ԿարևորՀասարակությունՌադիոլուր

Մեղրիում կյանքը սովորականի պես շարունակվում է․ համոզվելու համար բնակիչները Մեղրի են հրավիրում

Մեղրիում պետական մի քանի կառույցների աշխատանքի դադարեցումը տարաբնույթ խոսակցությունների առիթ է տվել՝ ընդհուպ մինչև համայնքի դատարկում։ Մարզային և համայնքային իշխանությունները հորդորում են՝ արտաքին օրակարգերը ներքին չդարձնել։ Մեղրիում առօրյան սովորականի պես շարունակվում է, արտառոց ոչինչ չկա՝ սա էլ փաստում են համայնքի բնակիչները։

Մեղրիում մի քանի պետական կառույցների փակումը թեժացրեց Մեղրին հայաթափելու մասին խոսակցությունները։ Մարզային ու համայնքային իշխանությունները հերքում են այս լուրերը՝ պնդելով, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրիի  նստավայրը, ՊԵԿ սպասարկման կենտրոնը, կադաստրի կոմիտեի գրասենյակը աշխատանքները դադարեցնում են օպտիմալացման պատճառով։ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Ղազարյանը հերքում է տեղեկությունը, թե 12 հազար բնակիչ ունեցող համայնքից վերջին ամիսներին ընտանիքներ են  արտագաղթել։ Ասում է՝ ավելին,  Մեղրիում այսօր դժվար է նույնիսկ վարձով տուն գտնելը։

Բագրատ Զաքարյան․ «Ոչ մի արտագաղթ Մեղրիից չկա ներկա պահին, այն մարդիկ ովքեր խոսում են այդ մասին, համոզված եմ՝ նույնիսկ Մեղրիի աշխարհագրական տեղն ու դիրքը չգիտեն։ Իսկ ովքեր կասկածում են իմ ասածների վրա խորհուրդ եմ տալիս գալ Մեղրի, երկու օր մնալ համայնքում, խոսել բնակիչների հետ՝ պարզելու՝ կա՞ արտագաղթ, թե՞ չէ»։

Մեղրիի բնակիչ Հակոբ Ղավալբաբունցը զարմացավ  տարածաշրջանը դատարկելու մեր հարցից։ Քաղաքն ապրում է իր առօրյայով, մարդիկ աշխատանքի են գնում, դպրոց, մանկապարտեզ։ Լսենք Հակոբ Ղավալբաբունցին։

«Հավայի խոսացողները թող իրենց ընտանիքներով զբաղվեն, իրենց հոգսերով, Մեղրին տվող չկա։  Էս պահին էլ շատ մարդ ցանկություն է հայտնում գալու, Մեղրիում ապրելու, քանի որ Հայաստանում Մեղրիից լավ տեղ չկա, թե աշխատանքի առումով, թե կլիմայի»։

Մեղրիում խնդիրներ շատ կան, որոնք կառավարության օրակարգում են և ըստ առաջնահերթության լուծում են ստացել և ստանալու են՝ ասում է Սյունիքի մարզպետ  Ռոբերտ Ղուկասյանը՝ հորդորելով չշարժվել ուրիշի թելադրած օրակարգով։

«Բոլոր կեղծ լուրեր են,  որոնք կապ չունեն մեզ հետ, Հայաստանի հետ, հայկական օրակարգի հետ, դրանք խոսակցություններ են, որոնք վնասում են մեզ։ Ես վստահ եմ, որ նման օրակարգերը ծնվում և տարածվում են Հայաստանից դուրս։ Նման բան չկա, չի կարող լինել։ Ընդհանրապես մենք այդ խոսույթը պիտի քիչ տարածենք մեր երկրում» ։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիի բժշկական կենտրոնի աշխատակազմին ներկայացրեց կենտրոնի  տնօրենի պաշտոնակատար Մհեր Աբրահամյանին։ Նախկին տնօրեն Լուսինե Վարդանյանը մոտ 10 տարի աշխատել է և լրացել է պաշտոնավարման ժամկետը։ Բուժաշխատողները մարզպետին մեկ անգամ ևս դիմեցին  հիվանդանոցի ջեռուցման, դիահերձարան ունենալու  խնդիրներով։ Ջեռուցման հարցը կլուծվի, կա կաթսայատուն։ Ինչ վերաբերում է դիահերձարանին, ապա ընթացիկ տարում այն կկառուցվի։

«Դեռ անցած տարի համայնքը դիմել էր մեզ, նաև հողահատկացում էր արվել, նաև կազմել էիք նոր դիահերձարանի նախագիծը, սակայն կան  նոր ստանդարտներ, և առողջապահության նախարարությունը առաջարկել է իրականացնենք նոր ստանդարտներով։ Մեղրիի նոր դիահերձարանը առողջապահության նախարարության այս տարվա բյուջեով նախատեսված է Մեղրին կունենա դիահերձարան և այն կլինի քաղաքից դուրս, բժշկական կենտրոնի տարածքում, այլ ոչ թե բնակավայրի ներսում»։

Սյունիքի մարզպետի համոզմամբ՝ մարդու համար Մեղրիում ապրելու դրական նախապայմաններից մեկն այստեղ որակյալ առողջապահական ծառայություններ ստանալն է։ Ըստ այդմ՝ նա մեղրեցիներին համախմբվելու կոչ արեց, որպեսզի  միասնական ուժերով կարողանան դիմակայել Մեղրիի  բժշկական կենտրոնի առջև ծառացած մարտահրավերներին։

Back to top button