«Կայուն համայնքներ» ծրագրի «Honey money» և «Ջերմատուն» նախագծերը նոր շահառուներ են փնտրում
«Կայուն համայնքներ» ծրագրի «Honey money» նախագիծն ընդլայնվում է՝ ընդգրկելով նոր համայնքներ ու շահառուներ։ Գյուղաբնակ մեղվագործների կարողություններն ու մեղվանոցային գույքը բարելավելու ծրագիրն այս անգամ մեկնարկում է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերի համայնքների համար։ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող մեկ այլ՝ «Ջերմատուն» ծրագիրը ևս նոր շահառուներ է փնտրում։
«Honey money» նախագծին այսուհետ կարող են մասնակցել նաև Արցախից տեղահանվածները, որոնք մշտական բնակություն են հաստատել ծրագրում ներառված համայնքներում։ Նախագծով երկու տարում արդեն 1300 մեղվափեթակ է տրամադրվել 62 բնակավայրերի 430 շահառուների։ Գոհացուցիչ արդյունքները թույլ տվեցին ընդլայնել համայնքների և շահառուների շրջանակը՝ նշում է «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Լուսինե Ավագյանը։
«Ծրագիրը օգնելու է մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսություններին զարգացնել իրենց կարողություններն ու բարելավել մեղվանոցային գույքը։ 2 տարվա ընթացքում 1300 փեթակ ենք տրամադրել։ Արդյունքներն ամփոփելուց հետո ուզում էինք հասկանալ՝ արդյո՞ք ծրագիրը հաջորղված է։ 2023 թվականի աշնանը մոնիթորինգ անցկացրեցինք, և պարզվեց, որ 2022 թվականին բավականին լավ արդյունքներ են գրանցվել»։
Քանի որ ծրագիրը լավ արդյունք է ունեցել, որոշվել այն նոր շեշտադրմամբ շարունակել։ Մասնավորապես՝ բացի նոր շահառուներից, նախատեսվում է աջակցություն տրամադրել այն բնակիչներին, որոնք այս երկու տարում մասնակցել են ծրագրին ու հաջող արդյունքներ գրանցել։ Լուսինե Բալայանը նշում է՝ նպատակ ունեն նպաստել գյուղերում մեղվաբուծական փոքր տնտեսությունների ստեղծմանը, արտադրական հնարավորությունների զարգացմանն ու խթանմանը։
«Փորձելու ենք հիմնել փոքր արտադրություններ։ Համաֆինանսավորման սկզբունքով ՄԱԶԾ-ի կողմից տրամադրվելու է գույք, արտադրական տարածքները բարեկարգվելու են՝ «ՀՀ մեղվաբուծության մասին օրենքի» և արտադրական տարածքների չափանիշներին համապատասխան»։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ընկերության կայքում տեղադրված հայտը, որից հետո ընտրության նախնական փուլն անցած դիմորդները կմասնակցեն երկօրյա դասընթացի։ Այն բարեհաջող ավարտած և համապատախան պայմաններ ունեցող մասնակիցները քննություն հանձնելուց հետո երկուական փեթակ կստանան։ Նախատեսվում է շուրջ 250 փեթակ տրամադրել շահառուներին՝ նշում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը։
ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող մեկ այլ՝ «Ջերմատուն» ծրագիրը ևս նոր շահառուներ է փնտրում։ 2023 թ-ին նախաձեռնությունն իրականացվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Արդեն ընտրվել է 7 ընտանիք, որոնց տնամերձերում տեղադրվել են ծրագրի միջոցներով ձեռք բերված 150 քմ մակերեսով ջերմատներ՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հանդերձ։ Եվս 3 ջերմատուն տեղադրման ընթացքում է՝ նշում է «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Մխիթար Բալայանը։
«Ներկայում ջերմատները լիովին կահավորված են և արդեն ծառայում են շահառու ընտանիքների կարիքների բավարարմանը և եկամուտ ստանալուն։ Նշված ընտանիքները սեզոնի վերջին արդեն ստացել են կանաչիների սերմեր, որոնք հաջողությամբ աճեցրել են և իրացրել։ Սեզոնի սկզբին՝ ապրիլ ամսվա ընթացքում, կտրամադրվեն բանջարեղենի՝ լոլիկի, վարունգի, տաքդեղի և լոբու սածիլներ՝ ջերմատնային լիարժեք արտադրություն սկսելու համար»։
Այժմ նախատեսվում է աջակցության այս ծրագիրը շարունակել Սյունիքի մարզի այլ համայնքներում, ինչպես նաև նոր շահառուներ ներգրավել Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերից։ Այս ծրագրին նույնպես կարող են դիմել նշված մարզերում բնակվող տեղահանված անձինք։
«Մենք հույս ունենք, որ գոնե 25 ընտանիքի լիարժեք կրթություն կտրամադրենք, և առնվազն 16 ջերմատուն կտրամադրենք։ Նորից կտրամադրվեն համապատասխան սածիլներ, օժանդակ անհրաժեշտ սարքավորումներ»։
«Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի խոսքով՝ այս ծրագրերը նոր հնարավորություններ են տալիս ոչ միայն կոնկրետ մարդկանց, այլև համայքին։ Օրինակ՝ հնարավարություն՝ բարձացնելու ինքնաբավությունը։
«Դրա համար մենք փորձում ենք շատ չցրվել մարզով մեկ, այլ կլաստերային լուծում տալ։ Օրինակ՝ առաջին ջերմատները տեղադրվեցին Գորիս համայնքում, և մենք կուզենայինք այս համայնքում ևս մի քանիսը տեղադրել։ Որովհետև սա նոր մշակույթ է Գորիսի համար, և արդյունքները ցույց են տալիս, որ այն սկսել է ազդեցություն թողնել։ Եթե 7 ջերմատունը այպսիսի արդյունքներ է տալիս, ապա պատկերացրեք՝ ինչպիսի արդունքներ կտա 15-ը»։
«Honey money» ծրագրին դիմելու հայտն արդեն հասանելի է «Կայուն համայնքներ» ծրագրի կայքում։ Առաջիկա օրերին հասանելի կլինի նաև «Ջերմատուն» ծրագրին դիմելու հայտը։