ԿարևորՀասարակություն

Անվտանգային հարցերն օրակարգում չեն․ ի՞նչ են պատգամավորները քննարկել Սյունիքում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Հայաստանի խորհրդարանի արձագանքման արդյունավետության թափանցիկության և ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում եռօրյա այցով Սյունիքում է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը։ Կապան, Քաջարան, Մեղրի այցելելուց հետո ուրբաթ նրանք Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ Գորիսում են եղել։

Ազգային ժողովի  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, նաև սյունեցի պատգամավորներ եռօրյա այցով Սյունիքում են։ Նախ մարզպետի աշխատակազմի վարչական շենքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հյուրընկալությամբ հանդիպում համայնքների ղեկավարների, մարզային կառուցների տնօրենների հետ։ Ռոբերտ Ղուկասյանն ուրախ է, որ պատգամավորներն իր ղեկավարած մարզում են։

«Իրականում ուրախ եմ, քանի որ  բազմաթիվ շատ հարցեր կան, որն այս ֆորմատով քննարկելն արդյունավետ կլինի, մանավանդ եթե հաշվի առնենք Սյունիքի հեռավորությունը մայրաքաղաքից»։

Ըստ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի՝  այցի նպատակը տեղում ՏԻՄ-երի՝ հանձնաժողովի գործունեության շրջանակներին վերաբերող խնդիրներին ծանոթանալն է, ինչպես նաև համայնքներում շրջելով՝ սուբվենցիոն ծրագրերով, պետական ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքների արդյունքներն ուսումնասիրելը։

Վահե Ղալումյան․ «Ավելի շատ կենտրոնանք օրենսդրական նախաձեռնությունների վրա, մեզ մատնացույց արեք այն խնդիրները, մենք կարանք լսենք ձեր ամենախիստ քննադատությունները՝ որոշենք առաջիկայում ոնց ենք շարժվելու։ Ուզում ենք նաև ուշադրություն դարձնենք պետական ծրագրերին, որոնք այս մարզում մեծ ծավալով են իրականացվում հաշվի առնելով որ մարզը երկար սահմանագիծ ունի Ադրբեջանի հետ»։

Սյունեցիների համար գլխավոր հարցը շարունակում է մնալ անվտանգությունը։ Ծննդով սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանն ասում է՝ մարզի շուրջ լարվածությունը դեռ կպահպանվի։

«Մենք անվտանգության խնդիրները լուծելու համար չենք այստեղ։ Ավելի շատ եկել ենք ծանոթանալու տարածքային կառավարման ենթակառուցվածքներին և բոլոր խնդիրները կներկայացնենք համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին։ Ինչ վերաբերում է Տավուշին, ապա որոշում կա որ նախնական Տավուշից սկսել սահմանազատումն ու սահմանագծումը, և եթե Տավուշում իրականացվի, ապա հաջորդականությամբ  կհասնենք Սյունիք, և վերջապես թշնամական ուժերը դուրս կգան իրենց ելման դիրքեր»։

Սահմանամերձ համայնքներում ծախսերն անհամեմատ շատ են ու դոտացիաների ավելացումը ճիշտ  քաղաքականություն էր՝ ասում է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Վերջին տարիներին Գորիսում աճել են նաև սեփական եկամուտները։ 2023թ–ին սեփական եկամուտները կազմել են 350 մլն դրամ, իսկ ընթացիկ տարին կլինի ևս 10 մլն դրամով ավել։

Առուշ Առուշանյան․ «Աճի տենդենցը այսպես ձևակերպեմ․ Գորիսի կոմունալը ինքնածածկ է, ինքնաբավ է, հարցին նայենք բիզնեսի տեսանկյունից՝ եթե ես բիզնեսմեն եմ, ապրանք եմ բերում, վաճառում, ապա պիտի փող աշխատեմ։ Նույն տրամաբանությունը կիրառել ենք Գորիսում , ու այսօր Գորիսի կոմունալը այսօր  շահույթով է աշխատում»։

Մինչև 16 մլն դրամ պետության աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագրին մեծ ոգևորությամբ են արձագանքել Գորիս համայնքի բնակիչները։ Առուշ Առուշանյանը սակայն նշեց, որ համայնքում ոչ բոլոր բնակավայրերն են սահմանամերձ ու առաջարկեց վերանայել ցանկը։ 

Հաշվի առնելով, որ Հայաստանի  կառավարությունը կոմբինատում ունի բաժնետիրային իրավունքներ, օրենսդրի ներկայացուցիչները եղան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ծանոթացան արտադրական ցիկլերին։ Լսենք ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին․

«Միջազգային փորձը հաշվի առնելով, կոմբինատի ղեկավար կազմի հետ  կքննարկենք ինչ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա՝ և կոմբինատի արտադրողականության բարձրացման, և անվտանգային կանոների, և տեսչական մարմինների աշխատանքի հետ կապված»։

 Պատգամավորների այցը Սյունիքում շարունակվում է․նրանք կլինեն բոլոր համայնքներում, կհանդիպեն մարզում  բնակություն հաստատած արցախցիների հետ։ Ի դեպ, այս նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  «Հայաստանի խորհրդարանի արձագանքման արդյունավետության թափանցիկության և ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում, և առաջինը պատգամավորները եղան Սյունիքում։ Նրանք կլինեն նաև բոլոր մարզերում։

Back to top button