ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Առանց փողկապի ու անկեղծ. Լոռու մարզպետը հանդիպել է երիտասարդների հետ

Վանաձորի «Լոֆթ» կենտրոնում Լոռու մարզպետը հանդիպել է երիտասարդների հետ: Ինտերակտիվ հարցուպատասխան ձևաչափում սա աննախադեպ շփում է եղել: Արամ Ղազարյանն ազդարարել է նաև «Մեկ օր մարզպետի հետ» նախաձեռնության մասին, որի շրջանակում երիտասարդները համայնքի զարգացման իրենց  տեսլականները կներկայացնեն: Ընտրված աշխատանքների հեղինակները կներգրավվեն նախաձեռնության մեջ:

Վանաձորի «Լոֆթում» Լոռու մարզպետն է՝ առանց փողկապի, ոչ պաշտոնական միջավայրում, պատրաստ՝բաց ու անկեղծ շփման: Հենց սկզբից խնդրում է երիտասարդներին լինել ակտիվ, անկաշկանդ ու ընկերական:

«Խնդրում եմ, որ այսօրվա հանդիպումը լինի անկաշկանդ, ազատ, ով ինչպես մտածում է՝ կարող է արտահայտվել, որովհետև հաջողության գրավականը նաև ազնիվ արտահայտվելն է: Միմյանց հետ պետք է լինենք ազնիվ»:    

Հարցերը շատ են, երիտասարդները՝ նույնպես: Միանգամից պայմանավորվում են՝ քաղաքական հարցեր չեն հնչելու: Ուզում եմ լսել այն խնդիրների մասին, որոնք այսօր հուզում են երիտասարդին, հասկանալ, ի՞նչ է ուզում այսօր երիտասարդը, ինչպիսի՞համայնքում ու հայրենիքում է ուզում ապրել՝մարզպետ Ղազարյանն է հարցնում: Պաշտոնական լռությունը խախտում է ամենահամարձակը՝ Էրիկ Սաքանյանը ՎՊՀ-ին կից քոլեջից:

«Ինֆորմացիա կա, որ բուհերի կենտրոնացում է տեղի ունենալու, արդյո՞ք այդ փաստը ազդելու է նաև Լոռու մարզի վրա»:

Ամեն նոր գործընթաց լավ ու վատ կողմեր ունի՝ ասում է մարզպետը: Գործընթացից Լոռին էլ անմասն չի մնա՝ասում է: Ամենակարևորը լավ ու որակյալ կրթություն ստանալն է, որովհետև կրթությունն է հիմքը՝ ուժեղ համայնք ու հայրենիք ունենալու:

«Շատ կողմեր եմ տեսնում՝թե դրական, թե բացասական: Ես՝նույնպես: Չեմ թաքցնում, կան խնդիրներ, որոնք ինձ չեն գոհացնում: Խորությամ դեռ չեմ ուսումնասիրել, որքանով հասկացել եմ ամբողջ էությունը, բազմաթիվ դրական կողմեր կան: Բոլոր զարգացած երկրներում կան նման քաղաքներ, ուր կենտրանացված են և շատ լավ կրթություն են ստանում: Ցանկանումեմ, որ մեր ուսանողներն ունենան բարձր գիտելիք, դրա համար 2 հանգամանք կա, որակյալ դասախոսական կազմ, և խելացի ուսանողներ, ովքեր ունեն կամք սովորելու»:

Մեր դպրոցը միջազգային ու հանրապետական օլիմպիադաներին միշտ հաղթողներ է տալիս, բայց շենքային պայմաններ չունի: Ի՞նչ է սպասվում դպրոցին՝ ուղիղ հարց Վանաձորի «Էվրիկա» դպրոցի աշակերտ Արեն Մելիքյանից:

«Մեր դպրոցը տարիներ շարունակ ունի տեղի խնդիր: Աշակերտներ են ընդունվում, սակայն, տեղի պատճառով դասարան ենք ունեցել, որ շենքից դուրս տարածքում՝ դոմիկում է դասարան եղել, ու տարիներ շարունակ չի լուծվում էդ խնդիրը: Փաստորեն հույսներդ տնօրինությունից կտրել եք, ուզում եք աշակերտներով լուծեք, ձեր դպրոցի խնդիրը լուծվում է»:

