ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 26․02․2024

Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 Youth League պաշտոնական մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում:

Ընդ որում, կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում:

Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած Karate 1 Youth League մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 6 հաղթական մենամարտ է անցկացրել և ոսկե մեդալ նվաճել:

Փետրվարի 26-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ հետ համագործակցության շրջանակը:

Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների և բռնի անհետացած անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը՝ վերահաստատելով հայկական կողմի հրապարակայնորեն հայտնած պատրաստակամությունը խնդրո շուրջ համագործակցության վերաբերյալ:

Քաղաքապետարանը մտադիր է վերակառուցման քաղաքաշինական ծրագիր իրականացնել Երևանի ամենահին թաղամասերից մեկում՝ Կոնդում։ Մինչ նախագիծը պատրաստ կլինի, հստակեցվում են տարածքում բնակիչների սեփականության իրավունքները։ Քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև մետրոյի 2 նոր կայարանների կառուցման գործընթացին․ Աջափնյակ կայարանի նախագիծը փորձաքննության առաջին փուլն արդեն անցել է, իսկ Սուրմալու առևտրի կենտրոնի մոտ ստորգետնյա տրանսպորտի կայարան ունենալու համար շուտով նախագծի մրցույթ կհայտարարվի։ Այս նախագծերին զուգահեռ քաղաքապետարանը  ծրագրեր ունի Մյասնիկյան պողոտային հարող շուրջ 50 հեկտար տարածքի վերաբերյալ․ մտադիր է կանաչապատել այն ու այստեղ ուրբան անտառ հիմնել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի պապիկյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով` 1. Պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով փետրվարի 26-27-ը գտնվելու է Ժնևում: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը ելութով հանդես կգա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում: Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ:

«Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությունների հետևում»-հայտարարել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Լարվածությունը սրել է նաև Ուկրաինայի նախագահի հնարավոր այցելության մասին տեղեկությունը։ Այն թեև պաշտոնապես չի հաստատվել, բայց ակտիվորեն քննարկվում է փորձագիտական շրջանակներում։

ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները լարվածության նոր փուլ են տեղափոխվել France 24-ին Նիկոլ Փաշինյանի  տված հարցազրույցից հետո, որում վարչապետը  քննադատել էր կառույցը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար և հայտարարել, որ Հայաստանն, ըստ էության,  «սառեցրել» է իր անդամակցությունը դաշինքին։ Մոսկվան այս հայտարարությունը տարակուսելի էր համարել և հայտարարել, որ սպասում է  Երևանի պարզաբանումներին։

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Արցախն իմ տունն է» խորագրով ֆոտոցուցահանդես։ Ցուցահանդեսին ներկայացված են ոչ միայն պրոֆեսիանալ լուսանկարիչների գործեր, այլև արցախցիների կողմից  արված նկարներ։ Թվով 20 ֆոտոշարքերը պատմում են Արցախի տների ու նրանց շուրջ հյուսված պատմությունների մասին։ Բնակարանների լուսանկարները և իրենց տների մասին արցախցիների հուշերը գրի են առել լրագրողնները և վերածել կարճ պատմությունների։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի վերջը:

«Կայուն համայնքներ» ծրագրի «Honey money» նախագիծն ընդլայնվում է՝ ընդգրկելով նոր համայնքներ ու շահառուներ։ Գյուղաբնակ մեղվագործների կարողություններն ու մեղվանոցային գույքը բարելավելու ծրագիրն այս անգամ մեկնարկում է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերի համայնքների համար։ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող մեկ այլ՝ «Ջերմատուն» ծրագիրը ևս նոր շահառուներ է փնտրում։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության»։

Քաղաքային իշխանությունները մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնման նպատակով իրականացնում են ծառերի փոխարինում նոր տնկիներով: Երևանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը: 
Մասնագետները փաստում են՝ հարյուրամյա ծառերը ընկնելու վտանգի տակ են: Միայն այս ձմռանը քամուց 28 ծառ է կոտրվել ու շրջվել:

Ծառերի փոխարինման աշխատանքները մասնագիտորեն հիմնավորված իրականացնելու համար ստեղծվել է հատուկ գիտատեխնիկական խորհուրդ, որն էլ հսկելու է ողջ գործընթացը:
Կանաչապատ տարածքների սակավությամբ պայմանավորված՝ առաջիկա ծրագրով կփոխարինվեն հիմնականում կենտրոն վարչական շրջանի ծառերը. կտնկվեն բացառապես արժեքավոր ծառատեսակներ:

Կանաչ տարածքների ընդլայնումը գերխնդիր է քաղաքային իշխանության համար, աշխատանքները կրում են շարունակական բնույթ: 

    Կարդացեք նաև
    Close
    Back to top button