
Գեղանկարիչ Սամվել Թավադյանը 2023 թվականի սեպտեմբերյան բռնագաղթից հետո ոչ նկարում է, ոչ երաժշտություն լսում։ Եթե 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր` պատերազմից պատերազմ միջանկյալ լռությունն ուղեկցվել է ստեղծագործական աշխատանքով, ապա 2023- ի սեպտեմբերից հետո շարունակվում է միայն գեղանկարչի լռությունը։ Այն մենք պայմանականորեն անվանում ենք ստեղծագործական դադար, որին գուցե հաջորդի ծաղկուն մի շրջան, ստեղծվեն բարձրորակ կտավներ` խտացված ասելիքով։
Շուշիում, Ստեփանակերտում, Հայաստանում, արտասահմանյան մի շարք երկրներում Սամվել Թավադյանը քանիցս կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել համատեղ ցուցադրությունների և միջազգային սիմպոզիումների։ Ափսոսում է Շուշիում մնացած գործերի համար։ Դրանք մոտ 200-ն էին։ Իր գործերից չի առանձնացնում որևէ մեկը։ Մեր զրույցում գեղանկարիչն ասում է` բոլորի մեջ հոգի եմ դրել, բոլորի համար սիրտս մղկտում է, բոլորին սիրում եմ, քանզի ես եմ նրանց կյանք պարգևել։




