ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ի՞նչ է առաջարկում Հայաստանն օտարերկյա ներդրողին ֆոնդային բորսայում

Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերութուններից «ՄՏՍ Արմենիա» –ն իր բաժնետոմսերի մի մասը նվիրել է Հայաստանի կառավարությանը։ Մինչ այժմ հանքարդյունաբերական երկու ընկերություններ են նման քայլ կատարել։ Հունվարին  Ամուսլարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունն էր իր թողարկած 5000 դրամ անվանական արժեքով հասարակական բաժնետոմսերի 12,5 տոկոսը նվիրել  կառավարությանը։ Դրանից առաջ էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդեային կոմբինատը»։ Կառավարությունում քննարկում են՝ ինչպես անել, որ ռազմավարական նշանակության ընկերություններն իրենց բաժնետոմսերը բորսայական համակարգում  բաժանորդագրեն և դրանք վաճառելով դառնան բաց բաժնետիրական ընկերություններ։

«ՄՏՍ Արմենիա» –ի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվեց ՀՀ կառավարությանը։ Ընկերության սեփականատերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»–ն է։ Նվիրաբերված 110 հազար բաժնետոմսերն ունեն 1000 դրամ անվանական արժեք։ Հայաստանի վարչապետն արձանագրում է․

«Այս ռազմավարական ոլորտում Հայաստանի ժողովուրդը, ի դեմս կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն ու ներկայություն ունենալու հնարավորություն ունի։ Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, ու ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունը ապահովեն ընկերությունների կառավարման գործում»։

Ընկերությունը հունվարի 24-ին հայտարարել էր, որ տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն։ Ռուսական ընկերությունը վաճառվել է Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը։ Սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են: Կառավարությունում քննարկում են՝ ինչպես անել, որ ռազմավարական նշանակության ընկերություններն իրենց բաժնետոմսերը բորսայական համակարգում  բաժանորդագրեն և դրանք վաճառելով դառնան բաց բաժնետիրական ընկերություններ։

Քաղաքականություն պետք է մշակել այս ուղղությամբ՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը․ «Բաց բաժնետիրացում նշանակում է 100 տոկոսով թափանցիկություն։ Չկա մի ընկերություն, որը ի վիճակի է բաց բաժանորդագրություն հայտարարել իր բաժնետոմսերում ու թափանցիկ չլինեն։ Այստեղ կարևոր պայման է թափանցիկությունը»։

Իսկ թափանցի՞կ են արդյոք Հայաստանի ընկերություններն այնպես, ինչպես օրինակ՝ Շվեդիայում աշխատող ձեռնարկությունները։

«Թափանցիկություն բառի բացատրությունն ու թարգմանությունն էլ պետք է ճիշտ հասկանանք ու բացատրենք։ Որտեղ գնում ենք՝ թափանցիկ է, բայց այդ թափանցիկությւոնը մեզ ձեռնտու չի։ Մեզ անհրաժեշտ է  թափանցիկության ավելի բարձր մակարդակ»։  

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծում է՝ եթե կապիտալը չի ձևավորվում երկրում, ապա օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը մրցակցային չէ։ Բացատրում է՝ օտարերկյա ներդրողն այլևս շենք գնող ներդրողը չէ․

«Օտարերկրյա ներդրողն այլևս ինտերնետով ներդրողն է, որին մենք ոչ մի բան բորսայով չենք առաջարկում։ Նա նաև ռիսկ ստանձնող է, այդ թվում նաև ֆիզիկական անձ է։ Այս իմատսով բաժնետիրացումը շատ կարևոր է։ Բաժնետիրական ընկերությունները շատ ավելի շահույթ ցույց տալու մոտիվացիա  ունեն, քան ՊԵԿ–ը ճանաչում է իրենց շահութաբերությունը, քանի որ իրենց գինն աճում է»։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հիշեցնում է՝ կառավարությունը որոշակի աջակցություն է ցուցաբերում բաժնետոմսերի նախնական թողարկման ծախսերը մեղմելու համար։ Տարեկան 45 մլն դրամի մասին է խոսքը՝  կախված թողարկման ծավալից։

«Թողարկողները կարող են կառավարություն ներկայացնել իրենց փաստացի կատարված ծախսերը, հետ ստանալ։ Երրորդ բաղադրիչը վարկանիշավորումն է, որպեսզի վարկանիշավորված կազմակերպությունները մեր ընկերությւոններին վարկանիշ տան։ Դրանով ի ցույց է դրվում՝ ինչ թափփանցիկություն ունեն այդ ընկերությունները»։

Այժմ կորպորատիվ կանոնագրքի նոր խմբագրության վրա են աշխատում։ Մանրածախ ներդրողների շուկան ակտիվանցելու ուղղությամբ նույնպես աշխատում են։

Back to top button