Շարուկ ակներ

Արցախյան թեմայով գրառումները փակ գզրոցներից Ս․ Կապուտիկյանը հանել է Շարժումից հետո․ «Շարուկ ակներ»

Դեռևս արցախյան շարժումից շատ առաջ՝ 1959 թվականին, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ոգեշնչված Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի խոսքից և ԼՂԻՄ գրողների միության նախագահ Բագրատ Ուլուբաբյանի հրավերով՝ ուղևորվում է Լեռնային Ղարաբաղ։ Նա այն առաջին երջանիկ հեղինակն էր, որ իրավունք էր ստացել պետական հրավերով մեկնելու Ստեփանակերտ:

Կապուտիկյանն Արցախ հրավիրվել էր մեկ շաբաթով, բայց այնտեղ մնացել է մեկ ամիս։ Այդ ուղևորության տպավորությունները, մտորումները բանաստեղծուհին զետեղել էր, նախ, փակ գզրոցներում։ Բայց Արցախից վերադառնալուց հետո նամակ է գրել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին։ Ստանալով խայտառակ պատասխան և տեսնելով, որ իր բողոքը ոչ միայն տեղ չի հասել, այլ հակառակ ազդեցությունն է թողել, խոսքն ուղղել է ավելի բարձր ատյաններին, բողոքի նամակ գրել Հեյդար Ալիևին։ Իսկ ավելի սեղմ տարբերակն ուղղել է Բրեժնևին։

«Կապուտիկյանն, իհարկե, Արցախ մեկ անգամ չէ այցելել, և մեկ անգամ չէ անդրադարձել արցախյան թեմային։ Նա Շարժումից հետո է գզրոցներից հանել իր գրառումներն ու հրատարակել «Էջեր փակ գզրոցներից» ծավալուն գիրքը»,- մեր զրույցի ժամանակ ասում է Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն- թանգարանի ղեկավար Արմենուհի Դեմիրճյանը։

Back to top button