ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ժնևից՝ Բեռլին. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն փետրվարի 28-29-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով փետրվարի 26-27-ը գտնվելու է Ժնևում: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը ելութով հանդես կգա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում: Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը միջազգային իրավապաշտպան մարմին է, որը փոխարինել է Մարդու իրավունքների հանձնաժողովին։ Այն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակ մարմինն է։ Խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի 19-ին։ Մարդու իրավունքների խորհուրդն ստեղծվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2006 թվականի մարտի 15-ին։ Խորհրդի ստեղծման մասին բանաձևն ասում է.

«Խորհրդի անդամները պետք է աջակցեն մարդու իրավունքների խրախուսման և պաշտպանության ոլորտում ամենաբարձր չափանիշներին»։

Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստին և Զինաթափման համաժողովին մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա ելույթ կունենա նիստերի բարձրաստիճան հատվածում։ 

Տեղեկություններ չկան, թե արդյո՞ք Ադրբեջանի արտգործնախարարը նույնպես Ժնևում կլինի։ Ավելի վաղ Ջեյհուն Բայրամովը ասել էր, որ հայ-ադրբեջանական պատվիրակությունների քննարկումներ են լինելու առաջիկայում՝ չնշելով հանդիպման վայրը։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ կողմերը պայմանավորվում են Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամկետների վերաբերյալ։

Օրեր առաջ էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ խաղաղության պայմանագիրը հայկական կողմի համար մնում է առաջնահերթություն։

«Կա հնարավորություն աշխատելու։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է դիտարկել որպես կարևոր գործընթաց՝ ակնկալելով, որ երբեմն կարող է լինել առաջընթաց, երբեմն էլ հետընթաց, սակայն հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և այն հետևողականորեն առաջ է մղելու։ Հուսով ենք, որ շուտով և՛ արտգործնախարարների, և՛ փոխվարչապետների հանդիպումները հնարավորություն կտան ընդհանուր առմամբ առաջ մղել խաղաղության օրակարգը»։

Երկու երկրների գլխավոր դիվանագետների հանդիպման մասին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություն էին ձեռք բերել փետրվարի 17-ին՝ Մյունխենում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պայմանավորվել են երկու երկրների ԱԳ նախարարների և փոխվարչապետների մակարդակով նոր հանդիպումներ կազմակերպել։

«Ընդհանուր առմամբ, եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահվեն, դրանց կատարումը կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը: Մենք մեր կողմից հաստատակամ ենք հավատարիմ մնալու այդ պայմանավորվածություններին: Արտաքին գործերի նախարարների հանդիպումը ակնհայտորեն պետք է վերաբերի խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը: Իհարկե, խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դեռևս համաձայնեցված չեն և այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Պայմանավորվել ենք այս աշխատանքներն իրականացնել»։

Ռեպորտաժը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն է տեղեկացրել:

Կարդացեք նաև
Close
Back to top button