ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ցեղասպանությունն ապրած ու չապրած կանանց պատմությունները. ժամանակավոր ցուցադրություն թանգարան-ինստիտուտում

Ամեն տարի ապրիլի 24-ից առաջ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ են բացվում: Այս տարվա թեման Մեծ եղեռնը վերապրած կանայք ու նրանց պատմություններ են: Ժամանակավոր ցուցադրությանը ներկայացվում են Ցեղասպանության զոհ դարձած կամ ոճրագործությունը վերապրած կանանց պատմությունները, նրանց կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային նյութերը: Ժամանակավոր ցուցադրությունը բաց կլինի մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը:

Առևանգումներ, թրքացում ու տարատեսակ բռնություններ. նախորդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ընթացքում սպանություններից բացի սրանք հայերի՝ հատկապես կանանց ու երեխաների դեմ ուղղված հիմնական հանցագործություններն էին: Տարբեր հաշվարկներով1.5 միլիոն զոհերից բացի, ևս 200 հազար հայ կին ու երեխա թրքացվել ու բռնությունների է ենթարկվել: Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը մի քանի տասնյակ պատմություն է առանձնացրել ու դրանք ներկայացրել ժամանակավոր թեմատիկ ցուցադրությամբ: Թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Սեդա Պարսամյանն ընդգծում է՝ ցուցադրությամբ աշխարհին պատմում են Եղեռնը վերապրած կանանց անսովոր քաջությունն ու պայքարը:

«Հետաքրքրական պատմություններից մեկը, որը կառանձնացնեմ, 8-ամյա Ռաքելի պատմությունն է: Ռաքելի ընտանիքը զոհ է դառնում Հայոց ցեղասպանությանը, և այս աղջիկը հայտնվում է թուրք մեծահարուստի տանը։ Նրան ի վերջո փրկում է ազգությամբ հայ, պոլսահայ դերձակուհի Սրբուհի Գրիգորյանը, որը որպես լավ դերձակ հայտնվում է այդ թուրքի տանն ու տեսնում, որ մի խեղճ աղջիկ կա, որին արգելված է խոսել։ Այս դերձակ կինը որոշում է փախցնել Ռաքելին ու փրկում է նրան: Ռաքելն էլ որոշում է իր կյանքը շարունակել Ազատուհի անունով. Հետաքրքիր է, որ իրենից լավ այդ անվան արժեքը ոչ ոք չէր կարող իմանալ»,- պատմում է Պարսամյանը:

Ցուցադրությանը ներկայացված են նմանատիպ ավելի քան 1 տասնյակ անհատական պատմություններ՝ Արշալույս Մարդիգանյանից՝ Ավրորայից մինչև Ցեղասպանությունը վերապրած արձակագիր Զաբել Եսայան: Հայոց ցեղասպանության թանգարան– ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ասում է՝ այս պատմություններից յուրաքանչյուրը Ցեղասպանության առանձին վավերագրություն է:

«Ուզում եմ առանձնահատուկ ձեր ուշադրությունը հրավիրել Գյուլիզար անունը ստացած մի հայ աղջկա պատմության վրա։ Իրականում աղջկա անունը Արմենուհի էր, նա1889թ․–ին առևանգվել էր Մուշի քուրդ ցեղապետի կողմից։ Ըստ էության՝ նրա առևանգումից հետո տեղի ունեցավ հայկական համայնքի առաջին ընդվզումը ընդդեմ մուսուլմանների․1889–ին Կոստանդնուպոլսում Հայոց պատրիարքարանի դիմաց տեղի ունեցավ ցույց, որին հաջորդած դատավարության արդյունքում Գյուլիզարն ազատ արձակվեց, վերականգնում իր հայկական անունն ու ամուսնանում տեղի հայ դաշնակցության գլխավոր դեմքերից մեկի հետ»,- պատմում է թանգարան- ինստիտուտի տնօրենը:

Երիտասարդ ու գեղեցկադեմ կանայք առանձնահատուկ թիրախ էին, նրանց բռնի ամուսնացնում էին, տանում հարեմներ՝ պատմում են ցուցադրության հեղինակները: Ցեղասպանության տարիներին հայ երեխաների ու կանաց բռնի տեղափոխումը ու ձուլումը ևս Եղեռնի բաղկացուցիչ մասերից մեկն էր. սա ամրագրված է նաև Ցեղասպանության մասին կոնվենցիայով: 

«Ցեղասպանության ու աքսորի տարիներին կային կանայք, որոնք հենց այդ ժամանակ զբաղված էին հայ երեխաների փրկագնմամբ: Այստեղ հիշատակման է արժանի Արաքսի Ջեբեջյանը, որն իր հուշերում գրում է, թե ինչպես էր Դեր Զորում գումար ստանում արտասահմանյան ընկերություններից, ինչպես էր մոտենում թուրքերին, արաբներին ու քրդերին և փորձում գնել հայ փոքրիկներին, ինչպես էր հաց գնում կամ կաշառում թուրքերին, որ հնարավորություն ունենար մոտենալու քարավաններին ու օգնելու հայերին»:

Թեմատիկ ցուցադրությունները հնարավորություն են տալիս ավելի խորը անդրադառնալ Ցեղասպանության վավերագրմանը և մշտական ցուցադրությունից բացի՝ այցելուներին ներկայացնել նաև թանգարանի արխիվային մյուս նյութերը: Նախորդ տարի ապրիլի 24-ին ընդառաջ թանգարան ինստիտուտն առանձնացրել էր Եղեռնին զոհ գնացած երեխաների պատմությունները: Այս տարվա թեման ևս քիչ լուսաբանվածներից է, բայց ասելիքով հարուստ՝ վստահ են թանգարանում:

Ժամանակավոր ցուցադրությունը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում ներկայացված կլինի մինչև 2025թ ապրիլի 24-ը:

Back to top button