ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր թեզերը փոխո՞ւմ են Հայոց ցեղասպանության պետական քաղաքականությունը

Հայոց Ցեղասպանությունն, ըստ մասնագետների, ամենաուսումնասիրվածներից մեկն է և ամենից քիչ գիտական հիմնավորումների կարիքն ունեցողը։  Ընդ որում՝ ուսումնասիրությունները ոչ միայն հայ, այլև օտարազգի մասնագետներինն են։ Չնայած այս իրողությանը՝ պարբերաբար հնչում են առաջարկներ, որոնք քննարկումների առիթ են դառնում։ Դրանցից վերջինը՝ ցեղասպանության զոհերին անուն առ անուն հաշվառելու առաջարկը,  հնչել է վերջերս ու ոչ միանշանակ հայ գնահատականների առիթ դարձել։

Հասարակության մի հատվածը մտավախություններ ունի պատմական և իրական Հայաստանի թեզերի, ցեղասպանության զոհերին անվանական հաշվառելու առաջարկի և Հայաստանի վարչապետի խոսքում ավելի հաճախ կրկնվող «Մեծ Եղեռն» ձևակերպման առնչությամբ։ Հայի ինքնության համար ցավոտ թեմաները հանրության օրակարգում են հայտնվել իշխանության ներկայացուցիչների նախաձեռնությամբ, սակայն սա պաշտոնական օրակարգի փոփոխություն չի նշանակում։ Նմանատիպ մտավախություններին սուր է արձագանքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Չպետք է այդպիսի հարց հնչի, որ Հայաստանի վարչապետը հրաժարվում է Ցեղասպանություն բառից։ Նման օրակարգ մեզ մոտ չկա, Հայաստանի ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է։ Հայաստանի ներկա իշխանությունների օրոք մի շարք կարևորագույն պրոցեսներ են տեղի ունեցել ցեղասպանության ճանաչման հետ կապված՝ ԱՄՆ–ի Սենատի կողմից և այլն։ Ես չեմ հասկանում»։

Ամեն դեպքում, պատգամավորն անհրաժեշտ է համարում, որ հանրությունը առերեսվի իրականությանը, և դա անհրաժեշտ է համարում հենց հայ հասարակության և նրա ապագայի համար։ Իրական և պատմական Հայաստանի թեզերի «պատերազմում» պատգամավորի համար ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդի ճանապարհն այլընտրանք չունի։ 

«Ես ինձ երբեք պատմական Հայաստանում չեմ կարող զգալ, ես պատմական կերպար չեմ։ Մենք իրական մարդիկ ենք և ապրում ենք իրական ՀՀ–ում, 29 800 քառակուսի կիլոմետր տարածքով, որը ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ես ձեզ խնդրում եմ, եկեք կենտրոնական մեր պետության, մեր երկրի վրա։ 30 տարի է ստիպում եք մեզ ամեն կերպ սիրել ուրիշներինը, ուրիշինը, հեռուն, չերևացողը։ Ինչի՞ համար, այ ձեր ցավը տանեմ, այստեղ ձեր ոտքերի տակ հող կա»։

Տարակարծության ալիք էր բարձրացրել նաև ցեղասպանության զոհերին անուն–ազգանուններով հաշվառելու առաջարկը։ Գուցե միլիոնուկեսից ավելի են, գուցե՝ պակաս, ասաց առաջարկի հեղինակ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Օրեր անց պարզաբանեց՝ խոսել է իր անձնական առաջարկի մասին, այն պետության որևէ ծրագրի հետ առնչություն չունի։  

