ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Աշխարհաքաղաքական կշեռք․ ՌԴ սահմանապահների ներկայության ուսումնասիրությունը՝ ընդդեմ ԵՄ–ից խոստացվող պատժամիջոցների

Պաշտոնական Երևանը չի շտապում հայտարարել, որ անվտանգային վեկտորի փոփոխության է գնում, բայց նախաձեռնում է ուսումնասիրություն, որը կարող է խորացնել լարվածությունը ՀԱՊԿ–ի և ՌԴ–ի հետ։ Ուսումնասիրությունը վերաբերում է Հայաստանի սահմանային որոշ հատվածներում ռուսական զորքերի տեղակայման մանդատին։  Այս գործընթացին զուգահեռ Հայաստանին վերաբերող ձևակերպումներն ավելի հստակ ու կտրուկ են դառնում արևմտյան հարթակներում։ Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն առաջարկող երկու բանաձև է ընդունել, իսկ եվրապատվիրակներն ընդգծել են ՝ Հայաստանի իրական բարեկամը Եվրոպան է։

Պաշտոնական Երևանը գործընթաց է սկսել հասկանալու, թե ինչ իրավական հիմքերով են Հայաստանի որոշ հատվածներում տեղակայված ռուսական զորքերը։ Պարզաբանման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ Ներքին Հանդում՝ Ադրբեջանի հետ սահմանագծում, տեղի ունեցած կրակոցների և հայ զինծառայողների սպանությունից հետո ԵՄ քաղաքացիական դիտորդները հանդիպել են խոչընդոտի՝ ի դեմս ռուս զինծառայողների։ ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ այժմ ուսումնասիրություն է իրականացվում, որպեսզի իրավական խնդիրներին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ։ Պատգամավորն այս պահին անգամ դժվարանում է հստակեցնել՝ Սյունիքում տեղակայված են ռուս խաղաղապահնե՞րը, թե՞ 102–րդ ռազմաբազայի զինծառայողները։  

«Չեմ կարող ասել որտեղի զինվորականներն են, բայց սահմանապահներ են, ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ են, 2021 թվականին իրավիճակով պայմանավորված, այո, իրենք տեղակայվել են այդտեղ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար։ Այն ժամանակ այդպես էր պետք։ 21 թվին անվտանգային խնդիրներից ելնելով, այո, այդպիսի շարժեր եղել են։ Նաև Գորիսում է տեղակայում եղել, որը նաև պետք է ապահովեր Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը։ Բայց թե իրենց առջև դրված խնդիրները կատարել են, թե չեն կատարել, սա արդեն ուրիշ հարց է»։

Պատգամավորը ենթադրում է, որ համապատասխան ուսումնասիրությունն համատեղ իրականացնում են պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը և արտգործնախարարությունը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս պարագայում էլ չի շտապում խոսել անվտանգային վեկտորի փոփոխության կամ նման մտադրությունների մասին, միևնույն ժամանակ չի բացառում, որ Հայաստանն անվտանգային նոր երաշխիքներ և համակարգ է փնտրում, նաև հստակեցնում է, որ ռուսական 102–րդ ռազմաբազայի ներկայության մասին որևէ մեկը չի խոսում։

«Մենք պատրաստ ենք ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի։ Աշխարհը հիմա բաժանվել է երկու մասի։ Մի մասն ասում է՝ աշխարհակարգ գոյություն ունի և կանոններ գոյություն ունեն, օրինակ, ինչպես Ալմաթիի հռչակագիրը։ Մյուս մասն ասում է՝ ուժի իրավունքն է գործում։ Մենք կարծում ենք, որ մեր անվտանգությունը ժողովրդավար համակարգի հետ առնվազն շատ սերտ աշխատելու փորձն է, որովհետև այն մյուսը մեզ չենք կարող թույլ տալ, մենք ավելի ուժեղ չենք, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս երբ դաշնակիցը, որը մեզ պետք է պաշպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանել, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ գտնվում, իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա ու շատ վաղուց»։

Գործընթաց սկսվել է նաև այլ ուղղությունից։ Նոր զարգացումները վերլուծաբանները ընկալում են որպես պատասխանատվության գոտու հստակեցում։ Այդ հստակեցումները նախօրեին շատ հստակ հնչել են Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում։ Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը ընդգծել է, որ «Հայաստանը հույսը դրեց Ռուսաստանի հանձնառության վրա և խաբվեց»։ Շարունակելով նույն թեզը՝ Եվրախորհրդարանի դանիացի պատգամավոր Քերըն Մելքիորը ընդգծել է, որ Ադրբեջանի վերջին ագրեսիան մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության, այլ նաև նրա գոյության համար: Ըստ պատգամավորի՝ «Հայաստանի իրական բարեկամը Եվրոպան է»: Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան էլ ընդգծել է՝ Ադրբեջանի հետ գազի գործարքից շահում է միայն Ալիևը։

«Էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայ բռնի տեղահանվեց, նրանք տառապեցին Լաչինի միջանցքի ամիսներ շարունակվող շրջափակումից: Նույնիսկ դասական երկընտրանք չկա մեր սեփական բարգավաճման կայունության և մարդու իրավունքների միջև: Խնդրում եմ ձեզ փոխանցել հարցադրումը պարոն Բորելին, որը դարձյալ ներկա չէ, թե ինչ է անելու Հայաստանին օգնելու համար և կհամոզի արդյոք հանձնաժողովի իր գործընկերներին նվազեցնել գազի և նավթի մատակարարումն Ադրբեջանից՝ մեր ձեռքերն ազատելու համար»։

Քննարկումներից հետո Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ երկու բանաձև, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, պատրաստ լինել թիրախավորված և անհատական ​​պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում, ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի կարծիքով՝ վերջին 3 տարիներին ԵԽ բանաձևերն ավելի ու ավելի թիրախային են խոսում Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիության մասին։

«Ենթադրենք սրանից երկու տարի առաջ սանկցիաների մասին ոչ մեկը չէր խոսում, իմ շփումներից կարող եմ ասել, նման միտք էլ չկար, հիմա արդեն խոսում են ոչ միայն ընդհուպ միայն անհատական սանկցիաներից, այլև՝ արդեն խոսում են ընդհանուր նավթի և գազի գնման վրա կիրառվող սանկցիաներից, ինչը շատ լուրջ ազդակ է։ Սանկցիաների սպառնալիքը Ադրբեջանին պիտի հուշի ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեն։ Որ կան բաներ, որ իրենք ամեն դեպքում չեն կարող անել, ինչքան էլ որոշակի փուլում դրա ֆիզիկական հնարավորություն ունենան, որ ամեն դեպքում կա կարգ ու կանոն, ինչպես որ դա հասկանում է այսօրվա միջազգային հանրությունը»։

Արման Եղոյանի տեղեկություններով Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու պատրաստակամություն ունեն նաև առանձին երկրներ։ Իսկ ԵՄ դեպքում պատժամիջոցների կիրառման համար անհրաժեշտ կլինի 27 անդամ–երկրների համաձայնությունը։

Back to top button