ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Իմ տունն Արցախում». լուսանկարներ դարձած տներ

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Արցախն իմ տունն է» խորագրով ֆոտոցուցահանդես։ Ցուցահանդեսին ներկայացված են ոչ միայն պրոֆեսիանալ լուսանկարիչների գործեր, այլև արցախցիների կողմից  արված նկարներ։ Թվով 20 ֆոտոշարքերը պատմում են Արցախի տների ու նրանց շուրջ հյուսված պատմությունների մասին։ Բնակարանների լուսանկարները և իրենց տների մասին արցախցիների հուշերը գրի են առել լրագրողնները և վերածել կարճ պատմությունների։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի վերջը:

Թանգարանն այսօր չի աշխատում։ Ցուցասրահը դատարկ է ճիշտ այնպես, ինչպես այն բոլոր տներն ու փողոցները, որոնց լուսանկարները կարելի է տեսնել թանգարանի պատերին։

Լուսանկարներում Արցախում իրենց տունը կորցրած մարդկանց պատմություններն են` իրենց տան լուսանկարներով:

Մայրամուտ՝ տան պատուհանից, պարտեզում աճած բարիքներ, գրքերով լեցուն սիրելի սենյակ, մտերիմների հետ անցկացրած ամբողջ կյանք։

Տները լքած մարդիկ իրենց բնակարանները հիմնականում լուսանկարել են վերջին պահին՝ հեռանալուց րոպեներ առաջ։ Բացի լուսանկարներից ու պատահական իրերից, ոմանք իրենց հետ նաև տանձ, խաղող և թագավորուկ են բերել, որ հավաքել էին մեկնելուց առաջ։ Դիանա Առուշանյանն ասում է՝ տանձը կտրելիս հասկացել է, որ վերջին անգամն է, որ իրենց այգու միրգն է ուտում։

Գիտի՝ տան բանալին պապի բաճկոնի գրպանում է, բայց դրա մասին չեն խոսում։ Ցուցադրությունում ներկայացված իրենց տունը միայն լուսանկարի տեսքով չէ: Եթե նույնիսկ այս լուսանկարի գույները ժամանակի ընթացքում խամրեն, ձեռքի դաջվածքը երբեք թույլ չի տա մոռանալ պապական տան պատկերը։

«Երբ պատերազմը վերջացավ 2020 թվականի նոյեմբերին, ես գնացի Ստեփանակերտ, բարձր տեղից նայեցի իմ տանը և որոշեցի տան էսքիզով դաջվածք ունենալ։ Իրականում, քանի որ ես կարծում էի, որ մինչև 2025 թվականը կկարողանամ Արցախ գնալ, վերջին անգամ Արցախը տեսնելու զգացմունքները թողնում էի հետոյի համար։ Բայց վերջին անգամ, երբ գնացի, 2022 թվականի նոյեմբերն էր՝ բլոկադայից մեկ ամիս առաջ։ Երևան վերադառնալիս մեկ անգամ էլ նայեցի տանը հուսալով մեկ-երկու ամսից նորից վերադառնալ»,- պատմում է Առուշանյանը։

Ցուցահանդեսի մասնակիցները շատ բան չէին կարող իրենց հետ վերցնել և հոգու խորքում  հուսով էին, որ վերջին անգամը չէր, որ տեսնում են իրենց տունը։ Շատերը նույնիսկ դուռը կողպել ու բանալին իրենց հետ վերցրել են, պատմում է Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

«Տարբեր մարդիկ այդ «շոկը» տարբեր ձևի են ապրում։ Ոմանց համար այդ շոկը դրսևորվում է, որ եթե ես չեմ մտնելու, ուրեմն ոչ ոք չպետք է մտնի, մյուսներն էլ մտածում են՝ «Ես սիրում եմ իմ տունը և ուզում եմ իմ տունը մնա ու դուռն էլ չեմ փակում, որ չջարդեն»։

«Իմ տունը Արցախում» ցուցադրության մասնակիցները մարդիկ են, որոնք իրենց տունը կորցնելով հանդերձ, ուժ են գտել պատմելու իրենց օջախի, հայրական տան ջերմ հիշողությունների մասին։ Ցուցադրությանը ներկայացված են հիմնականում սիրողական լուսանկարներ, բայց կան նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչների գործեր ու պատմություններ:

Դավիթ Ղահրամանյանը իր տատիկի ու պապիկի մասին է պատմում։ Ահա՝ տատիկ, պապիկն էլ նստած են տան դիմաց։ Սա էլ Վլադիմիրի տատիկն է, բուրդ է մանում, թոռնիկի համար օժիթ պատրաստում։ Սա էլ շատ հայտնի մի լուսանկարչի գործ է։ Մի կերպ գտել է իրենց  տունը՝ նկատված 13 թվականին։

Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Սևակ Մովսեսյանն, օրինակ, տրամադրելով իր տան լուսանկարները, ասել է, որ աղյուսե տունը պապն էր սարքել՝ իր հոր և հորեղբոր համար։ Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը պատմեց, որ դեռևս հոկտեմբերին ռուս լրագրողներ Ալեքսանդրա Լիվերգրանտը և Յան Շենկմանը իրեն առաջարկեցին ստեղծել ֆոտոպատմություններ, որոնք լավագույնս կպատմեին Արցախում տեղի ունեցած ողբերգության մասին:  Տները, շատ մեծ գաղափարախոսություն ունեն, ասում է Մարկ Գրիգորյանը։

Դրանք մեծ պատմություն են պատմում: Հարկերի քանակը, ով՝ որ սենյակում է բնակվել, ինչ պարագաներ կային տանը։ Այս ամենը ավելի քան մարդկային կենցաղի, մշակույթի և մտածելակերպի մասին է։

Կարդացեք նաև
Close
Back to top button