ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՄԱԿ–ի ցեղասպանությունների մասին կոնվենցիան պետք է ներառի պետությունների պատասխանատվության հարցը

Մարդկությունը գալիս է այն գիտակցության, որ ցեղասպանությունը մեծագույն ոճրագործություն է և պետք է կանխարգելվի։ Հայաստանը պետք է պատրաստ լինի իր առաջարկները ներկայացնելու, երբ ՄԱԿ-ի ցեղասպանությունների մասին կոնվենցիան փոփոխության ենթարկելու հարց առաջանա, համոզված է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Մասնագետները փորձում են այժմ հասնել նրան, որ ցեղասպանության համար պատասխանատվություն կրեն ոչ միայն անհատները, այլև պետությունները։ Մինչ այդ ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանության փաստը և հատուցել հայերին Օսմանյան կայսրությունում իրականացրած եղեռնի համար։

ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից ճանաչումից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թվում է՝  կանգ է առել։ Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, սակայն պարզաբանում է, որ ոչ թե կանգ է առել գործընթացը, այլ շատ երկրներ (շուրջ 30 պետություն) արդեն ճանաչել են 1915 թ Մեծ Եղեռնը, իսկ այն երկրները, որոնք չեն ճանաչել, դրանք անգամ Հայաստանի տեղը չգիտեն։ Եթե ընդհանուր հայտարարի բերենք ճանաչած երկրների նշանակությունը, դրանք գերտերություններ են կամ էական նշանակություն ունեցող երկրներ։ Սակայն այդ ճանաչումներից ավելի էական է Թուրքիայի կողմից սեփական հանցանքը ճանաչելն ու ընդունելը, խոստովանելը, որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն։

Անցած շաբաթ Սպիտակ Տանն անցկացվող՝ «Արդարություն հանուն ցեղասպանության կանխարգելման» միջոցառուման ժամանակ, կոնգրեսական Թոմ Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը խնդրում ենք նույնն անել։ Իհարկե, երեխաները մեղավոր չեն իրենց ծնողների մեղքերի համար, բայց անցյալի ազնիվ ճանաչումը կարող է մեզ ետ պահել այդ մեղքերը կրկնելուց: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ նրանց դրածոների կատարած վերջին հանցագործություններին և աղոթում ենք, որ դրա համար պատասխանատու մութ ուժերը խորհեն և ապաշխարեն»։

Մեղքն ընդունելու առումով ակադեմիկոս Սաֆրաստյանն այսօր լավատես չէ․

«Այսօրվա Թուրքիան տարբերվում է մի քանի տարի առաջվա Թուրքիայից, հատկապես 2016 թվականի անհաջող հեղափոխությունից առաջ եղածի հետ ։ Էրդողանը այնպիսի բռնաճնշումների համակարգ է հաստատել, որ որևէ մեկը վախենում է մի բան ասել, որը շեղվում է պետական տեսակետից։ Իսկ այն ժամանակ այդպես չէր, կային մտավորականության առանձին ներկայացուցիչներ, որոնք շատ թե քիչ ճշմարտության, արդարության կողմնակից էին։ Հիմա չկան նման մարդիկ, ի սպառ չկան»։

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հաջորդեին իրական հետևանքներ, քանի որ խիստ հայտարարությունների ժամանակը վաղուց անցել է, ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը։

Ժամանակին ակտիվ էին Հայող ցեղասպանության ճանաչման իրավական գործընթացների մասին շեշտադրումները։ 2015 թ․ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ դա ամենից շատ քննարկվող հարցն էր։ Ակադեմիկոսը հայերիս, Հայաստանի Հանրապետության համար վերջնական նպատակ է համարում հատուցում ստանալը, ինչը ժամանակին եղել է Հոլոքոստի դեպքում։ Սակայն ի տարբերություն Թուրքիայի, Գերմանիան քաղաքկիրթ երկիր է։

