փոխիր ծրագիրդ, որպեսզի մեր խոստումը կարողանանք կատարել։ Կառավարության ծրագիրը գործողություններին համապատասխանեցնելու մեկ տարբերակ կա՝ նոր կառավարություն»։

ԱԺ ուղերձի նախագծի երկրորդ կետով խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի և Սփյուռքի հանրությանը հորդորում է  զորակցել և սատարել նոր կառավարությանը և համախմբվել նրա շուրջ։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ուղերձը կազմելիս հիմնվել են ՀՀ Սահմանադրության վրա․

«Սահմանադրության 146–րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ կառավարությունը գործում է իր ծրագրի հիման վրա։ 152–րդ հոդվածը ասում է՝ վարչապետը գործում է ծրագրի շրջանակում, իր լիազորությունների հիման վրա։ Հետևաբար՝ համաձա՞յն եք, որ եթե ինքը չի գործում այդ լիազորությունների սահմաններում, ուրեմն իր գործունեությունն ապօրինի է։ Այս ուղերձով ասել ենք՝ կառավարություն, կա Սահմանադրություն, կա ծրագիր, որը հաստատել է, հավանություն է տվել այս ԱԺ–ն՝ որպես բարձրագույն օրենսդիր, ներկայացուցչական մարմին և ունի Սահմանադրությամբ հետևելու լիազորություն՝ ծրագիրը կատարվո՞ւմ է, թե՞ չի կատարվում։ Դուք ինքներդ փաստում եք, որ տարբեր պատճառներով ծրագիրը չի կատարվում, չեք կարող կատարել այդ ծրագիրը»։

Թե ինչ չի կատարել կառավարությունը 2021–26 թվականների  համար նախատեսված ծրագրերից,  փաստաթղթում արտացոլվել  է 5 կետով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից, անվտանգությունը երաշխավորելուց մինչև թշնամու ներխուժում Հայաստանի մի շարք բնակավայրեր, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակաբար Հայաստանին ներկայացվող պահանջներ։

«Քաղաքացիական պայմանագրում», ամեն դեպքում, չեն ընկալում՝ ինչպե՞ս խորհրդարանական մեծամասնությունը պետք է դժգոհի իր իսկ կառավարությունից։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսում է քաղաքագիտական սխալի մասին․

«Աբսուրդ է ինչո՞ւ, որովհետև, եթ ԱԺ–ն ընդունում է ուղերձ, դա նշանակում է, որ Աժ–ն պետք է մեծամասնությամբ ընդունի այդ ուղերձը։ Մեծամասնությունը ուղերձ հղելու կարիքը չունի, որովհետև մեծամասնությունը կարող է կառավարությունը ցրել ուղղակի։ Այսինքն՝ քաղաքագիտական աբսուրդ է ինքնին։ Իրականությունը շատ ավելի պարզ է։ Քանի որ մեր ընդդիմադիր ընկերները գիտեին, որ նախ՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի համար չունեն բավարար քանակով քվեներ, բացի դրանից իրենք նաև հռչակել էին Շարժման վարչապետի թեկնածու, որը երկքաղաքացի է և իրավունք չունի լինել վարչապետի թեկնածու, որովհետև Սահմանադրությունը դա արգելում է, միևնույն ժամանակ, քանի որ մեր հարգարժան ընդդիմադիր գործընկերներին պետք էր ցույց տալ ինչ–որ պրոցես, գնացին այս ճանապարհով»։    

Ընդդիմադիրները ցանկանում են, որ իշխանական խմբակցությունը քվեարկի մի փաստաթղթի նախագծի օգտին, որում կա, օրինակ, հետևյալ ձևակերպումը։ Մեջբերում․

«Ստեղծված վիճակում բեկում մտցնելու, հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու համար պահանջվում է համահայկական ուժականության բացառիկ համախմբում, որը Հայաստանի իշխանության կամ որևէ մեկ քաղաքական միավորի ուժերից վեր է։ Պահի հրամայականն է, որ պետության կառավարումը քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող և փորձառու անձինք»։ Մեջբերման ավարտ։

Խորհրդարանական մեծամասնությունից խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարում է՝ ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին։

 «Ընդդիմությունը, չիմանալով ինչ անի իր սեփական սնանկության և անկարողության հետ, ինչ–որ պրոցես է գեներացրել, ֆեյք ուղերձի տեքստ է բերել, որի մեջ ներառել է այն, ինչի մասին արդեն  6 տարի խոսում է։ Կարո՞ղ է գիտեք, մենք լավ չենք հասկանում։ Ձեր ուղերձի տեքստը ուղերձի տեքստ չի, չուղերձի տեքստ է։ Ձեր չակնկալիքների պայքարի չուղերձի տեքստն է։ Դուք ժողովրդին խաբում եք, խրախտ ասում եք՝ դե մենք վարչապետին հեսա հանում ենք։ Ընդամենը ուղերձի տեքստն է, որը չի էլ ունենալու կյանք»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում կա որոշում՝ չմասնակցել ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստին։ Դա նշանակում է, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները չեն բավարարի քվորում ապահովելու և նիստը սկսելու համար։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության զինանոցին, ապա դա հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ խորհրդարանական պարզ թվաբանությունը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միասնական 35 մանդատի վայր դնելը իրավական տեսանկյունից խնդիր չի առաջացնի խորհրդարանի համար և օրենքի ուժով ԱԺ–ն լուծարելու պատճառ չի դառնալ։ Քաղաքագիտական տեսանկյունից կարող է միայն քաղաքական ճգնաժամ առաջանալ։

Վարչապետին իմպիչմենտ հայտնելու համար երկու փուլի համար գործում է այլ մանդատները նույնպես չեն բավարարում՝ պակասում է մեկ ձայն։ Իսկ իմպիչմենտի հարցը արդեն ԱԺ–ում ընդունելու համար պահանջվում է 54 ձայն, որը ընդդիմությունը նույնպես չունի։   

Back to top button