Միշտ մտքում ձեր համայնքի տեսլականը գծեք ու ակտիվ եղեք, մենք ձեր ընկերն ենք այդ հարցում՝ասում է «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը: Նման հանդիպումներն անկաշկանդ շփումների մշակույթ ձևավորելու լավ հարթակ են։

Արևիկ Համբարձումյան․ «Մեծ հույսուն եմ, որց անկացած մարզից է սկսվում հայրենիքը, ոչ թե մայրաքաղաքից: Եվ մարզի ամեն երիտասարդի ձայնը, կարծիքը լսելի է դառնում հենց էսպես, երբ մարզպետն ասում է մեծ սիրով ուզում եմ լսել երիտասարդներին, լսել իրենց կարիքները»:

Առանց փողկապի, անկեղծ ու ազնիվ՝ այսպես բնորոշեց հանդիպումը երիտասարդ ուսուցչուհի Նվարդ Առաքելյանը: Մարզպետն անմիջական ու բաց էր՝«Ռադիոլուր»-ի հետ զրույցում անկեղծացան երիտասարդները

«էս առաջին դեպքն է: Գոհ էի շատ, շատ դուր եկավ նման ազատ զրույցը մարզպետի հետ: Շատ ուրախ կլինեմ, որ շարունակական լինի, քանի որ մարզպետի համար էլ է լավ, երիտասարդների ձայնն ավելի լսելի է»: 

«Շատ հարցեր կային, որ միշտ մնում էին հարցականի տակ, այսօր այդ հարցերը բացվեցին: Իմ կարծիքով՝ամեն մարզի ու քաղաքի երիտասարդ էդ քաղաքի շունչն է, երիտասարդներն ավելի ակտիվ են, գիտեն ինչպես բարելավել երիտասարդների կյանքը »:

Շուրջ 3 ժամ «առանց փողկապի»  հանդիպմանը Արամ Ղազարյանին ուղղված հարցերի մեծ մասը երիտասարդների զարգացման, ոչ ֆորմալ կրթական միջավայրի ապահովման ու զբաղվածության մասին էին, նաև համայնքի զարգացման ու բազմաթիվ խնդիրների՝ վատ աղբահանությունից մինչև վատ տրանսպորտային ցանց: Ի՞նչ անել, որ մարզից մայրաքաղաք սովորելու գնացած երիտասարդը հետ վերադառնա, ինչպե՞ս ավելի լավ ու զարգացած համայնք ունենալ և ի՞նչ անել, որ աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին գործատուները փորձ ձեռք բերելու հնարավորություն տան՝աշխատանքային փորձ պահանջելու փոխարեն: 

Ամփոփելով Արամ Ղազարյանն ասում է՝ հանդիպումը հայրենիք սիրելու մասին էր:

«Եղել են, կան ու լինելու են տարբեր իշխանություններ, բայց հայրենիքը՝ մեկն է: Խնդրում եմ շատ սիրեք հայրենիքը, սիրե՛ք ոչ թե կենացներով, այլ գործով»:

Ազդարարվեց նաև «Մեկ օր մարզպետի հետ» նախաձեռնության մասին: Նպատակն է լսել երիտասարդների առաջարկներն ու տեսլականները՝ ուղղված համայնքների զարգացմանը։ Առաջարկվեց երիտասարդներին 1 էջի սահմանում գրել՝ ինչպիսի մարզում են երազում ապրել ու ինչ է պետք դրան հասնելու համար:

Հավաքված տեսլականներից ընտրվածների հեղինակները կներգրավվեն նախաձեռնության մեջ ու հնարավորություն կունենան մարզպետի հետ մեկ աշխատանքային օր անցկացնել ու հետևել մարզի կառավարմանն ու կարևոր որոշումների կայացմանը ներսից։

Back to top button