ԿարևորՀասարակություն

Օրը` կարճ. 29․02․24

60-ից ավելի հայտեր ու 100-ից ավելի մանրակերտերի տարբերակներ. աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում մասնագիտական ժյուրին կատարեց իր ընտրությունը: Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունն 9 ձայնով առաջ ընկավ մնացած տարբերակներից, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգևի կարժանանա:

Մեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը կասկածի տակ դնելը բացառելու նպատակով հրավիրված համաժողովի մասնակիցները ոտքի են կանգնում, լսում «Մեր հայրենիք»-ը, որն այս անգամ սկսվում է «Ամենայն տեղ մահը մի է» տողից։ Հայրենիքի ազատության համար մեռնողին երանի տալով՝ «Հայաքվե» նախաձեռնության անդամները բացատրում են՝ ինչու են կտրականապես դեմ անկախության հռչակագրի հավանական փոփոխությանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Միրզոյանը մասնակցելու է ֆորումի շրջանակում նախատեսված քննարկումների, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։

Պաշտոնական Երևանը չի շտապում հայտարարել, որ անվտանգային վեկտորի փոփոխության է գնում, բայց նախաձեռնում է ուսումնասիրություն, որը կարող է խորացնել լարվածությունը ՀԱՊԿ–ի և ՌԴ–ի հետ։ Ուսումնասիրությունը վերաբերում է Հայաստանի սահմանային որոշ հատվածներում ռուսական զորքերի տեղակայման մանդատին։  Այս գործընթացին զուգահեռ Հայաստանին վերաբերող ձևակերպումներն ավելի հստակ ու կտրուկ են դառնում արևմտյան հարթակներում։ Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն առաջարկող երկու բանաձև է ընդունել, իսկ եվրապատվիրակներն ընդգծել են ՝ Հայաստանի իրական բարեկամը Եվրոպան է։

Բեռլինում այսօր շարունակվել և ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Փոխադարձ համաձայնություն է կայացվել շարունակելու քննարկումներ բաց մնացած հարցերի շուրջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական քննարկումները մոտ 8-ամսյա դադարից հետո, երեկ էին վերսկսվել։ Նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։ Գերմանիայի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա։

Երևանի քաղաքապետի որոշմամբ արդեն իսկ մեկնարկել են Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Տասնամյակներ շարունակ զավթված տարածքները վերադարձվում են համայնքին:

եռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերութուններից «ՄՏՍ Արմենիա» –ն իր բաժնետոմսերի մի մասը նվիրել է Հայաստանի կառավարությանը։ Մինչ այժմ հանքարդյունաբերական երկու ընկերություններ են նման քայլ կատարել։ Հունվարին  Ամուսլարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունն էր իր թողարկած 5000 դրամ անվանական արժեքով հասարակական բաժնետոմսերի 12,5 տոկոսը նվիրել  կառավարությանը։ Դրանից առաջ էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդեային կոմբինատը»։ Կառավարությունում քննարկում են՝ ինչպես անել, որ ռազմավարական նշանակության ընկերություններն իրենց բաժնետոմսերը բորսայական համակարգում  բաժանորդագրեն և դրանք վաճառելով դառնան բաց բաժնետիրական ընկերություններ։

Հայաստանում մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» նախագիծը, որը թույլ է տալիս երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, առցանց շրջայց-տուրեր իրականացնել Դիլիջանում, վիրտուալ սուրդոթարգմանիչների ուղեկցությամբ։

ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից  վնասազերծված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է, հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից:

Back to top button