ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կոնդն այլևս առաջվանը չի լինի. թաղամասը կվերակառուցվի, իսկ տները կօտարվեն

Քաղաքապետարանը մտադիր է վերակառուցման քաղաքաշինական ծրագիր իրականացնել Երևանի ամենահին թաղամասերից մեկում՝ Կոնդում։ Մինչ նախագիծը պատրաստ կլինի, հստակեցվում են տարածքում բնակիչների սեփականության իրավունքները։ Քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև մետրոյի 2 նոր կայարանների կառուցման գործընթացին․ Աջափնյակ կայարանի նախագիծը փորձաքննության առաջին փուլն արդեն անցել է, իսկ Սուրմալու առևտրի կենտրոնի մոտ ստորգետնյա տրանսպորտի կայարան ունենալու համար շուտով նախագծի մրցույթ կհայտարարվի։ Այս նախագծերին զուգահեռ քաղաքապետարանը  ծրագրեր ունի Մյասնիկյան պողոտային հարող շուրջ 50 հեկտար տարածքի վերաբերյալ․ մտադիր է կանաչապատել այն ու այստեղ ուրբան անտառ հիմնել։

Կոնդն այլևս առաջվանը չի լինի․ Երևանի ամենահին ու կոլորիտային թաղամասերից մեկն առաջիկայում կօտարվի, ու տարածքում  քաղաքաշինական նոր ծրագիր կիրականացվի։ Առայժմ պարզ չէ, թե ինչպիսի ապագա է պատկերացնում քաղաքապետարանն այս թաղամասի համար, բայց հաստատ է, որ այն կվերակառուցվի․  գործող իշխանությունն այս մասին  տարիներ առաջ էր հայտարարել։ 2021-ին քաղաքաշինության կոմիտեն հայեցակարգի մրցույթ հայտարարեց․ 45 հայտերից հաջորդ փուլ անցան 7-ը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստանում է՝ Կոնդի կոլորիտը կպահպանվի, բայց նաև արդի, ժամանակակից լուծումներ կլինեն։ Քաղաքապետարանն այժմ բնակիչների սեփականություն հանդիսացող գույքի շրջանակն  է հստակեցնում։ Կոնդ թաղամասում գտնվող շենք–շինություններ և հողամասերի օրինականացման վերաբերյալ քաղաքապետարանն արդեն ավելի քան  250 դիմում է ստացել, թաղամասում, սակայն, մոտավոր հաշվարկով շուրջ 900 գույքային միավոր կա։

«Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար, և այս նախաձեռնության նպատակն է, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով այն, որ իրենց փաստացի սեփականությունը տարիներ շարունակ իրենց սեփականությունը չի հանդիսացել»,– ասում է Ավինյանը։

Առաջիկայում գործնական փուլ կմտնի նաև Երևանի Արզումանյան 10 և 17 հասցեների 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը։ Քաղաքապետարանն ամիսներ առաջ էր հայտարարել, որ մտադիր է օտարել 4–րդ կարգի վթարայինները ու դրանց փոխարեն նոր շենքեր կառուցել։ 

«Մենք գիտենք, որ լինելու են մարդիկ, որոնք դժվարություններ են ստեղծելու պրոցեսում, ասելու են, որ իրենց 4-րդ կարգի շենքում գտնվող բնակարանն արժի միլիոններ: Պարզ հոգեբանություն է, միշտ կան այդպիսի մարդիկ: Հետևապես՝ պետք է խնդրեմ, որ այն ժամկետները, որոնք օրենքով են նախատեսված, 1 օր դրանից ուշացում չունենանք: Այս փուլում, վստահ եմ, ավելի լավ պայմաններ կառաջարկվեն, քան դատական ընթացակարգով: Վստահ եմ, որ երբ դատարանը գնահատել տա, փորձաքննություն իրականացվի, և 4-րդ կարգի վթարային շենքում գնահատվի բնակարանի արժեքը, պարզ է, որ դա չի լինելու այն նույն պայմանը, որն այսօր ենք առաջարկում»։

Քաղաքի մեկ այլ հատվածում էլ քաղաքացիներն ինքնակամ բնակեցրել են կանաչապատման ենթակա համայնքային հողերը։ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանն է զեկուցում՝ ուսումնասիրել են Նոր Նորք վարչական շրջանի՝ Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքն ու պարզել, որ այստեղ 36 հեկտար տարածք ենթակա է կանաչապատման, սակայն տարիների ընթացքում այստեղ տարատեսակ շինություններ են հայտնվել։

«Ուսումնասիրման ընթացքում նշված 36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ հասարակական շինություններ, ավտոտնակներ։ Համայնքային տարածքի մոտ 7 հեկտար հատվածն ինքնակամ սահմանազատված է ու ցանկապատված է»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարում է ընթացիկ շաբաթվա ընթացքում տարածքն ազատել տարբեր քոլիկներից, ինչից հետո շուրջ 26 հեկտար տարածքի համար ոռոգման ջրի խնդիրը կլուծվի ու քաղաքային ուրբան անտառի կհիմնվի:

«Նման մեծ ծավալի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի՝ Նոր Նորք, այլև Կենտրոն վարչական շրջանի օդի որակի վրա»,– ասում է Բեգոյանը։

Ընդհանուր առմամբ՝ երևանյան շուրջ 20 այգիներում ու պուրակներում գարնանը 50 հազար թուփ ու կես միլիոնից ավելի ծաղիկ ու գեղարվեստական թուփ կտնկվի։ Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում ծառերի փոխարինման, կանաչ տարածքների վերականգնման աշխատանքներին զուգահեռ կկանաչապատվի նաև Երևանյան լճի հարակից, վերջերս բարեկարգված տարածքը։

Եվ նորից կրկնեմ՝ Երևան քաղաքից զավթած հողը նույնպես գողություն է։ Հետևապես, այն, ինչ հանրային է, պետք է մնա հանրային, այն, ինչ կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,– եզրափակում է քաղաքապետը։

Back to top button