ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանը «սառեցնում» է, բայց հրաժեշտ չի տալիս․ ՀԱՊԿ-ում անորոշության մեջ են

«Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությունների հետևում»-հայտարարել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Լարվածությունը սրել է նաև Ուկրաինայի նախագահի հնարավոր այցելության մասին տեղեկությունը։ Այն թեև պաշտոնապես չի հաստատվել, բայց ակտիվորեն քննարկվում է փորձագիտական շրջանակներում։

ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները լարվածության նոր փուլ են տեղափոխվել France 24-ին Նիկոլ Փաշինյանի  տված հարցազրույցից հետո, որում վարչապետը  քննադատել էր կառույցը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար և հայտարարել, որ Հայաստանն, ըստ էության,  «սառեցրել» է իր անդամակցությունը դաշինքին։ Մոսկվան այս հայտարարությունը տարակուսելի էր համարել և հայտարարել, որ սպասում է  Երևանի պարզաբանումներին։

ՀԱՊԿ կանոնադրությունում դե յուրե չկա պետության անդամակցությունը «սառեցնելու» իրավական գործիքակազմ։ Դա է պատճառը, որ շատերը չեն հասկանում, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետը, երբ խոսում էր անվտանգային այդ կառույցում Հայաստանի անդամակցությունը սառացնելու մասին։ Մոսկվան Երևանից դեռ պարզաբանումներ է ակնկալում, պաշտոնական Երևանը մի քանի օր է լուռ է այդ հարցով, իսկ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը յուրովի է մեկնաբանում վարչապետի հայտարարությունը։

Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այս հարցը պարզաբանելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Սառեցված բառը նշանակում է, որ սառեցված է»։

Նույն հանձնաժողովի անդամ, գեներալ լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը նշում է, որ Հայաստանը դեռ դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ Որ պահին երկրի շահը թելադրի այդ անհրաժեշտությունը, այդ ժամանակ էլ Հայաստանը կհրաժարվի անվտանգային այդ կառույցից։ Ըստ Մելքոնյանի՝ դրան չի խանգարի անգամ նոր պատերազմի մեծ հավանականությունը։

«Այսինքն՝ մի 5-6 ամիս առաջ Ռուսաստանը մեր անվտանգությունը ապահովո՞ւմ էր, իսկ հիմա արդեն էլ չի՞ ապահովելու։ 20 թվականից, 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորը չի եղել։ Հույսը դրեք ձեզ վրա, և պատրաստ եղեք, եթե պատերազմ լինի, մենք ենք կռվելու մեր երկրի համար, մեր տարածքների համար։ Դրա համար մեզ պետք են զենք, սպառազինություն, որը մենք արդեն ձեռք ենք բերում։ Լավ իմացեք, ոչ մի երկիր իր զինվորը չի բերի այստեղ ու չի կռվելու մեր երկրի համար։ Սառեցնել այն է նշանակում, որ մենք շուրջ 1 տարուց ավելի չենք մասնակցել ՀԱՊԿ-ի բոլոր հավաքներին»։

ՀԱՊԿ-ում նույնպես հստակեցումների անհրաժեշտություն են տեսնում։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռևս չեն եղել վարչապետ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։ Լուկաշենկոյի կարծիքով՝ հնարավոր զարգացումներից կազմակերպությունը չի փլուզվի։

«Ադրբեջանը մեզ համար, ՀԱՊԿ բոլոր անդամների համար օտար երկիր չէ։ Կառույցում քիչ չեն մահմեդական երկրները։ Դուք էլ եք դա հասկանում, և դա է մասնակի պատճառը կառույցում համապատասխան դիրքորոշման համար։ Երրորդն էլ՝ Հայաստանը ի՞նչ է, ցանակնում է, որ մենք ներքաշվենք պատերազմի մե՞ջ»։

Ուշագրավ է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, բայց այդ երկրի շահերը կառույցում, փաստորեն, ավելի բարձր են դասվում ՀԱՊԿ հիմնադիր-անդամ պետության շահերից։

Հայաստանի դժգոհությունը ՀԱՊԿ-ից գագաթնակետին է հասել 2021-22 թվականներին ադրբեջանական ագրեսիաներից հետո, որոնց հետևանքով  Հայաստանի ինքնիշան տարածքից զգալի հատվածներ են օկուպացվել, ինչին ՀԱՊԿ-ը, հակառակ Հայաստանի դիմումներին, պատշաճ քաղաքական գնահատական չի տվել և չի գործել ռազմավարական դաշնակցային սկզբունքներով։

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները վկայում են կառույցում առկա ճգնաժամի մասին։