Մենք գործ ունենք բռնակալ երկրի հետ, և նման ակնկալիքն այսօր անիրատեսական է համարում Ռուբեն Սաֆրաստյանը։ Ըստ նրա՝ իրավական գործընթացում կարևոր է մեկ այլ նկատառում․

«Ներկայումս իրավական դաշտը, որ գոյություն ունի ցեղասպանույթյան հետ կապված, բարենպաստ չէ։ Մի օրինակ բերեմ՝ 1948 թվականի ՄԱԿ հայտնի կոնվենցիայով պետության պատասխանատվության հարց դրված չէ, այլ նշվում է անհատների պատասխանատվության մասին։ Հիմա Թալեաթներ, Էնվերներ չկան, ի միջայլոց նրանք թուրքական դատարանի կողմից 1915թ մահապատժի էին դատապարտվել, ուղղակի փախած էին։ Մասնագետների կողմից վաղուց  է քննարկվում այդ հարցը, որ այդ կոնվենցիան ունի բացեր և պետք է վերանայել տեքստը։ Մասնավորապես, այդ պետությունների պատասխանատվության խնդիրը։ Եթե պետությունների պատասխանատվության հարցը լիներ, հնարավոր կլիներ դատի տալ, որովհետև կա պետությունը, չնայած կատարողը Օսմանյան կայսրությունն էր։ Դրա համար հիմա աշխատանքներ են տարվում այդ կոնվենցիայի տեքստը բարելավելու ուղղությամբ»։

Բանն այն է որ կոնվենցիայում սկզբում հենց պետության պատասխանատվության հարցն է դրված եղել ժամանակին, սակայն Ռուսաստանի Միացյալ Նահանգների ջանքերով այն դուրս է հանվել օրակարգից։ Այդ երկրներն, ըստ թուրքագետի, փոխել են կոնվենցիայի այդ կետը, քանի որ իրենք էլեն կոտորածներ իրագործել, ու հետագա պատասխանատվությունից խուսափելու համար փոփոխություն են կատարել կոնվենցիայում։

Սակայն պետք է պայքարել ու դրա համար նախ քաղաքական կամք է հարկավոր պետությունների կողմից։ Պետք է նկատել նաև այսօրվա հասարակական ընկալումները՝ ի տարբերություն պետությունների, մարդկությունն, ըստ ակադեմիկոս Սաֆրաստյանի, հասկանում է, որ ցեղասպանությունը մեծագույն ոճրագործություն է և պետք է կանխարգելվի․

«Գնալով մարդկությունը հասկանում է, որ ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ, և պետք է կանխարգելել ապագա ցեղասպանությունները։ Իսկ կանխարգելելու ամենակարևոր ճանապարհն այն է, որ անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները, հատկապես այնպիսի խոշոր ցեղասպանություն ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, պետք է դատապարտվի և պատասխանատվության ենթարկվի այն պետականությունը, որը դա իրականացրել է։ Ընկալումները, գիտակցությունը համաշխարհային հասարակության փոխվում է այդ ուղղությամբ։ Պետք է աշխատել, որ ավելի շուտ փոխվի, որ մենք այդ առաջարկներով ներկայանանք ՄԱԿ, որպեսզի կոնվենցիայի տեքստում փոփոխություններ մտցվեն»։

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց ցեղասպանությունից հետո, վստահություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոնը Սպիտակ Տանն անցկացվող՝ «Արդարություն հանուն ցեղասպանության կանխարգելման» միջոցառուման ժամանակ։ Նա կարևորել է, որ ԱՄՆ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Ոգևորիչ է, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նաև, որ նախագահ Բայդենն է դա արել։ Նաև ճշմարտություն է այն, որ հայ ժողովրդի տառապանքները դեռ չեն ավարտվել։ Բայց հայ ժողովուրդը ոտքի կկանգնի, ինչպես դա արեց ցեղասպանությունից հետո»

Back to top button