ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անկախության հռչակագիրը՝ ծննդական, ապահարզան, ռազմավարություն․ համաժողով-մերժում հնարավոր փոփոխությանը

Մեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը կասկածի տակ դնելը բացառելու նպատակով հրավիրված համաժողովի մասնակիցները ոտքի են կանգնում, լսում «Մեր հայրենիք»-ը, որն այս անգամ սկսվում է «Ամենայն տեղ մահը մի է» տողից։ Հայրենիքի ազատության համար մեռնողին երանի տալով՝ «Հայաքվե» նախաձեռնության անդամները բացատրում են՝ ինչու են կտրականապես դեմ անկախության հռչակագրի հավանական փոփոխությանը։

«Անկախության հռչակագիրը մի փաստաթուղթ է, որն ընդունվել է մեր Հանրապետության ամենաբազամակուսակցական, ամենաներկայացուցչական Գերագույն խորհրդի կողմից, որում ներկայացված են եղել 12 քաղաքական ուժ, որ անկախության հռչակագրի մեջ ամրագրեն մեր հիմնական ազգային նպատակները, ուստի Անկախության հռչակագիրը մեր հանրապետության ծննդյան վկայականն է, և եթե անկախության հռչակագիր գոյություն չունենա, դա նշանակում է՝ գոյություն չի ունենա մեր Հանրապետությունը»,- ասում է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյան․

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ «ՀՀ անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով համաժողովը նախաձեռնվել է դեռ մեկ ամիս առաջ՝ ոչ միայն խնդրի բարձրաձայնման, այլ նաև լուծման՝ միասնականության հարթակ դառնալու ակնկալիքով։

«Արդեն զգում էինք, որ մեր ժամանակն արդեն սպառվում է, որ մեր երկիրը կանգնած է նոր ագրեսիայի վտանգի առաջ, ուստի դրան դեմ հանդիման պետք է գտնել այն հենքը, որը մեզ թույլ կտա համախմբել բոլոր ազգային ուժերին՝ կնախագելելու մեր երկրի հնարավոր աղետալի զարգացումները՝ ինքնիշխանության կորուստը։ Մեր Անկախության հռչակագրի ու դրանում ամրագրված առանցքային դրույթների պաշտպանությունը կարող է դառնալ այդ համախմբան հենքը, և հենց դրա շուրջ կարող է ձևավորվել այնպիսի միասնական գաղափարական առացք և այնպիսի մոբիլիզացիա, որ մեզ հնարավորություն կտա դիմակայել արտաքին ագրեսիային»։

Այս գաղափարը կիսելով են նույն սեղանի շուրջ հավաքվել նախկին քաղաքական հակառակորդներ, անկախության հռչակագրի համահեղինակներ Վազգեն Մանուկյանն ու Արամ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և այլք։ Վազգեն Մանուկյանն, օրինակ, չի հասկանում՝ ինչին է խանգարում Անկախության հռչակագիրը․

«Այդ հռչակագիրը չի խանգարել մեզ դառնալ ՄԱԿ-ի անդամ, չի խանգարել մեզ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել տասնյակ երկրների հետ, չի խանգարել մեզ բանակցել Թուրքիայի հետ, այսինքն՝ երբեք հռչակագիրը քննարկման առարկա չի դարձել ուրիշ պետությունների կողմից։ Այս հարցի համար նշանակություն չունի՝ դու ոնց ես վերաբերվում Ռուսաստանին, ոնց ես վերաբերվում Արևմուտքն, ոնց ես վերաբերվում այս կամ այն հարցին, այս հարցը մեր ժողովրդին ամենամիավորող հարցն է, չկա հնի ու նորի հարց, սրանից ավելի միավորող բան լինել չի կարող»։

Սա երկրի ծննդականն է, Խորհրդային միության հետ ապահարզանը փաստող ու Հայաստանի զարգացման հեռանկարը ամրագրող փաստաթուղթը՝ ասում է Արամ Մանուկյանն ու հիշեցում՝ ընդունվել է գերկոնստրուկտիվ պայմաններում։

«Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի հավաքական արժանապատվության փաստաթուղթն է, այն և՛ պատմական առումով է հուշարձան, և՛ իրավաբանական առումով։ Գորագույն խորհուրդն ընունել է 1169 օրենք ու որոշում, հռչակագիրը միակն է, որ ո՛չ որոշում է, ո՛չ օրենք։ Դու չես կարող հերքել երկրի ծնունդը, չես կարող բեկանել այն այլ իրավական փաստաթղթերով կամ որոշումներով երկրի կայացումը։ Ցանկացած բան կարող ես ընդունել, բայց որը չի կարող հերքել ծնունդը»։

Համաժողվի մասնակիցները հույս ունեն բացառել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Այդ նպատակով անկախության պաշտպանության մշտական ճակատ ձևավորելու մասին «Հայաքվե»-ն հայտնել էր ավելի վաղ։ Գործողությունների պլանում առաջին քայլը հասարակությանը, ամենից առաջ՝ ԱԺ պատգամավորներին համոզելն է, որ անկախության հռչակագրից հրաժարվելու համար նախաձեռնվող սահմանադրության փոփոխությունը կարող է կործանարար լինել։ Այս փուլում նախաձեռնությունը փորձում է իր տեսակետների մասին պատմել մարդկանց՝ ակնկալելով միասնականություն։

Back to top button