ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ընդունվում են Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի դիմումները․ ովքե՞ր են առաջին փուլի շահառուները

Հունիսի 15-ից սկսվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի առաջին փուլը։ Այս փուլում ընդունվում են այն շահառուների դիմումները, որոնք ցանկանում են տուն կամ բնակարան գնել։ Արդեն մեկ ամիս հետո՝ հուլիսի 15-ից կընդունվեն բնակելի առանձնատուն կառուցել ցանկացողների դիմումները, իսկ օգոստոսի 1-ից՝ այն ընտանիքների դիմումները, որոնք ունեն արդեն գործող հիփոթեքային վարկ։ Ծրագրից օգտվելու համար շահառուներն անպայման պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինեն, կան նաև պարտադիր այլ պայմաններ։

Ստեփանակերտից բռնի տեղահանված Պողոսյանների ընտանիքը սեպտեմբերի 26–ից մինչ օրս Հայաստանի մի քանի մարզ է փոխել բնակվելու համար։ Վայոց Ձոր, Տավուշ, Լոռի, Արարատ ու նորից Վայոց Ձոր՝ Ջերմուկ։ Արարատում բնակարանի վարձը 180 հազար դրամ է եղել, Ջերմուկում ՝ 60 հազար դրամ։ Մի քանի օր է՝ ինչ ընտանիքը վերադարձել է սահմանամերձ  Ջերմուկ։

Մարատ Պողոսյանը պատմում է․ «17 տարի Ացախում եմ ծառայել, հիմա էլ եկել եմ, երկրապահ՝ Ներքին Հանդ պոստեր եմ գնում։ Մի ամիս էնտեղ եմ, մի ամիս՝ տանը, 200 հազար դրամ եմ ստանում։ Չի հերիքում»։

Հինգ անչափահաս երեխա ունեցող այս ընտանիքն առաջին փուլով կարող է բնակարան ձեռք բերել բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով։ Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ Այս ընտանիքը պատրաստ է նոր բնակարան ձեռք բերել սահմանամերձ որևէ համայնքում

«Պատրաստվում եմ՝ մեզ օգնեն, որ կարողանանք բնակարան ձեռք բերել սահմանամերձ որևէ գյուղում։ Մենք սահմանամերձում ապրելուց չենք վախենում։ Դաշուշենում թուրքը մեզանից մի քանի մետր էր հեռու, բայց մենք չենք վախենում»։

Կառավարությունը սկսել է ընդունել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումները։ Քաղաքացիներն արդեն կարող են առցանց դիմումներ ներկայացնել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացնում է՝ ծրագրի առաջին բաղադրիչի՝ բնակարանի, կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական տան ձեռքբերումը բացադրիչից օգտվողները կարող են արդեն լրացնեն դիմումները։ Հայաստանի քաղաքացիություն ունենալը պարտադիր պայման է․

 «Առաջին փուլով որևէ լրացուցիչ փաստաթուղթ լրացնելու կարիք չկա․ ներկայացվում են ընտանիքի անդամների անձանգրային տվյալները, ընդ որում՝ մի մասը բեռնվում է թվայնացված բազաներից, գնում է զուտ նույնականացում՝ ընտանիքի ու ընտանիքի անդամների։ Ընտանիքի կազմը որոշում են հենց ընտանիքի անդամները՝ ամուսինները, երեխաները, ընտանիքի հայրը, մայրը, կամ եղբայրը, ցանկացած այլ անդամ, ում կցանկանա ընտանիքը։ Հենց այդ կազմով էլ կգեներացվի հավաստագիրը՝ ըստ անդամների»։

Հետագայում արդեն ըստ նախընտրած բնակավայարի կսահմանվի աջակցության չափը։ Նույնականացումը կիրականացվի ինքնաշխատ եղանակով, մեկ անգամ ևս ստուգվում է ՀՀ քաղաքացիության փաստը, սա կարևորագույն պայման է, նույնականացում է գնում Արցախի առանձին բնակավայրերից տեղահնաված անձանց տվյալների շտեմարանների հետ։ Կադաստրի կոմիտեի տվյալների բազաների հետ նույնպես նույնականացում է արվում։ Եթե հայտը մերժվում է, քանի որ ընտանիքի անդամներից մեկը չունի ՀՀ քաղաքացիություն, ապա կամ պետք է այդ անձն էլ դիմի ու ստանա քաղաքացիություն, կամ՝ ընտանիքը կարող է նորից դիմել՝ առանց  ընտանիքի այդ անդամի մասնակցության։

Ծրագիրը իրականացվում է երեք բաղադրիչով․ «Առաջին բաղադրիչը բնակարանի՝ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում։ Այս փուլով հունիսի 15–ից դիմումներ են ներկայացնում այն ընտանիքները, ովքեր ցանկանում են օգտվել այս ծրագրից։ Երկրորդ բաղադրիչով՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում։ Պարտադիր է, որպեսզի կառուցապատումն իրականացվի քաղշինկոմիետի կողմից նախապես հաստատված տիպային նախագծերի հիման վրա։ Կառուցապատումը պետք է իրականացնի ՀՀ լիցենզավորված կազմակրեպության կողմից»։

Եթե ընտանիքը հող չունի, կարող է ձեռք բերել մինչև 400 քառակուսի մետր՝ մինչև 3 մլն դրամ արժեքով։ Երրորդ բաղադրիչը՝ օգսոտոսի մեկից կսկվի՝ հիփոթեքային վարկի մարման աջակցությունն է։ Այս դեպքում աջակցության չափը յուրաքանչյուր անդամի մասով կազմում է 2մլն դրամ։ Շահառուների առաջին փուլի համար նախատեսված ժամկետը մինչև դեկտեմբերի 30–ն է․ ԱՍՀՆ ներկայացուցիչը կարծում է, որ այս ընթացքում Հայաստանի քաղաքացիությւոն չունեցողները կհասցնեն այն ստանալ․

«Եթե նախկինում քաղաքացիություն ստանալու համար դիմում էին բացառապես Երևանի անձնագրային բաժանմունքներ, այսօր տեղահանված հայրենակիցները ունեն հնարավորությւոն նաև դիմել ու մարզային բաժանմունքներում ստանալ քաղաքացիություն»։

Թյուր են այն կարծիքները, թե ընտանիքի մեկ անդամի համար նախատեսված 5 մլն դրամով հնարավոր է բնակարան ձեռք բերել միայն սահմանամերձ կամ գյուղական բնակավայրերում ՝ ասում է Գայանե Ղարագյոզյանը։ Պոտենցիալ շահառուներին հորդորում է մանրամասն ծանոթանալ բնակավայրերի ցանկի հետ։ Հաստատված է երկու հավելված՝

 «Առաջինում ունենք թվով 242 բնակավայրեր՝ ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական ու ոչ սահմանամերձ, որտեղ աջակցության չափը – ական մլն  դրամ է, մեկ այլ ցանկ էլ ունենք 148 բնակավայր է՝ 4 մլն դրամ։ Մնացած բոլոր բնակավայրերում, այդ թվում Երևանում, բացառությամբ առաջին և երկրորդ գոտու, 3–ական միլիոն դրամ է»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն, ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը պակաս չպետք է լինի 12 քմ-ից՝ ընտանիքի 1 անդամի հաշվով, ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կամ ՈՒՎԿ–ների կողմից։  

Back to top button