ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախցիների որոշիչ ձայնը կներկայացվի Հայաստանի իշխանություններին և միջազգային կառույցներին

«Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպության անդամները մտադիր են երկու ամսվա ընթացքում հանդիպել բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի տարբեր մարզերում բնակություն հաստատած արցախցիներին։ Նպատակը խնդիրները գույքագրելն է, Արցախ վերադառնալու հնարավորությունները հասկանալը և արցախցիների որոշիչ ձայնը Հայաստանի իշխանություններին ու միջազգային կառույցներիններկայացնել ։

«Շտեղ որ քինում ես, պիտի պասպորտդ փոխիս։ Հիմա գյուդում չըք՝ փոխիք թե չէ, տարբերություն չեմ դնում, սաղս օզում ընք, որ հետ քինիք Արցախ, բայց ես չեմ ուզում Արցախ հետ քինիմ որպես Հայաստանի քաղաքացի։ Օզում ըմ հետ գնամ որպես արցախցի, մարտունեցի։ Ես չեմ օզում պասպորտս փոխեմ, բայց չեմ կարող ստեղ առանց փոխելու գործի ընդունվիմ՝ իմ  խոխաս պահեմ»

Կապանում բնակության հաստատած Արցախից բռնի տեղահանված 25-ամյա Համլետ Մուսայելյանն է իր խնդիրը բարձրաձայնում՝ «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպության կողմից Կապանում կազմակերպած քննարկմանը։

Բացահայտել բռնի տեղահանված արցախցիների խնդիրները, հարցադրումների միջոցով հասկանալ՝ ի՞նչ կարծիքներ և ինչպիսի՞ պատկերացումներ ունեն ացախահայերը սեփական խնդիրների, դրանց լուծման ուղիների և պատասխանատուների մասին։ Այս օրակարգով էին Արցախի Ազգային ժողովի պատգամավորները և հասարակական կազմակերպության համահիմնադիրները հասել Սյունիք։

Ընտրվել է հետաքրքիր ձևաչափ՝ հարցերը ոչ թե մեզ են տալիս՝ ակնկալելով պատասխանները, այլ հարցադրումները մենք ենք առաջարկել արցախցիներին՝ ասում է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետքասե Հակոբյանը։

«Կարևորում ենք Արցախ վերադառնալու ճանապարհային քարտեզը, որը ոչ թե պիտի գծեն քաղաքական գործիչները կամ անհատները, այլ պիտի որոշեն  հենց արցախցիները, որոնք պիտի ապրեն Արցախում։ Հենց դրանով է պայմանավորված հարցադրումների կազմումը»։

Սյունիքը առաջինն մարզն  է, որտեղ կազմակերպվեց  քննարկումը, նույն օրակարգով կազմակերպիչները  կլինեն բոլոր մարզերում, կլսեն Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակություն հաստատած արցախցիների տեսակետները։ 

Մետաքսե Հակոբյան․ «Երկու ամիս կտևի այս ծրագիրը, որի արդյունքում կհավաքագրենք բոլորի ցանկությունները, նպատակները․ իրավիճակին ճիշտ գնահատական կտանք ու արդյունքները ՝ արցախցիների որոշիչ ձայնը կներկայացնենք թե՛ Հայաստանի կառավարությանը, թե՛ միջազգային կառույցներին»։

«Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ անկախ նրանից՝ հայը Արցախում է ապրում, թե ոչ, պիտի կարևորենք մեկ հայրենիքի գաղափարը, ու սա քննարկումների ուղերձը պիտի լինի։

Այնուամենայնիվ՝ «Արցախցին Հայաստանում ժամանակավոր է հանգրվանել, և ամենամոտ հնարավորության դեպքում՝ նա պատրաստ է վերադառնալու իր  հայրենիքը։ Եվ բոլոր իրականացվող ծրագրերը, ինչպես նաև մեր այս ծրագիրը պիտի ածանցվեն հենց վերադարձի գաղափարին, հակառակ դեպքում դրանք կորցնում են իրենց իմաստը»։

Իրականացվող ծրագիրը կրում է «Արցախի երիտասարդության ձայնը» խորագիրը։  Ըստ կազմակերպիչների՝ ավագ սերնդի  մարդիկ  ավելի շատ ծանրաբեռնված են սոցիալական խնդիրներով, իսկ երիտասարդները կարող են ու պիտի պայքարեն։ Սակայն  տեսակետի հետ համաձայն չէին երիտասարդության շեմը հատած արցախցիները։ Նրանք էլ են պատրաստ միանալու Արցախ վերադարձի ծրագրին և խնդրում են չմոռանալ իրենց ։

Back to top button