Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ կներկայացվի Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի բնօրինակը: Հայկական առաջին օպերան բեմական արտասովոր ուղի է անցել։
ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի գիտական կենսագրությունը ուղղակիորեն կապված է Չուխաճյանի ու նրա ստեղծագործությունների բազմակողմանի ուսումնասիրությամբ։ Հիմնել և ղեկավարում է Տիգրան Չուխաճյան հիմնադրամը։ Շուրջ տասը մենագրությունների հեղինակ է։
Ասում է մոռացության փոշուց դուրս է բերել Չուխաճյանի ողջ օպերային ստեղծագործությունը։ Նշում է, որ Չուխաճյանը երաժշտական գրեթե բոլոր ժանրերի հիմնադիրն է․ սիմֆոնիկ ստեղծագործություններից, կամերային վոկալ, գործիքային, փողային նվագախմբերի համար ստեղծագործություններից մինչև վեց օպերային ստեղծագործություններ՝ այս ամենը ստեղծելով զրոյից։
«Տիգրան Չուխաճյանին մենք ըստ արժանվույն չենք գնահատել մինչ օրս։ Նա Մերձավոր արևելքում առաջին երաժշտական թատրոնի հիմնադիրն էր, հենց նա է իրականացրել արևմուտք– արևելք երաժշտական մշակույթների սինթեզը, դասական երաժշտության ժանրերը արմատավորել է արևելյան երաժշտության մեջ, ունեցել եվրոպական լուրջ կոմպոզիտորական կրթություն», – ասում է Աննա Ասատրյանը։
Աննա Ասատրյանը նշում է, որ տարիներ շարունակ միտում է եղել կոմպոզիտորին դուրս մղել հայ երաժշտության պատմությունից, քանի որ համարվել է, որ նրա գործերը ազգային չեն, չունեն ազգային ակունքներ։
Աննա Ասատրյանը խոսելով Չուխաճյանի ստեղծագործությունների, մասնավորապես «Արշակ Բ» օպերայի առանձնահատկություններից, Արշակի կերպարի Չուխաճյանական մեկնաբանությունից, խոսեց նաև իր երազանքների մասին՝ իրականացնել Չուխաճյանի երկերի ակադեմիական լիակատար հրատարակությունը, Երևանում ստեղծել Տիգրան Չուխաճյանի թանգարանը և, որ Չուխաճյանի բոլոր օպերաները բեմ բարձրանան հայ օպերային թատրոնում։