
Փետրվարին Բրյուսելի Սինեմատեկում կանցկացվի Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը, մասնավորապես համր ֆիլմերին նվիրված ցուցադրություն, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2023 թվականին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների կողմից տարվող բանակցությունների արդյունքում, հայտնում են կինոկենտրոնից։
Սինեմատեկի ղեկավարությունը հիմնական ցուցադրանյութը ընտրել է իր իսկ ֆոնդերում պահպանվող Բեկնազարյանի ֆիլմերից՝ բացառությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից առաջարկված երեք վերականգնված՝ «Տունը հրաբխի վրա», «Երկիր Նաիրի» և «Դուստրը» կինոնկարների։ Ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում:

Կազմակերպիչները ֆիլմացանկում ներառել են նաև մեկ ֆիլմ՝ «Անարգանքի սյան մոտ» («Հայրասպանը»), որը Համո Բեկնազարյանը նկարահանել է Վրաստանում՝ 1923 թվականին։ Եվ հենց այդ ֆիլմով էլ փետրվարի 1-ին տրվել է Համո Բեկնազարյանի կինոնկարների ցուցադրության մեկնարկը։
2023 թվականին Հայ կինոն դարձավ 100 տարեկան։ Այն ամբողջապես նվիրվեց Հայ կինոյի նորովի ուսումնասիրությանն ու հանրայնացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Տարվա ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ ու կարևոր միջոցառումներ՝ ցուցադրություններից մինչև գիտաժողովներ, քննարկումներից մինչև հայկական ֆիլմերի վերականգնման լուրջ նախաձեռնություններ։ Դրանց մի մասը տեղ են գտել 2024 թվականի տեղական և միջազգային ծրագրերում։




