ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը․ վարչապետ

Խորհրդարանն այսօր ընդամենը 16 հարց է ունեցել  կառավարությանը։ Ընդդիմությունը բոյկոտել է գործադիրի հետ հարց ու պատասխանը։ Կառավարող ուժին հարցեր են տվել միայն կառավարող ուժի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատումից առաջ արված աշխատանքների մասին վարչապետը խորհրդարանում որոշ բացահայտումներ է արել։ 

Արձագանքելով վերջին շրջանում ընդդիմադիրների շեշտադրած հարցերից մեկին, թե «սահմանների վերատրադրություն» ձևակերպումը իրավական չէ  և, ըստ էության, հարցականի տակ է դնում սահմանազատման ամբողջ գործընթացի օրինականությունը՝ Վարչապետ Փաշինյանը բացատրում է, թե ինչու է կառավարող ուժը վստահ իր գործողություններում։  

«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ ՀՀ կառավարությունում ԱԽ–ի և ավելի ընդարձակ ձևաչափով տեղի են ունեցել բառի բուն իմաստով տասնյակ քննարկումներ։ Ըստ էության, մեր այդ որոշումները, մոտեցումները անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր արձանագրած կամ նշմարվող որոշումները դե յուրե հիմնավորված։ Ես որևէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորված լինելու մեջ։ Հիմա կարող եմ ավելի բաց ասել, որ մենք, շատ մանրազնին աշխատանք կատարելով, ահա այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք քարտեզների վրա ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը։ Ընդ որում` դե յուրե հիմնավորված թղթերով, սա շատ կարևոր է»։

Մինչդեռ ընդդիմադիրները վերջին շրջանում խոսում են ոչ թե 1976 թվականի քարտեզների, այլ ավելի թարմ՝ 1988–ին գոյություն ունեցող քարտեզների մասին։ Հանրության մեջ դրանք հայտնի են որպես Վլադիմիր Մովսիսյանի աշխատանքի արդյունք։ Թե ինչու սահմանազատման աշխատանքները չեն իրականացվում այդ քարտեզներով, վարչապետը պարզաբանում է․

«Այդ հանձնաժողովի ձևավորած փաստաթղթերում արձանագրված է, թե կատարված աշխատանքը երբ և ինչպես է դե յուրե ուժի մեջ մտնում։ Հենց այդ նկարագրությամբ այդ աշխատանքը դե յուրե ուժի մեջ չի մտել, այսինքն՝ իրավական ուժ չունի։ Որովհետև չի գնացել Գերագույն Խորհրդի նախագահություն, այլ ընթացակարգեր չի անցել։ Այդ աշխատանքի հիման վրա քարտեզներ չեն ձևավորվել։ Որոշակի աշխատանք արվել է, բայց չի հասել քարտեզագրման փուլին։ Որոշակի սխեմաներ են եղել և այլն, բայց քարտեզագրում տեղի չի ունեցել»։

Միակողմանի զիջումների մասին խոսակցությունները Փաշինյանն անհիմն է համարում, պնդում է, որ «սահմանազատման գործընթացի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին, ՀՀ ինքնիշան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում»։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքին թվային արտահայտությանը, ապա իշխանության նշած 29 743 քկմ–ի և ընդդիմադիրների պնդումների միջև, ըստ վարչապետի, կա կոնցեպտուալ բանավեճ։

«Նրանք ուզում են, որ ՀՀ–ում մարդիկ Երևանի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը։ Այստեղ է իրական Հայաստանի և պատմական Հայաստանի իրական տարբերությունը։ Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ ինչպես իրենք են ասում Սանասարի մասին և դրանով կորցնեն իրական Հայաստանը և իրական Կապանը։ Սա է կոնցեպտուալ բանավեճը։ Ընտրությունը շատ պարզ է, այո, այսօր մեր ընտրությունը իրական Հայաստանի և պատմական ՀԱյաստանի մասին է»։

Խորհրդարանում ընդդիմադիրների բացակայության պայմաններում խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Լիլիթ Մինասյանը փորձեց վարչապետից ճշտել։

 «Վերջերս մեր թոշակառու դիվանագետների կողմից հրապարակված նոր հայեցակարգում մի կետ կար, որ պետք է ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները վերականգնել և այդ ամբողջ խոսույթը այս ամբողջ տարիների ընթացքում՝ միշտ մեղավորը մեր իշխանությունն է եղել, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների փչացման գործում։ Արդյո՞ք մենք որևէ բան սխալ ենք արել մեր դաշնակիցների հետ հարաբերություններում, և արդյո՞ք հնարավոր է ինչ–որ բան փոխել, թե՞ շահերը չեն համընկնում այժմ»։

Վարչապետի պատասխանը ծավալուն էր, տարբեր օրինակներով։ Դրանցից մեկն առնչվում է ԼՂ հակամարտության կարգավորման վերջին առաջարկին, որի հեղինակը ՌԴ արտգործնախարարն էր։

«2016–ի օգոստոսին ռուսական նախաձեռնությամբ ներկայացվել է ԼՂ հարցի կարգավորման փաթեթ, որով, ըստ էության, երկու քայլով զրոյացվել է ԼՂ Ադրբեջանի կազմից դուրս որևէ կարգավիճակ ունենալու բոլոր տեսական և գործնական հնարավորությունները։ Չնայած այդ գործնական հնարավորությունները վաղուց զրոյացված են եղել։ Ուրիշ բան, որ մեր դիվանագետներին դրա մասին չեն ասել, որ նրանց տրամադրությունը չընկնի։ Իսկ մեր թոշակառու դիվանագետները, հազար ներողություն, չէի ուզենա սա ասել, բայց երկու տարբերակ կա․ կամ եթե իրենք կարդացել են ու հասկացել են և հիմա այսպես են խոսում, դա իրենց մասին լավ չի խոսում։ Եթե կարդացել են ու չեն ահսկացել, դա իրենց մասին էլի լավ չի խոսում»։

Նախկինում վարած սխալ դիվանագիտության  վարչապետի մեկ այլ օրինակն էլ առնչվում էր հարցին ու  ակնկալվող բացատրությանը, թե ինչպես ստացվեց, որ 2012–13 թթ–ին Ռուսաստանը Ադրբեջանի հետ կնքեց 3 միլիարդ դոլարի զենքի պայմանագիր։

Back to top button