ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Մարաշի հարթակարն ու Վասպուրականի խաչկարը. հայկական ասեղնագործություն

Կարինե Գյարաքյանը 10 տարուց ավելի  ձեռագործ աշխատանքի իր հմտությունները փոխանցում է Էջմիածնի «Մեր տուն» հասարակական կազմակերպության աղջիկներին: Դեկորատիվ կիրառական արվեստի այս ճյուղը հետաքրքրում է երիտասարդներին։ Կարինե Գյարաքյանը հպարտանում է սաների արդյունքներով, ասում է՝ աղջիկները ոչ միայն կարատեսակները, այլև Մարաշի  ու Վանի ասեղնագործությունն են տարբերում։

Մարաշին բնորոշ է հարթակարն ու հյուսած կարը, Վասպուրականին՝  խաչկարը: Ասեղնագործության տեսակները նաև ըստ այն տեղանքների են որոշվել, որտեղ դրանք ծնվել են՝ Մարաշի, Վան-Վասպուրականի, Այնթափի, Ուրֆայի և այլն: Ասեղնագործությունը Կարինե Գյարաքյանի սիրելի զբաղմունքներից է։

«Առաջ, որ աշխատում էի Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում, որպես էքսկուրսավար, շատ ժամանակ ունեի և ասեղնագործում էի, հանձնում եկեղեցու խանութին ու գումար վաստակում: Թռչնատառերով թաշկինակներ էի գործում, խաչկարեր անում, դնում շրջանակի մեջ ու շատ լավ վաճառվում էր»:

Եկեղեցուն նվիրել է նաև ասեղնագործ խաչի ձեռաց թաշկինակներ, սփռոցներ: Սկզբում խաչկար ու լիցք է արել, հետո դիմել սիրիահայերի օգնությանը, սովորել Մարաշի ու Վան-Վասպուրականի ասեղնագործությունը:  

«Մարաշի ասեղնագործությունը ասեղը կտորի վրա գնում ենք աջ, հետո գալիս լցնում ենք դեպի ձախ, այսինքն՝ չորս անգամ գնում-գալիս ենք: Այն նման է խաչկարին՝ թելն անպայման պահելով մատի տակ: Եթե այդպես չանենք, ապա ուրիշ բան կստացվի՝ 3-4-րդ շարքը այլ կլինի»:

10 տարուց ավելի դեկորատիվ արվեստի գաղտնիքները  սովորեցրել է Էջմիածնի «Մեր տուն» հասարակական կազմակերպության աղջիկներին: Կառույցին օգնելու ցանկությունը մեծ է եղել  ու որոշել է այդպես իր լուման ներդնել մանկատան աղջիկների ուսման գործում:

«Աղջիկներից առաջինն Առաքելյան Անին սովորելու ցանկություն հայտնեց: Ինքը ձեռքի լավ շնորհք ունի ու շատ լավ գործում է: Ես շատ գոհ էի, իմ դասերից, աշխատանքից,  հետո գալիս էի այստեղ ու ասեղնագործություն սովորեցնում: Արդեն ինձ համար աշխատելու ժամանակ չունեի»:       

«Մեր տուն» հասարակական կազմակերպությունում հիմա նախկին աշխուժությունը չկա, մանկատան շրջանավարտ աղջիկներն այլևս այստեղ չեն ապրում: Ֆինանսական դժվարություններից ելնելով՝ կառույցը դադարեցրել է գործունեությունը, թեպետ մանկատնից շատերն են ցանկություն հայտնել գալ Էջմիածին՝ ասում է կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանը:

«Եթե մենք ֆինանսավորում ունենայինք այդ ծրագիրը կշարունակեինք, կպահեինք, որովհետև մեզ շատ են դիմել տարբեր կառույցներից՝  և՛ մանկատներից, և՛ աջակցման կենտրոններից: Բայց մենք չենք կարողացել ընդունել, որովհետև հաստատությունում գիշերները  հերթապահող չունենք, աշխատող չունենք: Գումար չունենք նրանց վճարելու համար»:

«Մեր տան» լռությունը հիմա խախտում են ցերեկային շահառուները: Որպեսզի հաստատությունը չփակվի, այստեղ կամավորության հիմունքներով ասեղնագործության պարապմունքներ են իրականացնում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ու տարբեր հանդիպումներ կազմակերպում ճանաչված մարդկանց հետ:

«Մեր տունը» անցած տարի սեպտեմբերին նաև ժամանակավոր կացարան է դարձել Արցախից տեղահանվածների համար: Այժմ այնտեղ ապրում է 4 հոգանոց մի ընտանիք, որի 15-ամյա աղջիկը նույնպես ասեղնագործություն է սովորում:

Ալյոնա Դանիելյան․ «Արցախից եմ, Ստեփանակերտ քաղաքից: Սա «Ա» տառն է, կատարվել է լիցք, այս թռչնատառը գործել եմ առաջին անգամ. և՛ դժվար էր, և՛ հեշտ: Լիցքը շատ հետաքրքիր է»:

Ասեղնագործությունը կարատեսակների ճիշտ հաշկվարկ է և գույների նուրբ համադրություն: Վան-Վասպուրականի ասեղնագործությունը Մարաշի հետ համամատած ավելի հեշտ է և գործում են վուշե վանդակավոր կտավի վրա՝ ասում է Կարինե Գյարաքյանը:

«Սա Վանի ասեղնագործություն է: Կտորը անցքերով է, որի վրա նաև խաչկար են անում: Խաչկարը գործում են  խաչի նման, իսկ Վանինը՝ մի կողմանի, միայն մի կողմն ենք գործում»:

«Մեր տան» ցերեկային շահառուների հետ աշխատանքն ավելի հետաքրքիր կազմակերպելու համար Կարինե Գյարաքյանը նախաձեռնել է տիկնիկների պատրաստում, որոնց գոգոոցները  նաև  Վանի ու Մարաշի ասեղնագործության նմուշներով են պատրաստում:

«Նախ՝ կտորի մեջ լցնում ենք ցորենը, որպեսզի հիմքը ամուր լինի, այնուհետև՝ արհեստական մանրաթելերն ու կարում ենք: Գլխի հատվածը փորձուն ենք օվալաձև անել, որ շատ կլոր չլինի: Ճակատի հատվածում գոգնոցի կտորից ենք օգտագործել, որպեսզի հայկականն ավելի ընդգծվի»:  

Երեխաները թռչնատառերով նաև բարձեր են գործում, այբուբենի տառեր և մասնակցում տարբեր ցուցահանդեսների:

Back to top button