ԿարևորՄիջազգային

Թրամփը չի հեռանա քաղաքականությունից՝ անկախ ընտրությունների արդյունքից

ԱՄՆ–ում նախընտրական պայքարը թեժ փուլ է թևակոխում Բայդեն–Թրամփ թեժ առճակատմամբ։ Միացյալ Նահանգների պատմության մեջ նախընտրական տարին ուղեկցվում է դատական գործընթացներով և անկանխատեսելի ելքերով։

Այս տարի ամերիկյան «Սուպերերեքշաբթին» այնքան էլ «սուպեր» չէր կանխատեսելի արդյունքների պատճառով, սակայն նույնը չի կարելի ասել գալիք՝ հիմնական ընտրությունների մասին։ Նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ն կընտրի երկրի 47-րդ նախագահին։

Միացյալ նահանգներում քաղաքական ու ընտրական ոլորտի փորձագետները հիմնականում դժվարանում են կանխատեսել, թե ինչպես կավարտվի Բայդեն–Թրամփ թեժ առճակատումը. դեռև ութ ամիս կա ընտրություններին։

Թրամփը անցնում է մի քանի դատական գործերով, Բայդենի առողջական վիճակի մասին անհանգստությունները չեն դադարում։ Իսկ մինչ այդ թեկնածուներն իրար մեղադրում են․ Թրամփը Բայդենին ծեր է համարում, ոչ ի զորու նախագահելու, Բայդենն էլ ահազանգում է՝ Թրամփը մեծ վտանգ է ամերիկյան ժողովրդավարության համար։

Ամերիկացիները բախվում են հազվագյուտ մի դեպքի, երբ մեծամասնությունը որպես թեկնածու կնախընտրեր այլ քաղաքական գործիչների:

Սթիվեն Գրին, Հյուսիսային Կարոլիանայի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ, մարտ 2024

ԱՄՆ–ի Հյուսիսային Կարոլիանայի պետհամալսարանի պրոֆեսոր Սթիվեն Գրինն ի պատասխան «Ռադիոլուրի» հարցին՝ ներկայացնում է իր կանխատեսումները, թե ինչպիսին են լինելու ընտրություններին հաջորդող օրերը, եթե Թրամփը պարտվի․  

«Կարծում եմ՝ Դոնալդ Թրամփը չարորակ գործոն կլինի ամերիկյան քաղաքականության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ նա ողջ է կամ առողջ․ նա չի հեռանա քաղաքականությունից անկախ ընտրությունների արդյունքից ես չեմ կարող պատկերացնել, որ նա պարտվի և չպնդի, թե ընտրությունները կեղծ էին և անարդար։

Թրամփի ֆենոմենը դեռևս պարզ չէ․ նա յուրօրինակ տաղանդ ունի փայլուն ներկայացնելու ինքն իրեն, գիտի՝ ինչ է դուր գալիս մարդկանց, առաջարկում է նորանոր մոտեցումներ, փորձում նոր ռեպլիկներ․․․»:   

Նախկին ու ներկա նախագահների տարիքային թեման շարունակում է քննարկվող հարցերից մեկը մնալ։ Նախագահ Ջո Բայդենն 81 տարեկան է, նրա մրցակից Թրամփը՝ 77:

The New York Times-ի և Սիենայի քոլեջի անցկացրած վերջին հարցումները փաստում են, որ ընտրողների 73 տոկոսը վստահ է՝ Բայդենը չափազանց ծեր է արդյունավետ նախագահելու համար։ Թրամփը, որ ընդամենը չորս տարով է փոքր Բայդենից, նրա տարիքի հետ կապված համեմատաբար քիչ ընտրողներ են անհանգստություն հայտնում։ Թրամփի հարցում, սակայն, ընտրություններից առաջ լուրջ խոչընդոտ են դատական գործընթացները, որոնք կարող ենք անկանխատեսելի ելք ունենալ։

Դեվիդ Բարքեր, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարան

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ամերիկյան ընտրությունների փորձագետ Դեվիդ Բարքերը «Ռադիոլուրին» ասում է․

«Անշուշտ, և դա ոչ միայն նախագահների մասին է։ նրանք երկուսն էլ բավականին մեծ են։ Ընդհանրապես կոնգրեսի ղեկավար կազմում միշտ էլ եղել են տարիքով կոնգրեսականներ ու սենատորներ։ Նախագահների շրջանում, ավանդաբար, այդպես չի եղել։ Բիլ Քլինթոնը, Բուշ կրտսերը, Օբաման երիտասարդ էին, երբ ընտրվեցին։ Իհարկե, կարելի է պնդել, որ ամերիկացի շատ ընտրողներ կցանկանային երիտասարդ նախագահների միջև ընտրություն կատարել»։

Այսպիսով, Միացյալ նահանգներում այս աշնանը, ինչպես չորս տարի առաջ, ընտրություն կկատարեն Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի միջև։

Նմանատիպ իրավիճակ ԱՄՆ–ում եղել է ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1912–ին, երբ ընտրություններին մասնակցում էին գործող ու նախկին նախագահները՝ Ուիլյամ Թաֆթն ու Թեոդոր Ռուզվելտը։

Back to top button