1915 թվականի Ցեղասպանության ժամանակ Վանից շատերը եկան և բնակություն հաստատեցին Երևանում։ Նրանցից էին Ջրբաշյանները, որոնք Վանի Այգեստաններում ապրում էին մի հողակտորի վրա, որտեղ գտնվում էր ջրի հանրային աղբյուրը, այդտեղից էլ ջուրը բաժանվում էր հանրությանը։ Հավանաբար «ջուրը բաշխել» իմաստից էլ ծագել էր Ջրբախշյան ազգանունը, որը հետագայում կորցրել էր խ-ն և պահպանվել էր Ջրբաշյան՝ ավելի հնչեղ տարբերակը։
Եվ այսպես, Մկրտիչ Ջրբաշյանը Վանում զբաղվում էր հաշվապահական աշխատանքներով և նաև կազմակերպում էր առևտրականների ուղևորությունները տարբեր երկրներ։ Այս բանիմաց մարդը նաև տիրապետում էր ֆրանսերենին, որի մասին ընտանիքում չգիտեին։ Դա պարզվեց այն ժամանակ, երբ անհրաժեշտ եղավ որդու համար թարգմանել մի հատված մասնագիտական գրականությունից։ Ընտանիքն ապշել էր և հիացել։
Մկրտիչը Երևանում հաստատվում է Կոնդում՝ հողակերտ, բարձր առաստաղներով, մի քանի սենյակներով մեծ տան մեջ, որը մինչ օրս հին Երևանից պահպանված գեղեցիկ պատշգամբներով կոլորիտային մի անկյուն է։ Այս տանն ապրել են դեռևս 19-րդ դարի սկզբներին Հայաստան եկած թուրքեր կամ պարսիկներ, քանի որ պահպանվել են արևելյան նախշազարդերով զգեստապահարան և զարդահայելի։ Վանից Մկրտիչն ու կինը՝ Աշխենը, իրենց հետ բերել էին պղնձե սափորներ, որոնք այսօր այս տան մի անկյունում ապրում են իրենց Վանի կարոտով, առեղծվածային հուշերով և իհարկե այս տան բնակիչների՝ 100-ամյա անչափ հետաքրքիր, գնահատելի և հուզիչ պատմություններով։
Այդ պատմությունները հետագայում գրառել է Էդուարդ Ջրբաշյանը։ Դրանք, ինչպես ինքն է գրում, կարող էին ունենալ պատմահոգեբանական որոշ արժեք։ Գրառումներից մեկը կապված է կուլակաթափման տխրահռչակ քաղաքականության հետ, երբ դուռը ծեծեցին անծանոթ մարդիկ, մտան տուն և Մկրտիչին ստիպեցին իրենց հանձնել իր ունեցած ոսկիները։ Մկրտիչը հրաժարվել էր կատարել նրանց պահանջը և նրան տարել էին Չեկայի բանտ։ Ընտանիքի ապրուստի միջոցը 2 կովն էր և գնալուց առաջ Մկրտիչը տխուր հայացքով նայել էր տնեցիներին և ասել. «Եթե շատ նեղն ընկնեք, մեկը ծախեք, այդ փողով ապրեք, մինչև կգամ»։
Եվ ահա երկու ամիս հետո, Աշխենի հիվանդության լուրը ստանալով, Չեկայի աշխատակցի ուղեկցմամբ Մկրտիչին բերել էին տուն, նաև խոստացել նրան ազատ արձակել՝ փոխարենը պահանջելով ոսկիները։ Մկրտիչը համաձայնել էր և նրանց տվել էր տանը մնացած մի քանի տասնյակ ոսկիները։ Մկրտիչը թեև կալանքից ազատվեց, բայց զրկվեց որևէ պետական հիմնարկում աշխատելու իրավունքից։
Այդ դաժան տարիներն իրենց ազդեցությունն ունեցան Մկրտիչի ավագ որդու՝ Մխիթարի ուսումնառության տարիների վրա։ Նրան հեռացրին դպրոցից՝ որպես «Ձայնազուրկի որդի» և նա ստիպված եղավ ուսումը շարունակել Թիֆլիսում։ Նա Երևանի պետական համալսարան ընդունվեց, երբ ծնողները վերջապես ազատագրվել էին այդ ստորացուցիչ խարանից։