«Ես երկու կողմից՝ և՛ հայրական, և՛ մայրական կողմից 15 թվականին և այդ ընթացքում կատարված իրադարձությունների մասնակիցների ժառանգն եմ։ Իմ պապը՝ իր կնոջ և երեխաների, տատս՝ ամուսնու և երեխաների հետ, մյուս կողմը ․․․ Ես ուզում եմ, որ այդ ազգանունները արձանագրվեն։ Օրինակ, կարող է միլիոնուկես է, կարող է ավելի շատ է, կամ քիչ է։ Մինչև հիմա մեր երկիրը այդ խնդիրը ինչո՞ւ չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվո՞ւմ։ Դա շատ կարևորում է ապագայում նաև մեր հարաբերությունների կառուցման համար։ Ուզում եմ ասեմ, դրանից վատ մի զգացեք»։  

Իշխանական պատգամավորի առաջարկը, սակայն, մասնագետների համար հասկանալի չէ մի քանի պատճառներով։ Ճիշտ չէ պնդել, որ Հոլոքոստի բոլոր զոհերի տվյալներն է հաջողվել նույնականացնել և երկրորդը՝ միջազգային Կոնվենցիայով ցեղասպանությունը կապ չունի սպանվածների թվի հետ, դա գործողությունների շղթա է։  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյան․

«Հայոց Ցեղասպանությունը բավականին ուսումնասիրված է։ Ցեղասպանագետների ուսումնասիրության համար ինքը համարվում է դասական ցեղասպանություն։ Այսինքն՝ այդ Կոնվենցիայի բոլոր կետերը, որոնք ընդունվել են ՄԱԿ–ի կողմից պատրաստվել են Հայոց Ցեղասպանության կոնտեքստից ելնելով։ Եվ այն բավականին ուսումնասիրված է ոչ միայն հայ մասնագետների կողմից, այլև օտարերկրացի ցեղասպանագետների, պատմաբանների, սոցիոլոգների կողմից։ Այսինքն՝ ինքը բավականին լայն ոլորտներ է իր մեջ բացում։ Եվ այստեղ խոսել զուտ մարդկանց հաշվառելու նպատակով ինչ-որ մի գործողություն կատարելու մասին, դա անհիմն է»։

Հայոց Ցեղասպանության զոհերին անվանական հաշվառելու առաջարկում մասնագետների մի խումբ քողարկված նպատակներ է տեսնում։ Համոզված են, որ այն Հայաստանի կողմից նոր զիջումների գնալու ազդանշան է դառնալու Թուրքիայի համար։ Մինչդեռ խնդրին այլ տեսանկյունից է մոտենում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

«Ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանը հատկապես  2020 թվականի պատերազմից հետո փորձում է ճանապարհներ փնտրել կանխելու համար հնարավոր ագրեսիաները։ Բայց սա ճանապարհը չէ։ Հարցականի տակ դնել, ևս մի քանի ձևերով փորձել գնալ, քննել և այլն, գիտեք, Հայոց ցեղասպանությունը 20–րդ դարի ցեղասպանությունների մեջ, եթե հրեականը չհաշվենք, ամենաշատ վերլուծված, ամենաշատ քննարկված, ամենաշատ նյութեր ունեցող, աղբյուրներ ունեցող ցեղասպանությունն է։ Եթե մենք դեռ ինչ–որ նոր հարցականներ ենք առաջացնում, մենք ընդամենը տեղավորվում ենք թուրքական օրակարգում։ Ես քաղաքագետ չեմ անշուշտ, բայց կարծում եմ, որ այս պահին Հայաստանը փորձում է տեղավորվել որևէ մի տարածքում, որտեղ փորձում է նվազեցնել թշնամիների թիվը։ Ես շարունակական այն համոզմունքն եմ ունեցել, որ թշնամիների թիվը իրականությունը շրջանցելու միջոցով չի արվում»։

Մասնագետների մի խումբ էլ հիշեցնում է՝ ցեղասպանությունը  ոչ այնքան «հայրենիքի փնտրտուքի», որքան իրավունքի պաշտպանության հարց է: Իսկ այդ իմաստով խոսքը իրավունքի բարդ ու բազմաշերտ համակարգի մասին է։

Back to top button