
Երևանի քաղաքապետարանն առաջիկայում ևս 171 նոր ավտոբուս ձեռք կբերի․ մրցույթն արդեն կայացել է, այժմ ուսումնասիրում են մասնակից ընկերությունների հայտերը։ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստին անդրադարձ է եղել նաև մայրաքաղաքի թեքահարթակներին․ քաղաքային իշխանությունը որոշել է լավարկել դրանց ներկայացվող պահանջները։ Վերջին մեկ շաբաթում փոփոխություններ են եղել նաև Երևանի շտապօգնության ծառայությունում․ այստեղ վստահ են՝ այսուհետև 1-03–ում անպատասխան մնացող զանգեր չեն լինելու։
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքում մունիցիպալ ոստիկանության մոդել կիրառել։ Արդեն իսկ մշակված հայեցակարգի համաձայն նոր ծառայության ներդրումն ընդգրկված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի նախագծում։ Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը մանրամասնում է՝ ծառայության համար նաև նոր լիազորություններ են սահմանվելու։
«Մասնավորապես, առաջարկում ենք ներդնել իրավաբանական և ֆիզիկական պատկանող հողամասերում ինքնակամ շինությունների քանդման, դրանց հետևանքների վերացման ուղղված մեխանիզմեր, տնտեսվարողների որոշակի գործունեության դադարեցման հնարավորություններ և մի շարք այլ կարգավորումներ։ Նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետում կդրվի շրջանառության մեջ, ինչի արդյունքում էապես կբարելավվի այս ոլորտը»,– ասում է Մարգարյանը։
Երևանում մունիցիպալ ոստիկանություն հիմնելը պարեկային ոստիկանության բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է․ ավելի վաղ հայտարարել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Սա սպասվող միակ նորությունը չէ․ հերթական գործակարգավարական նիստում քաղաքապետը հանձնարարում է անհրաժեշտ աշխատանքները սկսել ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր բժշկական կենտրոն նախագծելու ու կառուցելու ուղղությամբ։
«Սա այն կարևոր ծրագրերից մեկն է, որը Երևանի քաղաքապետարանը պարտավոր է իրականացնել, դետալները մենք արդեն քննարկել ենք ֆինանսական հոսքերը գիտենք, միջազգային ֆինանսական գործընկերների հետ ևս պատկերացնում ենք՝ ինչ պետք է անենք, մնում է միայն կոնկրետ գործողությունների ու կոնկրետ բանակցությունների անցնել»։
Քաղաքապետարանի առողջապահության վարչությունը զբաղվում է Երևանի շտապօգնության ծառայության լավարկմամբ։ Նախորդ շաբաթ քաղաքապետը հանձնարարել էր ուսումնասիրել ու հնարավորինս բացառել, որ քաղաքացիների՝ 1-03-ին կատարված զանգերն անպատասխան մնան։ Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն ասում է՝ միայն հունվարին ծառայությունը շուրջ 95 հազար ահազանգ է ստացել, դրանցից շուրջ 73 հազարին անմիջապես պատասխանել են ու սպասարկել։
«18500–ը չեն կարողացել առաջին անգամից միանալ, այսինքն, այդ պահին բոլոր օպերատորները զբաղված են եղել, սակայն 2-րդ կամ հազվադեպ 3-րդ անգամից միացել են․ դա տևել է վայրկյաններ։ Ընդհանուր առմամբ, 3000 հեռախոսահամար այդպես էլ չի կարողացել միանալ։ Հետզանգի միջոցով դրանցից 2000-ից փորձել ենք ճշտել, և նրանց պատասխանել են, որ այլ հեռախոսահամարով կարողացել են միանալ»։

Վերջին շաբաթվա ընթացքում շտապօգնության ծառայությունն ավելացրել է օպերատորների թիվը ևս մեկով, ինչից հետո անպատասխան մնացած զանգերի թիվը կրկնակի նվազել է։ Այս պահի դրությամբ 1-03–ի հեռախոսազանգերին պատասխանում է 11 օպերատոր․ Դավիթ Կարապետյանն արձանագրում է փետրվարի առաջին 5 օրերի ընթացքում ծառայությունում բաց թողնված զանգեր չեն եղել։
Քաղաքապետարանն առաջիկայում Երևանում 400 նոր թեքահարթակ կկառուցի․ գործընթացն արդեն սկսվել է։ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանն ասում է՝ թեքահարթակներին ներկայացվող նոր պահանջներ են ձևակերպել, հարմարեցրել նաև տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին։
«Ակնկալում եմ, որ հաջորդ գործակարգավարական նիստին նոր թեքահարթակի օրինակը այս էկրանին ցույց ենք տալու, թե ինչ ենք նախնական պատկերացնում, ինչ ենք ունենալու որպես նախագիծ»։
Առաջիկայում քաղաքապետարանը ևս 171 նոր ավտոբուս ձեռք կբերի։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարվեց՝ մրցույթն արդեն կայացել է, այժմ ուսումնասիրվում են մասնակից ընկերությունների հայտերը։