Այս դաժան տարիներն իրենց ազդեցությունն ունեցան նաև Էդուարդի վրա։ Նրան էլ մեղադրեցին ինչ-ինչ կեղծ գործերով. ասում էին, թե դրդել է ընկերոջը, որ Ստալինի մահվան կապակցությամբ ուրախ բացականչություններ անի։ Սակայն ճշմարտությունը բացահայտվեց և Էդուարդին չհեռացրին դպրոցից։
Մկրտիչն անչափ խստապահանջ հայր էր՝ ասում են ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի որդին՝մաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արմեն Ջրբաշյանը և Էդուարդ Ջրբաշյանի դուստրը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխեն Ջրբաշյանը։
Չնայած այս ամենին, տղաները փայլում էին իրենց առաջադիմությամբ։ Մխիթարին հետաքրքրում էր մաթեմատիկան, իսկ Էդուարդին ավելի շատ գրականությունը, և նա հաճախ էր զրուցում մոր հետ, որը հիանալի արտասանում էր պոեմներ, բանաստեղծություններ ու որդու մեջ էլ այս գրքասեր կինը սեր էր արթնացնում դեպի գրականությունը։
Դպրոցն ավարտելուց հետո Էդուարդը ընդունվեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Նրան դասավանդում էին այնպիսի մեծահամբավ գրականագետներ ու լեզվաբաններ, ինչպիսիք էին Գրիգոր Ղափանցյանը, Արսեն Տերտերյանը։ Առաջին իսկ հանձնարարականներից նրանք կանխատեսել էին այս շնորհալի ուսանողի ապագան։
Եվ ահա ծնվեց մի աշխատություն, որն արդեն իսկ խոսեց այն մասին, որ ասպարեզ է իջնում մի գրականագետ, որը պիտի կարողանար հաղթահարել 20-րդ դարի գռեհիկ մատերիալիզմի տարրերը, պիտի կարողանար ուսումնասիրել համաշխարհային արվեստի և փիլիսոփայության հիմնական սկզբունքները, պիտի կարողանար տալ իսկական գրականության հիմնական պատկերը և հիմներ «Գրականության տեսության» առաջին դասագիրքը հայ գրականագիտության պատմության մեջ։ Գրականագետը դարձավ առաջատարներից։ Գրականության ժանրերի, սեռերի, տաղաչափական խնդիրները նրա համար դարձան կարևոր ուսումնասիրությունների առարկա։
Մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի նկատմամբ խորը հարգանք և ակնածանք է ունեցել գրականագետը։ Նա «Դրվագներ իմ կյանքից» գրքում զետեղել է նաև Իսահակյանի նամակն այն մասին, թե ինչպես էր նա խնդրել իրեն, որ օգնի ընդունվել պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ իր բարեկամ մի երիտասարդի, որը գրելու ընդունակոիւթյուն ուներ։ Գրականագետի հետ հետագայում աշխատեց բանաստեղծի թոռը՝գրականագետ Ավիկ Իսահակյանը, որը անմոռաց հիշողություններ ունի իրենց համատեղ աշխատանքից։
Գրականագետը առանձնահատուկ վերաբերմունք ուներ ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործական և մարդկային կերպարի նկատմամբ։ Թումանյանը սրբություն էր նրա համար՝ անջնջելի, վառ իրողություն հայոց երկնակամարում՝ ասում է Աշխեն Ջրբաշյանի ամուսինը՝ գրականագետ, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը։
