ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար կոնկրետ մեխանիզմ պետք է կիրառվի․ իրավապաշտպան

Վերջին օրերին ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են, որ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը հնարավոր է ազատ արձակվի։ Ըստ հրապարակումների՝ այդ հարցում էական դերակատարում ունի Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ Ջեյհուն Շադլինսկին։ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն այս ինֆորմացիան իրականությանը մոտ է համարում՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Իրավապաշտպան Արա Ղազարյանն էլ նշում է, որ նման որոշման համար կոնկրետ մեխանիզմ պետք է կիրառվի։ Ռուբեն Վարդանյանն ու Արցախի մի շարք պաշտոնյաներ ապօրինի կալանավորված  են արդեն 7 ամիս։

Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման մասին նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ադրբեջանագետը հայտնեց, որ տեղեկությունները տարածել են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները։ Հրապարակումներում նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում, ինչի արդյունքում էլ Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։

«Այն տեղեկատվությունը, որը ես կարողացել եմ գտնել ադրբեջանական տեղեկատվական հարթակներում հիմնականում տարածել են ընդդիմադիր ակտիվիստներ, որոնք չունեն քաղաքական կողմնորոշումներ։ Կարծում եմ, որ տեղեկատվությունը մոտ է իրականությանը, և գործընթացն արդեն ընթացքի մեջ է՝ հաշվի առնելով «Ամերիաբանկի» Ռուբեն Վարդանյանի մասնաբաժնի վաճառքն ու մի շարք այլ գործոններ»։

Նման որոշման պատճառ կարող է դառնալ նաև վերջին շրջանում աճող միջազգային ճնշումը՝ նշում է ադրբեջանագետը։ Ռուբեն Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ընտանիքը հայտնել էր, որ հացադուլից հետո դադարեցվել են հարազատների հետ հեռախոսազանգերը։ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ապրիլի 25-ին Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ: Հարազատները խնդրել էին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա վատթարացող առողջական վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին, ինչից հետո Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։

«Այս պահին Ադրբեջանի իշխանությունների վրա կա արտաքին ճնշում։ Կա նաև այսպես կոչված «Ամերիաբանկի» գործարքը, որը շատերը հերքում են ու ասում որ նրա հետ կապ չունի։ Բայց ես կարծում եմ, որ սա ուղիղ կապ ունի Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հետ։ Եվ այս տեղեկություններն իրականությանը մոտ եմ համարում, բայց, թե երբ դա տեղի կունենա և ինչ պայմաններում, դեռ դժվարանում եմ ասել»։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն առաջինն էր առևանգվել Քաշաթաղի միջանցքում ադրբեջնական ապօրինի անցակետից։ Չնայած հանգամանքին, որ Եվրոպայի Խորհրդի պահանջով սովորաբար կալանքի ժամկետը սահմանվում է մինչև երկու ամիս, Ադրբեջանում չորսամսյա կալանքի ժամկետ է սահմանված։ Այն մեկ անգամ արդեն կիրառվել և երկրորդ անգամ երկարաձգվել է հայ գերեվարված հայ պաշտոնյաների դեպքում։  Մայիսին այս ժամկետը նույնպես կլրանա, և ենթադրվում է, որ պետք է արդեն դատավարություններ սկսվեն։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ ազատ արձակման համար կոնկրետ մեխանիզմ պետք է կիրառվի։

«Այս պահին Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, ինչը նշանակում է, որ նա գտնվում է խափանման միջոցի՝ կալանքի տակ։ Առաջին մեխանիզմով ենթադրվում է, որ այդ խափանման միջոցը վերացվում է, և եթե հետապնդումը շարունակվում է, այլ միջոց ՝ կիրառվում, օրինակ՝ երկրից չհեռանալ կամ գրավ։ Երկրորդ մեխանիզմն այն է, որ ընդհարապես քրեական հետապնդումը դադարեցվում է, նրանից ներողություն են խնդրում, ազատ արձակում, և նա լքում է երկիրը»։

Հաջորդ՝ ամենաանհավանական մեխանիզմը, ըստ իրավապաշտպանի, այն է, որ Վարդանյանը դատապարտվում է, բայց պատիժը կրելու համար նրան փոխանցում են Հայաստանին և թույլ են տալիս պատասխանատվություն կրել հայրենիքում։

Արա Ղազարյանի խոսքով՝ մենք գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որտեղ օրենքի գերակայությունը չի գործում։ Ցանկացած պահի ցանկացած որոշում կարող է կայացվել՝ նշում է նա։

«Լապշինին ինչպե՞ս ազատ արձակեցին, դադարեցրեցին քրեական հետապնդումը և թողեցին, որ նույնիսկ երկիրը լքի։ Որովհետև պայմանավորվածություն ձեռքբերվեց, որի մասին Լապշինը կոնկրետ չի խոսում։ Բայց հարցը մեկ օրվա ընթացքում լուծվեց, և նույնը կարող է նաև Ռուբեն Վարդանյանի դեպքում լինել»։

Թե որքանով են իրականությանը համապատասխանում տարածվող տեղեկություններն, ու ինչ է սպասվում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող քաղբանտարկյալներին, հավանաբար պարզ կդառնա մայիսին սպասվող դատավարությունների ժամանակ։ Փորձագետները մեծ հույսեր չունեն, կարծում են՝  միայն իրավական դաշտում սեղմ ժամկետներում հնարավոր չէ ապահովել այս անձանց ազատ արձակումը։ Ըստ նրանց՝ այստեղ քաղաքական մեծ աջակցություն և Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ ճնշումներ են անհրաժեշտ, ինչն այս պահին տեսանելի չէ։ Պաշտոնական տվյալներով՝ այսօր Ադրբեջանում տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում։  

Back to top button