
Գործադիրում արվեց առաջին քայլը Սահմանադրության փոփոխության ուղղությամբ։ Համապատասխան հանձնաժողովը հավաքվել է Արդարադատության նախարարությունում։ Սակայն իշխանության ներկայացրած առաջարկները որոշ դեպքերում սուր արձագանքի են արժանանում, հատկապես, երբ Սահմանադրության փոփոխության պահանջները զուգահեռ գալիս են Բաքվից։ Թեև հայկական կողմը նույնպես սահմանադրական խնդիրներ է տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, հայտնի չէ, թե ինչ կետերի առնչությամբ է Երևանը դժգոհություններ ներկայացնում Բաքվին։ Մինչդեռ Հայաստանի նոր Սահմանադրության դեպքում կառավարության առաջարկները ավելի հստակ են։
Դեպի նոր Սահմանադրություն առաջին քայլն արվել է։ Արդարադատության նախարարությունում անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատակարգային նիստ։ Փաստացի ստացվում է, որ նույն խորհրդի նախորդ եռամյա աշխատանքը և այդ ընթացքում մշակած փոփոխությունների հայեցակարգը մի կողմ է դրվում, և աշխատանքը սկսվում է նորից՝ նոր զարգացումներին համահունչ նոր Սահմանադրություն մշակելու համար։ Փոփոխությունների համար 2020–ին ձևավորված խորհուրդը, ըստ էության, մնում է նույնը։ Նախարարությունում քննարկել են հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելուն, Խորհրդի նիստերի պարբերականությանը, գործընթացի հանրային հաղորդակցությանը վերաբերող հարցեր:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվում է նոր Սահմանադրություն մշակելու հարցը քննարկել ադրբեջանական պահանջների և Ադրբեջանի նախագահի հայտարարությունների տեսանկյունից․
«Ես Իլհամ Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս։ Մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներով։ Սահմանադրական բարեփոխումներ, սահմանադրական փոփոխություններ պետք է իրականացվեն և իրականացվելու են բացառապես ՀՀ ժողովրդի կամքով։ Նոր սահմանադրության գաղափարը ընդամենը գաղափար է և այս հարցի պատասխանը կարող է տալ միայն ՀՀ քաղաքացին»։
Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նոր Սահմանադրության անհրաժեշտությունը երկու տարբեր տիրույթում է դիտարկում։ Ներքին կառավարման տեսանկյունից նոր Սահմանադրությունը նա անհրաժեշտ է համարում․
«Մեր երկրի Սահմանադրությունը ունի բազմաթիվ թերություններ։ Մեր Սահմանադրության օրոք թույլ է տրվել հեղափոխություն։ Սահմանադրությունը չի կանխարգելել, չի կարգավորել ժողովրդավարական ազատ ընտրություններով իշխանափոխություն։ Անցկացվել են նոր ընտրություններ ու նոր ընտրությունները նույնպես մրցակցային չեն եղել, որովհետև օրենքները հնարավորություն չեն տալիս մրցակցային ազատ, թափանցիկ ընտրություններ անցկացնելու։ Աժ–ն, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը իրար չեն հավասարակշռում և հակակշռում։ Սուպերխորհրդարանական, սովետական պետություն է։ Եթե մնաց հինը, կարճ ասած, նորից հեղափոխություն կլինի, որովհետև ճիշտ այնպես, ինչպես Հանրապետական կուսակցությանը իր դաշնակիցների հետ անհնար էր ընտրությունների միջոցով փոխել, ճիշտ այդպես էլ հաջորդին չի կարելի ընտրությունների միջոցով փոխել, եթե դժգոհ ենք»։
Մինչդեռ պետաիրավական մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հստակեցնում է, որ հենց կառավարման համակարգի հետ խնդիր չեն տեսնում և գործող մոդելի փոփոխություն չեն ենթադրում։ Այլ խնդիր է Սահմանադրության նախաբանը, հղումը Անկախության հռչակագրին և պետության մայր–օրենքում դրված գաղափարական նպատակները։ Իշխանությունը դեռ չի հստակեցնում, թե ինչ փոփոխությունների կենթարկվի հենց այդ գաղափարական հատվածը։
«Նոր Սահմանադրությունը նշանակում է ամբողջական նոր ընթացակարգ, բայց մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք անկախ նրանից, թե ինչ Սահմանադրություն կլինի՝ կլինի դա նոր Սահմանադրություն, կլինի սահմանադրական փոփոխություններ կամ նոր սահմանադրական համատեքստ, կան որոշակի սկզբունքներ, որոնք պահպանվում են ցանկացած Սահմանադրության տեքստում, որովհետև դրանք դիտարկվում են որպես «ցողունային սահմանադրական բջիջներ», առանց որի հնարավոր չէ ապահովել սահմանադրական ամբողջական համակարգի գոյատևումը։ Մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը ՄԱԿ–ի ստեղծումից հետո դիտարկվել են և շարունակելու են դիտարկվել որպես կարևորագույն անկյունաքար միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բնականոն հուն և մենք պետք է շարժվենք այդ ճանապարհով»։
Որպես Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը սուր է արձագանքում Սահմանադրության փոփոխության շուրջ շրջանառվող լուրերին, հատկապես Անկախության հռչակագրից հրաժարվելու տեսանկյունից։ Պնդում է, որ անգամ այդ տարբերակով անվտանգային խնդիրները չեն լուծվելու։ Ուռճացված հակընդեմ առաջարկի միջոցով է պատկերավոր ներկայացնում Հռչակագրից հրաժարվելու գաղափարը։
«Եթե հրաժարվում ենք Հռչակագրից, նաև կարելի է հրաժարվել Մեսրոպ Մաշտոցի հնարած տառերից, ընհդանրապես պետական լեզու չլինի, ով ինչ գիտի, թող այդ լեզվով էլ խոսի։ Դա արդյունավետ կառավարման հույս չի տալիս ինձ։ Արդյունավետ կառավարման ժամանակ անհրաժեշտություն է առաջանում հայ մարդկանց ինքնության պաշտպանությունը։ Այսինքն՝ հայկական պետությունը դա հայ մարդկանց ապահով բնակության տեղ է։ Եթե մենք հանում ենք պատմությունը, ստացվում է, որ մենք պատմություն չունենք, մենք, օրինակ, հայ չենք, ի՞նչ կարիք կա արձանագրել հայ լինելը։ Չէ՞ որ այլ քաղաքացիներ, օրինակ, հնդիկներ կան, եզդիներ կան, ռուսներ կան։ Ինչո՞ւ ենք ասում «հայոց լեզու», «հայերեն լեզվով»։ Կարծում եմ, օրինակ, Սահմանադրությունը կարելի է գրել թուրքերեն լեզվով կամ արաբերեն, պարսկերեն։ Շատ հարմար են չինարենը և հնդկերենը։ 3 միլիարդ մարդ խոսում է չինարեն և հնդիկների ինչ–որ լեզուներով։ Բայց դրանք արդեն հայի համար չեն»։
Անվտանգային սպառնալիքներն Ադրբեջանից, նախկին պատգամավորի համոզմամբ, բավարար չեն գնալու այնպիսի լրջագույն փոփոխությունների, ինչպիսիք առաջարկվում են երկրի մայր–օրենքում և խորհրդանիշներում։ Իշխանությունը մինչդեռ հիշեցնում է՝ ներկայացվողը առայժմ պարզապես գաղափարներ են, մնացածը որոշելու է ժողովուրդը՝ հանրաքվեով։