Աշխենը մեծանում էր այս միջավայրում։ Գրականագետը ուշի-ուշով հետևում էր, թե ով է շարունակելու իրեն։ Որդին՝ Աշոտը, ընտրեց մաթեմատիկոս հորեղբոր ճանապարհը, ավագ դուստրը՝ Անահիտը դարձավ քիմիկոս, իսկ Աշխենի հետաքրքրությունները գրականության նկատմամբ օր-օրի ավելանում էին։ Նրան հետաքրքրում էր հոր կարծիքը այս կամ այն գրողի վերաբերյալ։ Թումանյանի մասին զրույցները այլ գրողների և գրականագետների հետ դեռևս մանկուց շատ հետաքրքիր էին Աշխենին։ Կարծես հենց այս մոտեցումներն ու վերլուծություններն ապագա բանասերի համար դարձան չափազանց կարևոր ու որոշիչ՝ սեփական հայացքների ձևավորման առումով։
Շուտով գրականագիտության տեսության շատ խնդիրներ հայտնվեցին նաև Աշխեն Ջրբաշյանի ուսումնասիրության շրջանակներում, և նա կարողացավ գրականագիտական նոր տեսությունների հետ ծանոթացնել մասնագետներին։
Ակադեմիկոսի դուստրը կարողացավ շարունակել հոր գործը և մի շարք գիտական ուսումնասիրությունների հեղինակ դառնալ։ Նա հանդես եկավ այնպիսի աշխատություններով, ինչպիսիք են «Հայկական կլասիցիզմի ժանրային համակարգը» «Գրական ժանրերի և սեռերի տարբերակման խնդիրները», «Տաղաչափության հարցեր» և այլն։
Երեխաներին ընթերցասիրությամբ ու աշխատասիրությամբ դաստիարակելը, հարգանքն ու պատասխանատվությունը հայրենիքի նկատմամբ, մարդկանց նկատմամբ արդարամիտ վարվեցողությունն ու նրանց օգնելու հանգամանքը առաջնային էր այս գերդաստանում։
Ովքեր հյուրընկալվում են հարյուր տարերկան այս տանը, մինչ այսօր զգում են ասես ոչ միայն գրականության ու արվեստի, այլ նաև Վանի այգեստանների բույրը՝ շնորհիվ Վանի անզուգական խոհանոցի։
Եվ հյուրերի համար այստեղ հետաքրքիր են ոչ միայն զրույցները, այլև հյուրասիրությունը։
Ջրբաշյան գերդաստանի ներդրումը և՛ մաթեմատիկայի, և՛ գրականագիտության ոլորտում մեծ է և հիշարժան։
Շատ ու շատ գրողներ, գրականագետներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ են սովորել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, շատերիս է դասավանդել մեծ գիտնականը, մեզանից յուրաքանչյուրը համալսարանի հին շենքն այցելելիս կարոտով ու հուզականությամբ վերապրում է համալսարանական կրքոտ վեճերը, անընդհատ աղմուկն ու շարժումը, թրթիռը ջահել օրերի, ինչպես հենց ինքը՝ Էդուարդ Ջրբաշյանը, երբ կյանքի վերջին տարիներին նույն կերպ համալսարան էր այցելել կնոջ՝ Լիգիայի հետ, որն իր համակուրսեցին էր ու հանձնվել էր կյանքի վաղ տարիների հուշերին և գրել մի բանաստեղծություն, որից մի քառատող ներկայացնում ենք ստորև.
Եվ պատրանաթափ անցած հուշերից,
Հայացքս տխուր ներկայից շրջած,
Ես փայփայում եմ, երազ մի ուրիշ,
Որ ապագան է բերելու ընծա։
Տեսնում եմ ահա լուսահորդ մի օր,
Երբ որ կբացվեն այս դռները փակ,
Եվ պատանեկան շունչը թևավոր
Կճախրի այս հին կամարների տակ։