ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 05․02․24

Մայրաքաղաքը բեռնաթափելու և երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նպատակով կկառուցվի Իսակով-Արշակունյաց շրջանցիկ ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախագիծը կյանքի կկոչվի գործադիր-համայնք-Ասիական զարգացման բանկ գործակցությամբ՝ ստորագրված քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր:

Երևանի քաղաքապետարանն առաջիկայում ևս 171 նոր ավտոբուս ձեռք կբերի․ մրցույթն արդեն կայացել է, այժմ ուսումնասիրում են մասնակից ընկերությունների հայտերը։ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստին անդրադարձ է եղել նաև մայրաքաղաքի թեքահարթակներին․ քաղաքային իշխանությունը որոշել է լավարկել դրանց ներկայացվող պահանջները։ Վերջին մեկ շաբաթում փոփոխություններ են եղել նաև Երևանի շտապօգնության ծառայությունում․ այստեղ վստահ են՝ այսուհետև 1-03–ում անպատասխան մնացող զանգեր չեն լինելու։

44-օրյա պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի տարերքը երաժշտությունն էր։ Սիրում էր կատարել հատկապես Կոմիտասի ստեղծագործությունները։ Վերջին անգամ նրա երգերը հնչել են Մեխակավանի (Ջաբրայիլ) եկեղեցում։ Այս տարի նա կդառնար 27 տարեկան։ Գագիկի ծննդյան օրվա առթիվ հարազատ համալսարանի դասախոսներն ու ուսանողները հուշ- երեկո են կազմակերպել։

Արվեստի դպրոցների մանկավարժների և մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կմեկնարկի 2024 թվականի մարտի 15-ից:

Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողներն ու մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներն իրենց ցանկությամբ կարող են հայտեր ներկայացնել և մասնակցել կամավոր ատեստավորմանը։

Գործադիրում արվեց առաջին քայլը Սահմանադրության փոփոխության ուղղությամբ։ Համապատասխան հանձնաժողովը հավաքվել է Արդարադատության նախարարությունում։ Սակայն իշխանության ներկայացրած առաջարկները որոշ դեպքերում սուր արձագանքի են արժանանում, հատկապես, երբ Սահմանադրության փոփոխության պահանջները զուգահեռ գալիս են Բաքվից։ Թեև հայկական կողմը նույնպես սահմանադրական խնդիրներ է տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, հայտնի չէ, թե ինչ կետերի առնչությամբ է Երևանը դժգոհություններ ներկայացնում Բաքվին։ Մինչդեռ Հայաստանի նոր Սահմանադրության դեպքում կառավարության առաջարկները ավելի հստակ են։

Հայաստանը զբոսաշրջային առումով գրավիչ երկիր է այցելուների համար։ Հայաստան այցելածների շարքում առաջատարը ՌԴ քաղաքացիներն են։ Երկրորդ տեղում Վրաստանն է։ Փոխվել է պատկերը երրորդ տեղում գտնվող մասով․ եթե մինչև 2020 թվականը Հայաստան անցելում էին եվրոպական երկրներից, ապա այժմ՝ Իրանից։ Եվրոպական երկրների պասիվությունը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործոններով է պայմանավորված։

Փետրվարին Բրյուսելի Սինեմատեկում կանցկացվի Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը, մասնավորապես համր ֆիլմերին նվիրված ցուցադրություն, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2023 թվականին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների կողմից տարվող բանակցությունների արդյունքում, հայտնում են կինոկենտրոնից։

Սինեմատեկի ղեկավարությունը հիմնական ցուցադրանյութը ընտրել է իր իսկ ֆոնդերում պահպանվող Բեկնազարյանի ֆիլմերից՝ բացառությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից առաջարկված երեք վերականգնված՝ «Տունը հրաբխի վրա», «Երկիր Նաիրի» և «Դուստրը» կինոնկարների։ Ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում:

Նոր Արեշում փլատակներից դուրս է բերվել Գ․ Ե․- ի և Ս․ Հ․-ի դիերը։

Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-ին երաժշտասերներին հրավիրում է Արամ Խաչատրյան ունկնդրելու Գուստավ Մալերի թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Կարդացեք նաև

Back to top button