ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բաց մնացած հարցերի շուրջ բանակցությունները կշարունակվեն. Միրզոյանն ու Բայրամովը Բեռլինում համաձայնության են եկել

Բեռլինում այսօր շարունակվել և ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Փոխադարձ համաձայնություն է կայացվել շարունակելու քննարկումներ բաց մնացած հարցերի շուրջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական քննարկումները մոտ 8-ամսյա դադարից հետո, երեկ էին վերսկսվել։ Նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։ Գերմանիայի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա։

Նախօրեի եռակողմ հանդիպումից հետո մամուլի համար կարճ հայտարարություն է արել միայն Գերմանիայի ԱԳ նախարարը, նշելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն կա։

Մեջբերենք մի հատված Անալենա Բերբոքի խոսքից. «Ես ողջունում եմ ձեզ և ձեր կառավարություններին այն խիզախության համար, որը դուք ցուցաբերում եք՝ այս նպատակին հասնելու համար։ Առաջ շարժվելու համար պահանջվում է իրական հանձնառություն և վճռականություն։ Բեռլինում բանակցությունները պետք է լինեն երկու շաբաթ առաջ Մյունխենում մեկնարկած «արդյունավետ քննարկումների» շարունակությունը։ Գերմանիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով և առանց ուժի կիրառման։ Հետևաբար կարևոր է, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտվեն»։

Փորձագետները, սակայն, մեծ ակնկալիքներ չունեն արտգործնախարարների բեռլինյան բանակցություններից։ Կովկասագետ Կարեն Իգիթյանը բանակցություններից երկու օր առաջ Ալիևի հնչեցրած սպառնալիքներն է հիշեցնում։ Նկատում է՝ ուժի սպառնալիքը Ադրբեջանի միակ խաղաքարտն է, մինչդեռ, դա բացառելու սկզբունք բանակցություններում չի քննարկվում։ Ըստ կովկասագետի, դա է պատճառը, որ Բաքուն երկկողմ բանակցելուն է կողմ՝ առանց միջնորդների.  

 «Երրորդ կողմը կարող է ասել՝ մեկ րոպե, դուք անհավասար պայմաններում եք խոսում, դուք ճնշում եք, եկեք այս կետն էլ ամրագրենք, որ իրավունք չունեք ուժ կիրառել։ Մենք տեսնում ենք, որ դա չկա։ Այսինքն՝ ամբողջ պրոցեսն ինքը անօրինական է, որովհետև յուրաքանչյուր փաստաթուղթ, որն ընդունվում է ուժի սպառնալիքի տակ, անօրինական է»։ 

Մինչ Բեռլինում եռակողմ հանդիպումը, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Բայրամովը վստահեցրել է, որ Բաքուն լի է վճռականությամբ տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ծրագիրն առաջ մղելու գործում։ Նա նաև պնդել է, որ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ կան Հայաստանի Սահմանադրության, օրենքների մեջ ու իրավաքաղաքական գործընթացներում։ 

Բերբոք-Միրզոյան երկկողմ հանդիպման մասին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն X-ի իր էջում հայտնել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր գերմանացի գործընկերոջը՝ Անալենա Բերբոքին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, որոնք արտացոլված են նաև 2023-ի հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով»:

Հայաստանի համար կարևոր այդ երեք սկզբունքները Գերմանիան ստորագրել է՝ որպես Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ։ Դրա համար է Հայաստանը համաձայնել ԱԳ նախարարների հանդիպումը Բեռլինում անցկացնելուն։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն դա պարզաբանեց՝ որոշակի առումով լույս սփռելով նաև հայկական կողմի սպասելիքների վրա. «Այսինքն, Բեռլինում այլ քաղաքական բովանդակություն չի կարող քննարկվել։ Որևէ միջնորդ, եթե այս շրջանակից փորձելու է դուրս բերել, մեզ համար դա ընդունելի չէ։ Որովհետև դա նշանակում է միջնորդել ոչ թե խաղաղություն, դա նշանակում է միջնորդել ընդհանրապես խաղաղության ճարտարապետության փլուզում։ Իհարկե, դրա հետևանքները լավ չեն լինի, բայց, անկախ ամեն ինչից, եթե խաղաղությունը տեղի չունենա կամ այդ բանակցային գործընթացը փակուղի մտնի, հետևանքն էլի նույնն է լինելու»։

Փաշինյանի խոսքով, Հայաստանը հստակ է ասում՝ այն երկրները կամ կազմակերպությունները, որոնք այդ երեք սկզբունքն ընդունում են, Հայաստանը կարող է նաև նրանց միջնորդությունն ընդունել։

Նշենք նաև, որ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելն է Եվրախորհրդարանի նիստում անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ շեշտելով, որ ԵՄ ամուր հանձնառությունը մնում է անփոփոխ։

«Մենք պատրաստ ենք աջակցելու կայուն խաղաղությանը, որը հիմնված է երկու երկրների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա»,–  հայտարարել է Բորելը և նշել, որ մերժում են ցանկացած ուժի կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք և շարունակում են աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Բորելի խոսքով՝ այժմ ԵՄ առաջնահերթությունը Հայաստանի ճկունությունը ուժեղացնելն է և ապահովելը, որ Հայաստանը կարողանա ինքնուրույն իրականացնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։

Հիշեցնենք նաև, որ Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Իլհամ Ալիևը։ Նշվել էր, որ առաջիկայում նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։

Back to top button