ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախի համար նախատեսված նվերները՝ Սյունիքին

Արցախի դպրոցների համար նախատեսված «Թուֆենկյան» հիմնադրամի նվերները բաժին են հասել Սյունիքին։ Մարզի 104 դպրոցները հիմնադրամից ստացել են փաթեթներ՝ քիմիայի լաբորատորիաների համար։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պատասխանատուների դիտարկմամբ՝ այս համալրումից հետո մարզում քիմիայի դասերն ավելի հետաքրքիր կանցնեն։

«Թուֆենկյան» հիմնադրամի կողմից Սյունիքի դպրոցները ստացան քիմիայի փոքրիկ լաբորատորիաներ, որոնք կօգտագործվեն ուսումնական պրոցեսում։ Ծրագրի մեկնարկը տրվել էր Արցախում․նախ՝ Մարտունու, ապա՝ Արցախի Հանրապետության բոլոր շրջանների դպրոցներին նվիրեցին կենսաբանության լաբորատորիաներ՝ ասում է  «Թուֆենկյան» հիմնադրամի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Պետօ Տեմիճեան–Քուրքճեանը։

«Քիմիայի այս տուփերը, որ պատրաստվեցան, դժբախտաբար, իրավիճակից ելնելով չհասան Արցախ։ Մենք Հայաստանի կրթության  նախարարության և Սյունիքի մարզպետարանի հետ պայմանավորվեցինք ու տուփերն այսօր հասցրեցինք Սյունիք»։

115 արկղերը նախատեսված են Սյունիքի 104 դպրոցների համար։ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի հավաստմամբ՝ բաշխումը դպրոցներին ընթացքի մեջ է։ Բոլոր դպորցները ստանալու են մեկական, իսկ Կապանի մեծ դպրոցները՝ երկուական փաթեթ։

«Այս պահին ունենք դպրոցներ, որոնց լաբորատորիաների սարքավորումներն անմխիթար վիճակում են, կան դպրոցներ էլ, որոնք ամբողջական ունեն այդ լաբորատորիաները, բայց դրանց թիվը քիչ է՝ 5-6, այդ թվում՝ ավագ դպրոցները։ Ստանալով ԿԶՆԱԿ հիմնադրամի եզրակացությունը, որ պետական չափորոշիչներով նախատեսված բոլոր փորձերի համար բավարար է այս լաբարատորիան՝ տվեցինք մեր համաձայնությունը Սյունիքի դպրոցներին բաշխելու համար»։

Փաթեթում նույնիսկ ակնոցներ ու ձեռնոցներ կան, որ աշակերտները փորձերի ժամանակ պահպանեն անվտանգության բոլոր կանոնները՝ ասում են քիմիայի ուսուցիչները։ Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի քիմիայի ուսուցչուհի Աստղիկ Համբարձումյանը մանրազնին ուսումնասիրում է բոլոր սարքերն ու նյութերը։

«Ճիշտն ասած, էստեղ ինչ կա, մենք վաղուց չենք ստացել, իհարկե հաճելի է և ուսուցողական։ Երեխաները համար լրացուցիչ խթան է քիմիան սիրելու համար։ Նամանավանդ այս պայմաններում, երբ քիմիան համարվում է մեռած գիտություն»։

Ի դեպ, 2023թ․-ի սեպտեմբերի 1-ից դպրոցներն իրենց բյուջեներով կարող են նախատեսել քիմիական նյութերի գնում, եթե ունեն լաբորատորիաներ։

Back to top button