«Ես կասեի, որ ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, ճգաճամի մեջ է ։ Եվ դա հաստատվում է ներկա իրավիճակով։ Ես սա կմեկնաբանեի ոչ թե որպես կազմակերպությունից փաստացի դուրս գալու գործընթաց, դա կարող է լինել կամ չլինել, այլ որպես կառույցի ներսում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության բացակայություն։ Իսկ Հայաստանի փոխգործակցությունը ՀԱՊԿ մյուս անդամ-պետությունների հետ երբեք էլ չի գործել։ Հակասությունը կառույցի ներսում միշտ էլ եղել է։ Չմոռանանք Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին, մյուս պետությունների ղեկավարների հակասական հայտարարությունները և գործողությունները։ Նախկինում այդ ամենը արվել է քիչ թե շատ փակ դռների հետևում, բյուրոկրատական մթնոլորտում։ Հիմա և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում ամեն ինչ այլ կերպ է ընթանում»։  

Ընդհանուր առմամբ քաղաքագետը համոզված է, որ ղարաբաղյան և ուկրաինական պատերազմներից առաջ կառույցի համար մշակված անվտանգային մեխանիզմներն արդեն վատ են աշխատում։ Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը, սակայն,  պնդում է՝ կտրուկ քայլերով Հայաստանը արհեստականորեն նվազեցնում է իր պաշտպանական ռեսուրսները։

«Փաստը մնում է փաստ, որ ամեն դեպքում կա որոշակի հիասթափություն։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ այլընտրանք այդպես էլ չի առաջանում։ Արևմուտքի կողմից բացի զուտ դեկլարատիվ հայտարարություններից, հավաստիացումներից և իրոք շատ սիմվոլիկ քայլերից՝ որևէ այլ բան չի եղել»։

Իրականում շատ լուրջ քայլ է կատարվել Մյունխենում՝ անվտանգության համաժողովի ժամանակ, կարծում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Ասում է՝ հայկական կողմը Մյունխեն է գնացել օր օրի բարձրացող էսկալացիայի պայմաններում։ Համոզված է, որ Մյունխենը կանխեց շատ լուրջ զարգացումներ։ Թեև քննարկումների կենտրոնում Ուկրաինան էր, բայց այդ ամենը հայելային անդրադարձ ունի նաև Հայաստանի վրա։   

«Իրականում, նման համաժողովներում գնահատական է տրվում երևույթներին, ոչ թե անհատներին։ Իսկ երևույթը հետևյալն է՝ չի կարելի ժամանակակից աշխարհում երկրի սուվերեն, ճանաչված տարածքը ներխուժել։ Եվ այդ ամենին ներկա էր Ադրբեջանը իր խմբով։ Եվ Իլհամ Ալիևը այդ ամեն ինչը լսում էր, որ չի կարելի սուվերեն տարածք ներխուժել, որ իրենք ( եվրոպական համայնքը-խմբ․) դա չեն հանդուրժելու, որ Պուտինը ոչ մի պարագայում չի հաղթելու, անկախ ամեն ինչից՝ Եվրոպան մտնելու է այդ գործընթացների մեջ։ Մի քանի օր առաջ հրապարակվեց, թե Ուկրաինային օգնությունը Եվրոպայից և ԱՄՆ-ից ինչքան է եղել։ Ամենահետաքրքիրը, որ 70 միլիարդից 40 միլիարդը Գերմանիան է հատկացրել։ Ու այստեղ շատ կարևոր է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում էլ Գերմանիան սկսեց կարևոր դեր խաղալ այս ենթատեքստում»։

ՀԱՊԿ-ի հետ տարաձայնությունների ֆոնին բուռն քննարկումների առարկա է դարձել Ուկրաինայի նախագահի հնարավոր այցը Հայաստան։ Տարածվող տեղեկությունների համաձայն՝ Զելենսկին Երևան և Բաքու կարող է գալ մարտի սկզբին։ Շրջանառվում է վարկած, թե այցը կազմակերպվում է հավաքական Արևմուտքի հորդորով։   

Այցը անհավանական չի համարում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, բայց ճշտում է՝ խմբակցության ներսում այս մասին որևէ մեկը տեղեկություններ չունեն։

«Ըստ էության, ամեն ինչի մեջ էլ կարելի է հակառուսական երանգ գտնել, եթե փնտրում եք։ Հակառուսական բան կարող են գտնել Հռոմի ստատուտի վավերացման  կամ մեր այլ ցանկացած որոշման մեջ։ Բայց քանի որ այս պահին պաշտոնական հայտարարություն այդ մասին չկա, թույլ տվեք չմեկնաբանել»։

Պատգամավորը համոզված է, որ այս հարցում պետք է լավ հաշվարկել հնարավոր օգուտներն ու վնասները։ Իսկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ բարձրաստիճան այցերի մասին նախարարությունը պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկում է հանրությանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button